Իսրայելի և Իրանի միջև կարող է պատերազմ բռնկվել Կարո՞ղ է արդյոք դիվանագիտությունը լռեցնել կրակոցները։

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների լարման և սպասվող պատերազմի շուրջ։
«Այն բանից հետո, երբ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցեցին Իսրայելի օդուժի F-16 կործանիչը, իրավիճակը ոչ միայն Իսրայելի և Սիրիայի միջև, այլև ողջ Մերձավոր Արևելքում հերթական անգամ կտրուկ լարվեց։ Իսրայելը հայտարարեց, որ ինքնաթիռը հարվածներ էր հասցնում Սիրիայի տարածքում այն բանից հետո, երբ  «իրանական անօդաչու թռչող սարքը թռել է Իսրայելի տարածքով և դրանից հետո միայն խոցվել: Բայց խնդրի սյուժետային կողմը, որը կիրառվել է Իսրայելի կողմից Սիրիայում որոշ թիրախների հարվածելու համար, այժմ չունի սկզբունքային նշանակություն։

Ավելի վաղ, DW-ի տվյալներով, Իսրայելը տասնյակ անգամներ ձեռնարկել է նման գործողություններ՝ արտահայտելով Սիրիայում Իրանի ակտիվության շուրջ իր մտահոգությունը, ինչպես նաև իր՝ Լիբանանի հետ սահմանին «Հեզբոլլահի» գործուենությամբ։ Սա առաջին դեպքն է, որ Սիրիայում խոցվել է իսրայելական կործանիչ։


Միջադեպը տեղի ունեցավ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից և բանակցություններից օրեր անց։ Ռուս-իսրայելական երկխոսությունը տպավորություն էր թողնում, որ երկու երկրների միջև կարող են ի հայտ գալ հատուկ պայմանավորվածություններ, որոնք թույլ կտային Իսրայելին Սիրիայում ժամանակ առ ժամանակ որոշ օբյեկտների վրա հարվածներ հասցնել, չնայած որ Մոսկվան կոչ էր անում Իսրայելին հարգել երկրի ինքնիշխանությունը։ Բացի այդ՝ մոսկովյան դիվանագիտական շրջանակները լուրեր էին տարածում այն մասին, որ Մոսկվան փորձում է Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդ հանդիսանալ։ Այժմ շատ բան փոխվում է։  

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հայտարարեց, որ անհանգստացած է «Սիրիայի ներսում ռազմական էսկալացիաների և պետության սահմաններից դուրս հակամարտության վտանգավոր տարածմամբ»։ Իր հերթին գերմանական Die Welt պարբերականը հաստատում է, որ «Իսրայելը հաջորդ պատերազմի շեմին է», որը կարող է ներգրավել նաև Լիբանանը։ Հենց այդ սցենարից է խուսափում միջազգային ճգնաժամային խումբը, որը ուրվագծում է Մերձավոր Արևելքում «Իսրայելի, «Հեզոլլահի» և Իրանի միջև» նոր ռազմական հակամարտության աշխարհագրությունը։

Մեծ հաշվով, գրեթե անհնար է պատկերացնել, որ Դամասկոսը, որն առանց այն էլ բազմաթիվ ներքին խնդիրներ ունի, ձգտի նոր ճակատում կռվել արդեն իսրայելի հետ։ Օբյեկտիվորեն Իրանին ևս ձեռնտու չէ Իսրայելի հետ պատերազմելը, բայց ինչպես գրում է գերմանական Die Zeit պարբերականը, «նրա տարածաշրջանային քաղաքականությունը և մասնավորապես Լիբանանում «Հեզբոլլահին» աջակցելը, Իսրայելի կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք»։ Մյուս կողմից, ակնհայտ է նաև այն, որ ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիան, որը գլխավորում էր ԱՄՆ-ը, հին և նոր ճակատներում սկսել է կազմալուծվել և ետին պլան են մղվում նախկին ռազմավարական հետաքրքրությունները։ Այդ պատճառով Իրանը Իսրայելի գործողությունները որակում է որպես Սիրիայում որոշակի էտապում  սիրիական «թխվածքի բաժանման» մասնակցություն և զգուշորեն է վերաբերվում Սիրիայի հյուսիսում թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը։ Դրա հետ մեկտեղ Իսրայելի զինվորականները բացեիբաց հայտարարում են, որ Սիրիայի մասնատումը համարում են «միակ հնարավոր լուծումը», և որ չեն հավատում, որ «Սիրիայի 12% ալևիները այլևս կկարողանան ղեկավարել սուննիներին»։


Եվ սրա հետ մեկտեղ պահպանվում է  ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի առճակատման վտանգը, ովքեր աջակցում են Սիրիայի քրդերին։ Թուրքիայի վարչապետի տեղակալ Բեքիր Բոզդագը հայտարարել է․ «Անկարան չի ցանկանում Սիրիայի հարցով բանակցել Վաշինգտոնի հետ»։ Այն ժամանակ, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ «Իսրայելը ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է, և որ ԱՄՆ աջակցում է Իրանի կողմից աջակցություն ստացող սիրիական զորքերից և անկանոն կազմավորումներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը Սիրիայի հարավում»։ Մյուս կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն էր ճանաչել, կասկածի տակ է դրել Իսրայելի ղեկավարության մտադրությունները պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման հասնելու գործում։ Նրա խոսքով՝ «մեզ մնում է միայն հետևել, թե ինչ է կատարվում»։

Ամեն ինչ խառնվել է։

Կրեմլը չի ցանկանում դառնալ Սիրիայի, Իրանի և Իսրայելի միջև սպասվող հակամարտության մասնակից։ Բայց Կրեմլը նախ և առաջ պետք է համոզի Իսրայելին, որ Իրանի միջուկային ծրագիրը Իսրայելին չի սպառնում։

Իրականում հնարավոր էր հասնել ընդունելի պայմանավորվածությունների նաև Լիբանանում «Հոզբոլլահի» քաղաքականության վերաբերյալ, որպեսզի Իսրայելի վրայից հանվեր այդ կողմից գոյություն ունեցող վտանգը։ Կարելի է նաև գալ այն եզրահանգման, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետին առաջարկում է տարածաշրջանում գործելու իր սցենարը։ Բայց արդյո՞ք պատրաստ է Իսրայելը փոխզիջումների գնալ Իրանի միջուկային խնդրի, ինչպես նաև Սիրիայի իրավիճակի հարցով և հեռանկարային դիրքորոշում բռնել պաղեստինյան խնդրի վերաբերյալ։


Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ Պուտինի հետ բանակցություններ է վարել։ «Ես նրան կրկնեցի, որ մենք պարտավորված ենք և սիրիական տարածքների հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունենք,- ասաց նա։ -Մենք համաձայնել ենք, որ մեր զորքերի միջև համակարգումը շարունակվի»։

Եթե այսպես ակտիվ աշխատում է դիվանագիտությունը, նշանակում է Մերձավոր Արևելքում ևս մեկ ռազմական հակամարտություն  կանխելու շանսը դեռ գոյություն ունի։ Գլխավորը կողմերը քաղաքական կամք դրսևորեն։

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2379290.html

Input your search keywords and press Enter.