Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռում գտնվող 71 անձինք զոհվել են, նրանց թվում կա 2 հայ (թարմացված)

22.38
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ան-148 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: Զոհվածների հոգեհանգստի արարողությունները կանցկացվեն Օրսկի թեմի բոլոր եկեղեցիներում 40 օրվա ընթացքում:
20.01 
РИА Новости-ին հայտնում է, որ Օրենբուրգի մարզի իշխանությունների հաղորդմամբ՝ զոհվածներ ուղևորների թվում 3 երեխա կա: Նրանցից ավագը 17 տարեկան էր, երկրորդը՝ 13, մյուսը՝ 5: Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել՝ ավիավթարի զոհերի հիշատակին:
20.00 
ՌԴ ԱԻՆ Մերձմոսկվայի հարցերով գլխավոր վարչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագրիչներից մեկը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 

ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ուղղաթիռի կամ այլ օդանավի մնացորդներ չեն հայտնաբերվել, որը կարող էր բախվել կործանված ինքնաթիռին:

Նշենք, որ ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:
ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը արտակարգ ռեժիմ է սահմանել բոլոր ծառայությունների համար, որոնք ներգրավված են ԱՆ-148-ի կործանման հետևանքները վերացնելու աշխատանքներում:

19.46
ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Սևոյան Վարսիկ:

18.44 
Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը: 
Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:
Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ավիավթարի առնչությամբ: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը:

17.57 
Mash-ը գրում է, որ ականատեսներն ինքնաթիռի անկումից առաջ տեսել են՝ ինչպես է ինքնաթիռի թևի տակ ինչ-որ բան պայթել ու բռնկվել: 

Սակայն, ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ երկինքն ամբողջությամբ ծածկված էր ամպերով 800 մետր բարձրության վրա, և անհասկանալի է, թե այդ պայմաններում ինչպես կարելի էր տեսնել պայթյունը:

17.54 
Интерфакс-ի հետ զրույցում Почта России պետական ընկերության ներկայացուցիչը կրկին ասել է, որ ընկերությունն ուղղաթիռներ չունի, այլ ընդամենը երկու «Տու-204» ինքնաթիռ: Ահա թե ինչու, նրա խոսքով, Почта России-ն կապ չունի աղետի հետ:

17.52
Почта России պետական ընկերությունը հայտնել է, որ իրենց ուղղաթիռի հետ բախում չի եղել: «Մենք ուղղաթիռներ չունենք: Չգիտեմ՝ ընդհանրապես որտեղից է նման տեղեկություն վերցվում», — РЕН ТВ հեռուստաալիքին ասել է ընկերության ներկայացուցիչը: 

Meduza.io-ն պնդում է, որ Почта России-ն, համենայն դեպս, ինքնաթիռներ ունի, սակայն բախման վարկածը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

17.48
Սարատովում օպերատիվ շտաբ է ստեղծվել աջակցության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան հրահանգը տվել է Սարատովի շրջանի նահանգապետ Վալերի Ռադաևը:
Կործանված ինքնաթիռը թռիչքից առաջ

17.45
Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը մեկնել է Օրսկ՝ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային շտաբը գլխավորելու համար: Տեղում խորհրդակցություն կանցկացվի, ինչպես նաև ուղիղ կապ կհաստատվի Մոսկվայի հետ:

17.43
Դեպքի վայր է մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոստացել է արտակարգ իրավիճակների ծառայություններին տրամադրել անհրաժեշտ օգնությունը:

17.40
Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը. 

Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար

Սերգեյ Ղամբարյան՝ երկրորդ օդաչու

Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի

Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի

Օլեգ Սերգեև՝ տեխնիկ

Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ

17։29
Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել մահացածների բարեկամներին ու հարազատներին և հրահանգել հատուկ հանձնաժողով ստեղծել ավիավթարի պատճառները քննելու համար:

17.27
Lenta.ru-ի աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռին: 

Ըստ РИА Новости–ի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարների յոթ բրիգադ:

Աղետն ուղիղ եթերում լուսաբանում են Россия 24 և Москва 24 հեռուստաալիքները:

17։24
Интерфакс–ը տեղեկացնում է, որ նախնական տվյալների համաձայն՝ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռի հետ:

17.20
Саратовские авиалинии ավիաընկերությունը դեռ այլ տեղեկություններ չի հաղորդում տեղի ունեցածի վերաբերյալ, բացի նրանից, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Ուղևորների ցուցակ դեռևս չկա:

Интерфакс–ը տեղեկացնում է, որ վեր բարձրանալու պահին ինքնաթիռը կարող էր բախվել փոստային ուղղաթիռի հետ:

17.16
ТАСС-ի՝ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները հաստատել են, որ ինքնաթիռի կործանումից հետո ոչ ոք ողջ չի մնացել:

Интерфакс–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են մեծ թվով դիեր:

Ռադարներից անհետանալուց անմիջապես առաջ ինքնաթիռը մեկ րոպեում 1.900 մետրից իջել է մինչև 975 մետր:

17։13
Интерфакс-ի աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննության ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի հնարավոր անսարքությունների, այդ թվում՝ շարժիչի կամ ինքնաթիռի թևի հատվածում: Անսարքությունների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա: «Սև արկղերը» դեռ չեն հայտնաբերվել:

17.06
Համացանցում հրապարակվել է առաջին տեսանյութը դեպքի ինքնաթիվի կործանման վայրից: Ինքնաթիռի բեկորներն ընկած են բաց դաշտում, դրանք արդեն սկսել են ծածկվել ձյունով: Հրդեհի հետքեր չկան: 

Ինչպես Россия 24 հեռուստաալիքի եթերում նշել է ՌԴ ԱԻՆ-ը, ինքնաթիռն ընկել է ոչ թե Արգունովո, այլ Ստեպանովսկոե գյուղի մոտակայքում:

16.58
ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ դիտարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ անբարենպաստ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:

16.54
Ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Փրկարարները չեն կարող ավտոմեքենաներով հասնել ինքնաթիռին և գնում են ոտքով:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է տեղի ունեցածի առթիվ օդային տրանսպորտի օգտագործման կանոնների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվելու մասին: ՌԴ ՔԿ-ն և Օրենբուրգի մարզի նահանգապետ Սերգեյ Շերմեցինսկին հաստատել են, որ ինքնաթիռում եղել է ավելի քան 60 մարդ: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է մեկ երեխա:

16.47
РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռի կործանման վայրում 2 դի է հայտնաբերվել: Վթարի վայրում  եղանակային պայմաններ անբարենպաստ են. տեղում է ձյուն, օդի ջերմաստիճանը մոտ -5 աստիճան Ցելսիուս է:

16.44
Интерфакс-ի աղբյուրը կրկնել է Mash-ի վարկածն այն մասին, որ կործանված ինքնաթիռը բեռնատար էր, ոչ թե ուղևորատար: Саратовские авиалинии ավիաընկերությունը դեռ չի պարզաբանել՝ քանի մարդ է եղել ինքնաթիռում:

16.40

РИА Новости-ն նշում է, որ ինքնաթիռի կործանվելու մասին տեղեկություններ հաղորդել են ականատեսները: Ինքնաթիռը կորել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց երկու րոպե անց: Ավելի ուշ աղբյուրը նշել է, որ ընկած ինքնաթիռը հայտնաբերվել է: «Ընկած է Ռամենսկի շրջանում, փրկարարները դեռ չեն հասել ինքնաթիռին», — ասել է աղբյուրը: 

Ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 14:26-ից «Ան-148»-ի արագությունը սկսել է կտրուկ կերպով նվազել:

16.35
Այս պահին հայտնի չէ, թե արդյոք ինքնաթիռում եղել են հայեր կամ ՀՀ քաղաքացիներ, ՀՀ արտգործնախարարությունը ճշտում է տեղեկությունը։  

«Մոսկվայի ինքնաթիռի հետ կապված դեռ տեղեկություն չունենք, ճշտում ենք»,-Tеrt.am-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Ինչպես հաղորդում են ТАСС-ի և Интерфакс-ի աղբյուրները, ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Ան-148» ինքնաթիռում գտնվում է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ:
Նշվում է, որ փրկարարները ստուգում են ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկությունները:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայր է ընկել Արգունովո գյուղի մոտակայքում:
«Անձնակազմի անդամները և ուղևորները փրկվելու հնարավորություն չեն ունեցել», — Интерфакс-ին ասել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

Աղբյուրը՝ Tert.am :

Input your search keywords and press Enter.