«Պիտի գնանք» երգն աղավաղում են, փոխում են բառերը, քառատողերը. Գուսան Հայկազունը մեկ անգամ ևս կբարձրաձայնի այս մասին, որից հետո դատարան կդիմի

ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Գուսան Հայկազունը Tert.am –ի հետ զրույցում հայտնեց, որ իր «Պիտի գնանք» երգն աղավաղում են երգիչները: Նա մամուլի ասուլիս կհրավիրի և ևս մեկ անգամ այդ մասին կբարձրաձայնի, որից հետո, եթե որևէ մեկը սխալ երգի` դատարան կդիմի:

Նա ասաց, որ երգը գրել է 1989 թվականին, առաջին լուրջ ձայնագրությունը եղել է 2000-ական թվականներին, որից հետո երգիչները սկսել են աղավաղել այն: «Ես համաձայն եմ, որ ամեն երգիչ իր ոճն ունի և նույն երգը տարբեր երգիչների մոտ տարբեր կերպ է ստացվում, բայց ահավոր է, որ գրեթե բոլոր երգիչները բառերը փոխելու սովորություն ունեն»,-ասաց նա:

Գուսան Հայկազունը նշեց, որ բացի այն, որ իր գրեթե բոլոր երգերն աղավաղում են` «Գետաշեն», «Հայեր միացեք», «Հպարտ գնացեք», նույնիսկ վերնագրեր են փոխում, բայց իր համար ամենացավալին «Պիտի գնանք» երգի աղավաղումն է, հեղինակություն ունեցող շատ երգիչներ փոխում են այդ երգի տները, բառերը:

Գուսան Հայկազունն ասաց, որ ինքը ժամանակին դիմել է «Հայ հեղինակ» կազմակերպությանը, որ դատական հայց ներկայացնի, սակայն երգիչները եկել, ներողություն են խնդրել և խոստացել, որ այլևս դա չի կրկնվի, սակայն նորից շարունակում են սխալ երգել: Նա հիշեց, որ վերջերս էլ «Երգ երգոցի» եթերում Գոհար Հովհաննիսյանը սխալ է կատարել երգը:

«Երբ որ մի բառը փոխում են մեկ այլ բառով, ինչ-որ տեղ տանելի է, բայց նրանք ամբողջ տունն են փոխում: Երգը բաղկացած է չորս տնից, բոլոր տներում են փոխում բառերը, իսկ երրորդ տունն ամբողջությամբ են փոխել: Իմ հզոր տունը որտե՞ղ է, ասում եմ` «Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չեմ տեսնում, սրով խլված հողը երբեք տիրոջը չեն նվիրում, ուժն է հարգի, լա´վ իմացեք, թույլ ազգերին չեն ներում, սրով լինի, հրով լինի` պիտի գնանք վաղ, թե ուշ» փոխում են այս կերպ. «Հայ զավակ եմ, հավատում եմ, մեր երկիրը կտեսնեմ, մենք չտեսնենք, մեր թոռները, թոռիս թոռը կտեսնի»: Այլանդակել են տունը»,-ասաց նա:

Գուսան Հայկազունի ձևակերպմամբ` ռեստորանում երգող երգիչներից բոլորին չես կարող հետևել, որ ճիշտ երգեն: «Բայց հեղինակավոր երգիչները, ովքեր ինձ գիտեն, ընկերներ ենք, պետք է հարգեն ինձ, ինձ համար շատ վիրավորական է այդ ամենը: Այդ երգիչներից ոչ մեկն ինձ գումար չի տալիս իմ երգերը կատարելու համար, ոչ էլ ուզում եմ, բայց գոնե ճիշտ կատարեն: Սա պատահական երգ չէ, սա ազգային նպատակների, իղձերի կատարման երգ է, և այն աղավաղելն ինձ համար ցավոտ է»:

Գուսան Հայկազունի խոսքով` երգը փոփոխելը ոչ թե չիմացության, այլ անգրագիտության արդյունք է, քանի որ մտածում են, որ իրենք ավելի խելոք են, քան հեղինակը:

Input your search keywords and press Enter.