Ինչո՞ւ է Հայաստան գալիս Միշել Աունը. պատմում է լիբանանցի նախարարը

ՀԱՅԱՍՏԱՆԼիբանանի նախագահ Միշել Աունի այցը նոր խթան կտա հայ–լիբանանյան հարաբերություններին, համոզված է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան է գալիս կոնկրետ առաջարկություններով ու հայ-լիբանանյան հարաբերություններն ամրապնդելու հստակ մտադրությամբ, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Պատվիրակության կազմում են լինելու` կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կաշառակերության դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանում Դաշնակցություն կուսակցության ղեկավար Հակոբ Բագրատունին և ուրիշներ։

«Այցն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի ու Լիբանանի համար։ Կարևոր է այն, որ մեր նախագահը հայ-լիբանանյան հարաբերութունների ամրապնդման կողմնակից է», — ասաց Կիտանյանը։

Երևանում կողմերը կքննարկեն մի շարք հարցեր, որոնք կթարմացնեն ավելի վաղ կնքված պայմանագրերը` համագործակցության բոլոր ուղղություններով։

Դեռևս 2017 թվականին Հայաստանի ու Լիբանանի ռազմական գերատեսչությունների միջև բանակցություններ են սկսվել ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի վերաբերյալ։ Այսօր այն քննարկման փուլում է։ Կիտանյանի կարծիքով` այդ հարցն այցի ընթացքում չի քննարկվելու, քանի որ այդ մակարդակի համաձայնագրերը կարող են կնքել միայն երկու երկրի վարչապետները կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները։

«Համաձայնագրի ստորագրման աշխատանքները շարունակվում են, սակայն այդքանը բավարար չէ, որ մենք այսօր կարողանանք ձևակերպել այդ պայմանագիրը», — ասաց Կիտանյանը։

Լիբանանյան նախարարի խոսքով` փաստաթուղթը կարող է կնքվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի լիբանանյան այցի ընթացքում, որը նախատեսված է առաջիկայում։

«Հայաստանը հետաքրքրում է Լիբանանին ռազմական համագործակցության տեսակետից, այդ առումով դուք ավելի զարգացած տեխնոլոգիաներ ունեք», — ասաց Կիտանյանը։

Նա նշեց, որ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակ կունենան, ինչին կնպաստի նաև 2017 թվականի ապրիլին մեկնարկած Երևան — Բեյրութ — Երևան կանոնավոր չվերթերի մեկնարկը։

Մայիսին նախատեսվում է Լիբանանի պատվիրակության այցը։ Պատվիրակության կազմում կլինեն նաև լրագրողներ, տուրօպերատորներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Լիբանանցիները պատասխան այցով սպասում են հայերին։

Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստում է նաև այն, որ Լիբանանի հայկական համայնքն ամենախոշորներից մեկն է աշխարհում։ Լիբանանում, ըստ տարբեր տվյալների, ապրում է մոտավորապես 200 հազար հայ։ Լիբանանում հայերը կարևոր դերակատարություն ունեն երկրի բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչև մշակույթ։ Լիբանանի գլխավոր ոսկերիչները նույնպես հայեր են։

Մեր հայրենակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում։ Լիբանանի Ազգային ժողովում կա հայկական ծագում ունեցող վեց պատգամավոր, որոնք ընտրվել են համապետական ընտրություններին ընթացքում։

Զբոսաշրջության և կանանց հարցերով նախարարներն են, համապատասխանաբար. Ավետիս Կիտանյանը և Ժան Հովասափյան։

Լիբանանահայերը հիմնականում ապրում են Բեյրութի Բուրջ Համուդ (Bourj Hammoud) թաղամասում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի այդ թաղամասը հիմնել են հայերը, որոնք փրկվել են 1915 թվականի ցեղասպանությունից և ապաստան են գտել Լիբանանում։ Այստեղ են ծնվել աշխարհահռչակ System of A Down խմբի երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը։

Հայաստանի ու Լիբանանի նախագահները վերջին անգամ հանդիպել են 2012 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանի` Բեյրութ կատարած այցի ժամանակ։

Այս մասին գրում է «armeniasputnik.am» լրատվական գործակալությունը:

Input your search keywords and press Enter.