Հայկական ավանդույթներ՝ Տրընդեզ կամ Տյառնընդառաջ

Հայկական ժողովրդական ավանդույթի համաձայն` խարույկ վառելու, շուրջը պտտվելու և վրայից թռչելու արարողությունը կատարվում է նորապսակների ամենասիրված տոնի՝ Տյառնընդառաջի (Տրընդեզի) ժամանակ` փետրվարի 13-ի երեկոյան կամ 14-ի առավոտյան:

Տրընդեզի նշվում էր նախաքրիստոնեական Հայաստանում և նվիրված էր արևի պաշատամունքին՝ խորհրդանշելով գարնան գալուստը։ Տոնի գաղափարն էր ուժեղացնել արևի ջերմությունը՝ կրակի միջոցով կոտրելով ցուրտը։ Իրականում կրակը խորհրդանշում է Վահագնի ծնունդը և նորապսակների կրակի վրայից թռչելու գաղափարն այն էր, որ հետագայում ամուր և առողջ սերունդ տային։ Այս տոնը նվիրված էր հայոց Միհր և Տիր՝ համապատասխանաբար արևի և իմաստության դիցերին։ Միհրի շատ հատկանիշներ հետագայում վերագրվել են Քրիստոսին, և հավանաբար այս տոնը քրիստոնեական եկեղեցու կողմից ընդունելը այդ ամենի հետևանքն է։

Տոնը հատկապես սիրում են երիտասարդները, նորապսակներն ու ընտանիքները, ովքեր հավաքվում են զվարճանալու: Բակերում վառում են խարույկ, շրջան կազմած պտտվում խարույկի շուրջը, այնուհետև թռչում վրայով: Նորապսակները թռչում են կրակի վրայով ձեռք ձեռքի բռնած, իսկ այդ օրը նորապսակ հարսներն իրենց սկեսուրներից ստանում են նվերներ:

Ըստ քրիստոնեական ավանդույթի, եկեղեցական ծիսակարգով փետրվարի 13-ի երեկոյան նորապսակներն ու ընտանիքները եկեղեցուց տուն են տանում վառվող մոմեր: Սա համարվում է քրիստոնեկան տոն նորապսակների և ընտանիքների համար:

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը մեկնաբանում է, որ կրակի վրայով թռչելը նորապսակ երիտասարդների ու ընտանիքների համար ուրախության, զվարթության խորհրդանիշ է և վտանգներից, անհաջողություններից ազատվելու ու երազանքներ պահելու ժողովրդական սնոտիապաշտության հետ կապ չունի: Քանի որ կրոնական ճշմարիտ հավատքը հակասում է սնոտիապաշտություններին:

«Տեառնընդառաջ»-ը գրաբարից թարգմանաբար նշանակում է Տիրոջն ընդառաջ: Սա հիշատակում է քառասնօրյա Հիսուս Քրիստոսի գալուստը տաճար և Սիմեոն ծերունու ընդառաջ գնալը նրան: Սա հորդոր է այսօրվա հավատացյալին` Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո կամքը կատարելու:

Փետրվարի 14-ի առավոտյան Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում կմատուցվի Տյառնընդառաջի սուրբ պատարագ, այնուհետև` նորապսակների օրհնության կարգ:

(http://armenianow.com/arts_and_culture/35560/trndez_armenian_church_holiday)

 

Աղբյուրը՝  tamarnajarian.wordpress.com

Input your search keywords and press Enter.