Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման շուրջ։

«Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է  Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ գեներալը հայտարարեց, որ «Ադրբեջանի և Հայաստանի զորքերը սահմանային ճակատում կանգնած են իրար դեմ և ցանկացած պահի պատերազմի վերսկսումը բացառված չէ»։ Բացի այդ, Հասանովը հստակեցրեց, որ «բանակցային գործընթացը շարունակում է մնալ անարդյունավետ» և «ղարաբաղյան հակամարտության հանգամանքների հետաքննության փոխարեն, ավելի լավ կլիներ, որ միջազգային կառույցները՝ ներդնելով բոլոր ջանքերը հակամարտության ամբողջական լուծման համար, անդրադառնային դրա առաջացման արմատական պատճառներին»։ Կլաարն իր հերթին նշեց «հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կարևորությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում կայունացում ապահովելու համար» և ընդգծեց, որ «ԵՄ-ն հանդիսանում է բանակցությունների շարունակման կողմնակիցը»։

Հասանովի հայտարարությունը տարօրինակ է հնչում։ Փետրվարի սկզբին նա հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին սահմանագծում ընթացող իրավիճակի վերաբերյալ։ Հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված հերթական դիտարկումը կանցկացվի փետրվարի 21-ին Ղազախի շրջանի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն։ Ավելի վաղ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, ովքեր հանդիպեցին և բանակցություններ անցկացրին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ, ինչպես նաև խորհրդակցություն անցկացրին ԱԳ նախարարների հետ։ Համատեղ հայտարարության մեջ ներկայացուցիչները ընդգծեցին բոլոր պարտականությունների բարեխիղճ կատարման կարևորությունը, որոնք ընդունվել են 2017թ․ հոկտեմբերին Ժնևի գագաթաժողովի ժամանակ և նախորդ գագաթաժողովների ժամանակ ևս (մասնավորապես Սանկտ Պետերբուրգում), որոնք նախատեսում էին կողմերի շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրում և միջազգային դիտորդների ի հայտ գալը։

Այս դրույթների իրականացումը, միանշանակ, նվազեցնում է մարտական գործողությունների սկսման վտանգը, և հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք խնդիրների շուրջ բանակցություններ անցկացնելու համար նախադրյալներ է ստեղծում։ Եվ հանկարծ, արդեն Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «բանակցային գործընթացը նախկինի պես անարդյունավետ է»։ Ինչո՞ւ այդպես։ Ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ ադրբեջանցի զինվորականները, ի տարբերություն դիվանագետների, գնահատում են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև, հատկապես ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի ընդլայնման շուրջ՝ որպես «հայկական կողմի զիջում»։ Բայց ինչպես Մյունխենում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «պատերազմի ժամանակ փլավ չեն հյուրասիրում»։ Սկզբնական փուլում անհրաժեշտ է նվազեցնել հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերասկսման վտանգները, իսկ հետո քննարկումներ անցկացնել  փուլային գործողությունների վերաբերյալ ընդարձակ համաձայնության հասնելու համար։

Նշենք նաև այն, որ Հասանովի հայտարարությունը գրեթե համընկավ ԱՄՆ ազգային հետախույզ Դենիել Կոուտսի զեկույցի հետ, որում ասվում է 2018-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի վերսկսման մասին, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը։ Ղարաբաղին նվիրված հատվածում ասվում է, որ «երկու կողմերի փոխզիջման գնալու մերժումը, կողմնակի ճնշումները, Ադրբեջանի կայուն վերազինումը և Հայաստանի կողմից նոր ռուսական զենքերի ձեռքբերումը 2018-ին կարող են հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների»։ Ավելին․ «Լեռնային Ղարաբաղի տարածքում լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերածվել մասշտաբային հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»։  

Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարեց, որ «բացառված չէ, որ ԱՄՆ ցանկանա տեսնել Ռուսաստանի ուժը Հարավային Կովկասում»։

Բայց ո՞վ է հետաքրքրված ղարաբաղյան հերթական պատերազմի վերսկսմամբ՝ Երևանը, թե՞ Բաքուն։ ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ «Հայաստանն այն կողմն է, որը հետաքրքված չէ ստատուս-քվոյի խախտմամբ», մինչդեռ Ադրբեջանը այն անընդունելի է համարում և հաճախ անցնում ռազմական հռետորաբանության՝ միաժամանակ վարկաբեկելով Մինսկի խմբի աշխատանքը: Բայց, նկատում է Մարկեդոնովը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ ԱՄՆ-ի համար չեն հանդիսանում այս երկուսի միջև դիմակայության հարթակ, ի տարբերություն Հարավային Օսիայի և Դոնբասի։ Հետևաբար Բաքուն չի կարող հույսը դնել գերտերությունների վրա՝ իրավիճակը լարելով։

Այս տեսանկյունից ԵՄ ներկայացուցչի արձագանքը նշանակում էր, որ Եվրոպան կուլ չի գնա Հասանովի սպառնալիքներին։

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2382530.html

Input your search keywords and press Enter.