Հայոց ցեղասպանությունը՝ բռնագրավված սեփականություն

Բռնագրավված սեփականության հարցին հարկավոր է անդրադառնալ ավելի մանրամասն, քանի որ ցեղասպանության այդ ասպեկտի մասին քչերը գիտեն։ Չէ՞ որ Ցեղասպանության իրականացման կարևոր մասը հայերի գույքի առգրավումն էր։ 1914թ․ հայկական առևտրաարդյունաբերական և ֆինանասական կապիտալը կազմում էր թուրքական տնտեսության ավելի քան մեկ քառորդը։ Օսմանյան կայսրությունում ապրող ավելի քան 2 մլն հայերը տիրապետում էին հսկայական շարժական և անշարժ գույքի, չխոսենք, հայկական կազմակերպությունների մասին՝ սկսած հասարարակականից մինչև կրթական։

Հայերին արտաքսելու մասին հրամաններում հատուկ ուշադրություն էր դարձվում սեփականությանը։ Մասնավորապես արգելվում էր բոլոր տեսակի առք ու վաճառքը։ Հայ բնակչությանը ստիպում էին իրենց սեփականության մասին ցուցակներ կազմել, և դրանք տալ տեղական իշխանություններին, իբր թե վերադառնալուց հետո ամեն ինչ հետ կստանան։ Կանխիկը և ոսկին հանձնարարվեց դնել բանկ։ Բայց արդեն 1915թ․ սեպտեմբերին Օսմանյան կայսրությունը «լքված գույքի մասին» օրենք ընդունեց, որի համաձայն՝ կառավարությունը բռնագրավում էր հայերի ողջ գույքը։

 

Հայերի բանկային հաշիվները և ավանդները

1915թ․ հայերի բոլոր բանկային հաշիվները և ավանդները տեղափոխվեցին հատուկ Կանձապետարանի հաշվի վրա և բռնագրավվեցին։ Ոսկին և թանկարժեք մետաղները անձնական բանկային պահուստարաններից առանձին էին պահվում։ Բռնագրավված ոսկու արտարժույթի ակտիվներով նախատեսվում էր ծածկել բյուջետային դեֆիցիտը և հոգալ ռազմական ծախսերը։ 1916թ․ սկսած, թուրքական կառավարությունը սկսեց կանոնավոր վճարել պետական պարտքը, իսկ պատերազմից հետո նաև փոխհատուցումները։

Բրիտանիայի վարչապետ Ստենլի Բոլդուինը իր հուշերում ասում է, որ 1916թ․ թուրքական կառավարությունը Բեռլինի Reichsbank-ում դրել է 5 մլն ֆունտի ավանդ (այսօրվա հաշվարկներով մոտ 550 մլն դոլար) գանձապետարանի հաշվից, որի վրա գտնվում էին հայկական հաշիվները։

 

Արդյունաբերական և առևտրային օբյեկտներ

Արդյունաբերական և առևտրային օբյեկտները բաժին էին հասնում հիմնականում տեղական իշխանություններին և ուժայիններին։

 

Տները, հողերը և անշարժ գույքը

Հայերին արտաքսելուց հետո տվյալ բնակավայրերում ստեղծվում էին «լքված գույքի» լուծարման հանձնաժողովներ, որի մեջ մտնում էին տեղական կուսակցական ակտիվիստները և ուժայինները, ովքեր որ կազմակերպել էին հայերի գույքի բռնագրավումը։

Գույքի հիմնական մասը սեփականաշնորհվեց հենց հանձնաժողովի անդամների կողմից։ Իսկ թուրքերը մասսայաբար սկսեցին տեղափոխվել հայերի տներ, որոնք բավական հարմարավետ էին։

Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանը գրում է, որ «հայերի ողջ գույքը լիկվիդացվել է, այսպես կոչված, հանձնաժողովների կողմից, ինչը նշանակում է, որ ասենք հայտի տունը, որն արժե 100 ֆունտ, կուսակցական ակտիվիստի կողմից սեփականաշնորհվել է 2 ֆունտով»։

Ինչ վերաբերվում է անձնական անշարժ գույքի բռնագրավմանը, ապա բավական է անձնական գույքի վերադարձման համար Եվրոպական և Ամերիկյան դատարաններ ուղղված հայցերի վերաբերյալ երկու օրինակ բերել՝

-Հողատարածք, որի վրա գտնվում էր ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազան (163 մլն դոլարի հայց)

-Հողատարածք, որի վրա կառուցվել էր Դիարբեքիրի օդանավակայանը։

 

Գյուղատնտեսական սեփականությունը, հողատարածքները, ֆերմաները և կենդանիները

Հողերը և ընտանի կենդանիները հիմնականում տրվում էին Բալկաններից եկած թուրք փախստականներին։ Սրանով զբաղվում էին գերիների և փախստականների հարցով չինովնիկները, ովքեր իրենց աշխատավարձերը ստանում էին հայերի բռնագրավված գույքից։ Ամբողջական հայկական գյուղեր բնակեցվում էին փախստականներով, ովքեր ստանում էին տուն, հող, կենդանիներ, այդ կերպ փոխվում էր երկրի դեմոգրաֆիական դիմագիծը։

Հայկական հասարակական կազմակերպությունների գույքը

Հայկական կազմակերպությունները տիրապտում էին հսկայական քանակությամբ անշարժ և այլ գույքի ողջ երկրի տարածքում, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ և այլն։ Այդ ողջ գույքը բռնագրավվեց։ Էրզրումի ամենամեծ շենքում՝ հայկական Սանասարյան վարժարանի բռնագրավված կառույցում, 1919թ․ Աթաթուրքը կազմակերպեց Էրզրումի կոնգրեսը, որը հիմնաքարային իրադարձություն էր ժամանակակից Թուրքիայի կազմավորման գործում։

 

Եկեղեցական գույքը

Եկեղեցական ողջ գույքը նույնպես բռնագրավվեց։ Միայն Կոնստանդնուպոլսի Պատրիարքարանը 1915թ․ ուներ 2500 եկեղեցի և 450 վանք։ Հայ կաթոլիկ և բողոքական եկեղեցիներն իրենց հերթին տիրապետում էին մի քանի հազար եկեղեցիների։ Եկեղեցիներն ունեին նաև թանկարժեք գույք, ոսկեղեն, դրամական միջոցներ, գանձեր, հողատարածքներ, արդյունաբերական ձեռնարկություններ և այլն։ 1919թ․ Փարիզի վեհաժողովի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական գույքը գնահատվել է ավելի քան 19 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Օրինակ՝ բռնագրավված համալիրը, որը եղել է Կիլիկիայի կաթողիկոսի նստավայրը 1293-1915թթ․, գրավել է Ադանա քաղաքի ողջ կենտրոնական հատվածը։

 

Անձնական գույք

Օրենքի համաձայն, հայերի անձնական գույքը պետք է վաճառվեր աճուրդներում, իսկ եկամուտները պահվեին տեղական իշխանությունների մոտ, քանի դեռ նախկին սեփականատերը չհայտնվեին և չստանային։ Բնականաբար ոչ ոք չվերադարձավ․ արտաքսվածների մեծ մասը սպանվեցին։ Բացի այդ՝ «աճուրդներում» գույքը վաճառվում էր գրոշներով։  

Լուծարային հանձնաժողովների կողմից իրականացվող «աճուրդները» նյութական խթանման մեխանիզմ էին տեղական քաղաքացիական ծառայողների, կուսակցական ակտիվիստների և ավազակային խմբավորումների համար, որոնք հատկապես առանձնացան արտաքսման և սպանությունների ֆոնին։ Հայերի անձնական գույքը՝ կահույք, կահ կարասի գրոշներով բաժանվում էր։ Բայց այդ իրավիճակի ցինիզմը, երբ մարդասպաններին վճարում էին սպանվածի գույքով, այդքանով չէր ավարտվում։ Տրապիզոնում, օրինակ, այդպիսի աճուրդներն իրականացվում էր հայկական բռնագրավված և թալանված եկեղեցիներում։

Այսպիսով, Հայոց ցեղասպանությունը 2 մլն հայերին թալանելու լավ պլանավորված ծրագիր էր․ հավանաբար մարդկության պատմության մեջ ամենամասսայականը։ Կոստանդնուպոլսի Տրիբունալը գրանցել է անձնական հարստացման բազմաթիվ դեպքեր, որոնք հանդիսացել են հայի սպանության առիթ։ Զարմանալի չէ, որ գրանցվել են նաև պարզունակ թալանի դեպքեր։ Ավելի հայտնի է Դիարբեքիրի նահանգապետ  Մեհմետ Ռեշիդի պատմությունը, ում բռնեցին 43 արկղ զարդերով և թանկարժեք մետաղներով լի երկու գանձարանով։  Այս բռնագրավված հայկական գանձերը նահանգապետը պետք է հանձներ կենտրոնական իշխանություններին, բայց հեշտությամբ սեփականաշնորհել էր։ 1919թ․ Տրիբունալի սպառնալիքների տակ Մեհմեդ Ռեշիդը գնդակահարվեց։

Թուրք պատմաբան Ուղուր Ունգյորը, գնահատելով հայերից բռնագրավված առևտրաարդյունաբերական և ֆինանսական ենթակառուցվածքների մասշտաբները, եկավ այն եզրահանգման, որ Աթաթուրքի կողմից թուրքական պետական տնտեսության ստեղծումը հնարավոր չէր լինի առանց հայերի գույքի բռնագրավվման։ Եվ սա զարմանալի չէ, չէ՞ որ հայերին էր պատկանում Թուրքիայի տնտեսության մեկ քառորդ մասը։

Այնպես որ, հայերիից բռնագրրաված գույքի չափերի մասին հնարավոր է միայն կռահել։

Արամ Պետրոսյան

 

Աղբյուրը՝  voskanapat.info

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

http://www.western-armenia.eu/news/Actualite/2016/Les_dettes_de_la_Turquie_en_direction_de_l_Armenie_Occidentale-11.03.2016.pdf

Input your search keywords and press Enter.