74 տարի է անցել…Միսաք Մանուշեան

Արմենակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Նախագահ


Միսաք Մանուշեան

«Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին:

… Հ.Գ.- Ես Պլեզանս փողոցի մեր տան ճամպրուկում ունեմ 15 հագար ֆրանկ, եթե կարող ես վերցնել, վճարիր իմ պարտքերը և մնացածը նվիրիր Հայաստանին»,- մահապատժից առաջ կնոջն ուղղած նամակում գրել է հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշեանը:

1944 թ. հենց այս օրն է գնդակահարվել Մ. Մանուշեանն իր 22 ընկերների հետ:

Միսաք Գևորգի Մանուշեանը ծնվել է 1906 թվականին Արևմտեան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Ա. Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշեանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։

Մանուշեանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15000 օրինակով ագիտացիոն պլակատ է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիացիները։ Այնտեղ գրված է՝ Մանուշեան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։

1943թ. Մանուշեանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշեանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։

Մանուշեանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում,Վալանսեում և Երևանում։

Մանուշեանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին։

1946 թ-ին Փարիզում լույս է տեսել Միսաք Մանուշեանի բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1956 թ-ին վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» խորագրով: Մանուշեանի և նրա մարտական ընկերների մասին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նկարահանել է «Ոճրագործության բանակ» (կինոնկարը, 2009 թ., Մանուշեանի դերում՝ Աբգար Սիմոնյան):

«…Մանուշեանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի, և մենք այդ հերոսների մասին, մեր մեծ բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի արտահայտությամբ, կարող ենք ասել. «Զոհվածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր կռիվներին…»,- ասել է Ֆրանսիայի կոմկուսի առաջնորդ Ժակ Դյուկլոն:

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայի հայ և հրեա համայնքների կողմից` օկուպացված Ֆրանսիայում նացիստական զորքերի դեմ պայքար մղած և վերջիններիս կողմից գնդակահարված Միսաք Մանուշեանի և նրա խմբի 22 անդամներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Այս տարի հարգանքի տուրքն առաջին անգամ մատուցվելու է երկրի բարձրագույն մակարդակով և պետական արարողակարգով: 

«Ֆրանսահայ ժողովուրդը հպարտ է, որ Փարիզյան շրջանի Ինտերնացիոնալ գնդի պարտիզանական ջոկտի հրամանատարն էր Միսակ Մանուշեանը։ Հետևելով իր մեծ նախնիներու հայրենասիրության օրինակին, Մանուշեանը պայքարեցավ հայ ժողովրդի թշնամիներուն դեմ։ Մանուշեանի գնդակահարման առաջին տարելիցին ֆրանսահայությունը և բազմաթիվ օտարազգիներ իրենց հարգանքի ցույցը բերին հայ ժողովրդի զավակ Մանուշեանի գերեզմանին վրա»,- գրել է Մանուշեանի կինը՝ Մելինե Մանուշեանը:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.