Միջազգային հանրությունն աչք է փակում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների վրա. Ռուբեն Սաֆրաստյան

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԱրևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը տարածաշրջանային վերջին զարգացումներից դրական ազդակներ է ստացել:

Ակադեմիկոսն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե 2 թեժ կետում՝ Սիրիայում ու Հյուսիսային Կորեայում, ըստ էության, դրական միտում կա, թեև դրական ազդակները դեռևս բավականին թույլ են: Նա նշեց, որ Կորեական թերակղզում 2 Կորեաների միջև փոքր երկխոսություն կա:

«Հարավային Կորեան համաձայվել է 2.5 մլրդից ավելի վճարել Հյուսիսային Կորեային, քանի որ նրանք Ձմեռային օլիմպիական խաղերին լավ արդյունքների են հասել: Կարծես թե նրանք գտնվում են կոնսենսուսի մեջ»,- ասաց նա:

Խոսելով սիրական զարգացումների մասին՝ Սաֆրաստյանն ասաց, թե իրադրությունը շարունակում է մնալ բարդ և դժվար կանխատեսելի: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ վերջին օրերի զարգացումներն այս հարցի հետ կապված   դրական հույսեր են տալիս:

«Նկատվում են կարմիր գծերին հետևելու միտումներ, այսինքն՝ բոլոր խաղացողները, որոնք ներգրավված են սիրիական գործընթացներում, թեև ունեն մեծ հակասություններ, ժամանակ առ ժամանակ տարբեր մոտեցումներ փոխվում են, միևնույնն է, փորձում են սահմանված կարմիր գծերը չխախտել: Մասնավորապես, իրադարձությունները՝  կապված սիրիական օդանավի անկման հետ, վկայում են այն մասին, որ հնարավոր եղավ իրադրութունը կանգնեցել, սեղմել»,- նշեց ակադեմիկոսը:
Թուրքագետի գնահատմամբ՝  սիրիական հարցով հիմնական խաղացողները փորձում են լուծումեր գտնել: Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը:

«ԱՄՆ-ը հիմա հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել: Ամերիկացիները պաշտպանեցին միասնական Սիրիայի գաղափարը՝ հերքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Սիրիան մասնատելու ծրագիր ունի: Կարող է և ունեն, սակայն այս պահին փորձում են նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Վերջինս նկատեց, որ հայտնի է դարձել այն հանգամանքը, որ Չինաստանը համաձայնվել է 2 մլրդ ներդրում կատարել Սիրիայում, սրան գումարած՝ արդեն իսկ պայմանավորվածություններ կան, որ Հնդկաստանն ու ՌԴ-ը խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացնելու Սիրիայում: Սաֆրաստյանը, այս փաստերից ելնելով, ենթադրում է, որ երևում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը:
«Հույս ունեմ՝ հնարավոր կլինի այս տեսլականն իրագործել, թեպետ դժվարություններ  կլինեն»:

Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց նաև, որ սիրիական հակամարտության մեջ կա մի երկիր, որ արտաքուստ աջակցում է հակամարտության կարգավորմանը, իսկ իրականում  օկուպացրել է սիրական տարածքները: Նա շեշտեց, որ իր ասած երկիրը Թուրքիան է, և ցավով խոստովանեց, որ աշխարհն աչքերը փակում է թուրքական գործողությունների վրա:

«Թուրքիան ագրեսոր է համարվում. փաստ է նաև այն, որ բոլոր երկրները համակերպվել են այդ մտքի հետ: Մենք այսօր չենք տեսնում, որ թուրքական ագրեսիան դատապարտող հայտարարություններ կան խոշոր պետությունների կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից և այլ: Վատն այն է, որ սպանվում է խաղաղ բնակչությունը, ու բավական մեծ  թվով զոհեր կան: Թուրքական իշխանությունները ոչ միայն ագրեսիվ արտաքին քաղաքականություն են վարում, այլև երկրի ներսում ուժեղացնում են ճնշումները քրդերի նկատմամբ: Միայն վերջին ռազմական գործողությունների  ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ քրդամետ կուսակցությունների որոշ անդամներ փախուստի մեջ են:

Փորձագետի համար դեռևս տեսանելի չէ, թե այս գործողություններում Թուրքիայի «կարմիր գիծը» որտեղ է: Նա շեշտեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի է ստեղծելու թուրք-սիրական սահմանին:

«Թուրքական ծրագիրն այն է, որ թուրք-սիրիական ամբողջ սահմանի տարածքով անվտանգության գոտի ստեղծի, որը 30 կմ խորություն կունենա դեպի Սիրիա: Եթե հաշվի առնենք նրանց սահմանի երկարությունը, ապա պարզ է, որ Թուրքիան ցանկանում է բացահայտ օկուպացնել 24 հազար կմ տարածք: Ավելին՝ ասում է, որ  պետք է լինի մեռյալ գոտի, այսինքն՝ բնակչություն պետք է այդ գոտում չլինի: Սա ցեղասպանության կամ էթիկ զտման  հայտարարություն է երկրի ղեկավարների կողմից: Բայց այս հայտարարությունները համարժեք արձագանք միջազգային հանրության կողմից չստացան: Սակայն Թուրքիայի ծրագիրը չի հաջողվի այս պահին իրականացնել, քանի որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ իր ուժերը դուրս չի բերի Մանբիջից»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անի Օհանյան

Input your search keywords and press Enter.