88-ի շարժում-30. ինչո՞ւ է կեղծում Կոմանդոսը կամ արդյո՞ք Տեր-Պետրոսյանը «հանձնում» էր Ղարաբաղը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Այսօր Շուշիի օպերացիայի ղեկավարներից մեկը` գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարել է, թե զինվորականները կարող էին առաջ գնալ, բայց 1994 թ-ին իշխանությունները պայմանագիր կնքեցին` ուղիղ ակնարկելով, թե մտադրություն է եղել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Նախ` արձանագրենք, որ առնվազն կոռեկտ չէ, երբ բարձրաստիճան զինվորականը քննարկում է քաղաքական ղեկավարության որոշումները: Նման պրակտիկա գոյություն չունի ամբողջ աշխարհում:

Առավել ևս` դատապարտելի է, երբ թեկուզև վաստակաշատ գեներալն արհեստականորեն ուռճացնում է սեփական դերակատարությունը` նսեմացնելով մյուսներին ու փաստորեն խեղաթյուրելով պատմությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ Կոմանդոսը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով` նսեմացնելով իր վաստակը արցախյան պատերազմում և հայտնվելով քաղաքական ինտրիգների կիզակետում:

Տարիներ առաջ Կոմանդոսին փորձեցին ներքաշել Վազգեն Սարգսյանի դեմ ուղղված քարոզչական կամպանիայի մեջ, ինչի հետեւանքով նա արժանացավ համընդհանուր քննադատության: Համոզված ենք` նույնքան սկանդալային և ինտրիգային է գեներալի այսօրվա հայտարարությունը:

Տեր-Թադևոսյանն, ըստ էության, փորձել է զարգացնել այն մտացածին վարկածը, որ զինվորականությունն արցախյան պատերազմում հաղթել է ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկության: 1994-ի զինադադարի մասին Կոմանդոսի ներկայացրած տեսակետը նույնպես` հեռու է իրականությունից, որովհետև արդեն 19-ի սկզբին հակամարտության կողմերը ուժասպառ էին եղել, և Հայաստանի իշխանությունը գտավ ամենապատեհ առիթը` զինադադարը բարենպաստ պայմաններով կնքելու համար:

Մյուս կողմից` ժամանակակից պատերազմները պահանջում են մեծ ռեսուրսներ` մարդկային, տնտեսական, ֆինանսական և պետք է օբյեկտիվ լինել` Կոմանդոսի ասած` «առաջ գնալու» համար Հայաստանը պարզապես չուներ ռեսուրսներ: Ավելի էժանագին է այն պնդումը, թե Տեր-Պետրոսյանը գնացել է զինադադարի` Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու համար: Զինադադարի համաձայնագիրը, ճիշտ հակառակը, այն բացառիկ փաստաթղթերից մեկն է, որտեղ լիարժեքորեն ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը: Եվ առհասարակ` ճիշտ չէ, երբ բարձրաստիճան զինվորականը տարիների հեռվից քարկոծում է գերագույն գլխավոր հրամանատարի, որին պատիվ է արել պատերազմի ամենաթեժ պահերին:

Այս մասին գրում է «1in.am» լրատվական գործակալությունը:

Input your search keywords and press Enter.