Կանադահայ երիտասարդ ջութակահարուհի Նունե Մելիքը համաշխարհային երաժշտության երգացանկ է բերում հայկականը՝ օտարների կարծիքով էկզոտիկ երաժշտությունը

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Մոնրեալ (Նորանոր) _ Դաշնամուրի պարապմունքների հաճախող 4-ամյա Նունեի համար միշտ առավել գրավիչ էր ջութակի երաժշտությունը. Որտեղ ջութակի ձայն էր հնչում, կլանված լսում էր, պատմում է այսօր արդեն հայտնի կանադահայ ջութակահարուհի Նունե Մելիքը: 6 տարեկանից սկսել է հաճախել ջութակի: Կարճ ժամանակ անց Ռուսաստանի Կազան քաղաքում ապրող աղջնակի տաղանդը նկատում են ու խորհուրդ տալիս տեղափոխվել Մոսկվա:

ԴՈՒ ՀԱՅ ԵՍ, ՌՈՒՍ ՉԵՍ
Մինչև 15 տարեկան սովորում է, ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիա, սակայն քաղաքն այդպես էլ հարազատ չի դառնում: Մանկուց Ռուսաստանում ապրող հայուհին չի պատկերացնում իր կյանքն ու գործունեությունն այս երկրում, որոշում է տեղափոխվել Կանադա:

Ապրելու համար դա իմ երկիրը չէր

«Ես շատ եմ սիրում ռուսական արվեստ, բայց այնտեղ միշտ հարց կար, որ դու հայ ես, ռուս չես, ազատություն չկար ինձ համար, ես ընդհանրապես Ռուսաստանում ծնվել, ապրում էի, ռուսական դպրոց էի գնում, բայց երբևէ ինձ լավ չէի զգում, դրա համար որոշեցի, որ եթե չեմ կարող ազատ լինել, ես չեմ կարող նվագել և ապրել այդ երկրում: Չգիտեմ՝ կարիերայի համար ինչպես կլիներ, բայց ապրելու համար դա իմ երկիրը չէր»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Նունե Մելիքը:

Ներկայում նա դոկտորական ատենախոսություն է պաշտպանում Կանադայի ՄակԳիլի համալսարանում, իսկ մինչ այդ նրա անցած երաժշտական ուղին բավական հարուստ է եղել: Որպես մենակատար ու կամերային երաժիշտ՝ հասցրել է ելույթներով հանդես գալ Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում, համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր երաժիշտների հետ, որպես մենակատար հանդես է եկել Սինֆոնիա Տորոնտոյի, Նյու Յորքի նվագախմբի և Մոսկվայի պետական ​​կամերային նվագախմբի հետ:

11 ՋՈՒԹԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նունե Մելիքյանը տարբեր փառատոնների մասնակից է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, դասավանդել է տարբեր համալսարաններում ու արվեստի հաստատություններում: Լավագույն միջոցը, որը նոր ուղի բացեց Նունեի համար նախընտրած բնագավառում, Կանադայում ստացած ջութակն էր, որի մասին առանձին ջերմությամբ է պատմում:

Ես ջութակի խնդիր ունեի, ուզում էի շատ լավ ջութակ ունենալ

«Ամեն 3 տարին մեկ Կանադայում արվեստի մրցույթ է անցկացվում, որի ժամանակ 11 ջութակ են տալիս հաղթողներին: Իսկ ես ջութակի խնդիր ունեի, ուզում էի շատ լավ ջութակ ունենալ, չես կարող 1 մլն-ոց ջութակ ունենալ: Մասնակցեցի մրցույթին: Դու պետք է նվագես, գրես՝ ինչի համար է ջութակը կարևոր քեզ համար, քո կարիերան ինչ ապագա ունի, և ես հաղթեցի. 11 ջութակներից մեկը ինձ բաժին հասավ»,- պատմում է ջութակահարուհին:

Ուզում էի, որ մարդիկ իմանան՝ ես որտեղից եմ, ով եմ, Հայաստանը որտեղ է

Ջութակն իր հետ նոր հաջողություններ է բերում աղջկան, ով հասկանում է, որ այս երկրում աշխատանքի ու ձգտում ունենալու շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: «Սիրում եմ Կանադան. Դու կարող ես ազատ զգալ, անել՝ ինչ ուզում ես, շատ լավ երկիր է: Ես որ եկել եմ այստեղ, մենակ էի, և ուզում էի, որ մարդիկ իմանան՝ ես որտեղից եմ, ով եմ, Հայաստանը որտեղ է: Իմանում են միայն Արամ Խաչատուրյան, և նրանից ոչ մի բան չեն իմանում, դրա համար որոշեցի՝ արի փորձեմ մեր հայկական արվեստին ծանոթացնեմ»,-ասում է երաժիշտը:

Ոչ ոք ու ոչինչ չխանգարեց արվեստագետին զարգացնել իր գաղափարը, իրագործել հայ երաժիշտներին ներկայացնելու մտահղացումը: Եթե աշխատելու ձգտում ունես, երկիրը կարող է քեզ օգնել. Այս համոզմունքին է հանգել բազմաթիվ մրցանակների դափնեկիրը:

CBC ՌԱԴԻՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Այս առավելությունը որոշեց օգտագործել հայկական երաժշտությունը ներկայացնելու համար: Համալսարանում՝ որպես ատենախոսության թեմա՝ Բաբաջանյանի երաժշտությունն է ընտրել. Սա նաև Հայաստան այցելության առիթ է նրա համար: Իսկ որ ավելի կարևոր է, օտարազգի երաժիշտներն ու ընդհանրապես հասարակությունն է ծանոթանում հայ հեղինակավոր կոմպոզիտորներին:

Կինը, որ 40 տարի աշխատում էր այնտեղ, ասաց՝ ինչպե՞ս կարելի է, որ ես երբևէ չեմ լսել այդ երաժշտությունը

«Ես նվագել եմ CBC ռադիոյում հայկական երաժշտություն, և կինը, որ 40 տարի աշխատում էր այնտեղ, ասաց՝ ինչպե՞ս կարելի է, որ ես երբևէ չեմ լսել այդ երաժշտությունը»,-օրինակ է բերում հայ երաժշտությունը տարածող երաժիշտը:

Հայ երաժշտությունը՝ ջութակի միջոցով, իսկ կոմպոզիտորներին դիսերտացիայի ու նրանց մասին հայերեն ու ռուսերեն գրքերի թարգմանության ճանապարհով. Ահա ինչպես է որոշել 5 լեզուների տիրապետող հայ արվեստագետը օտարազգիներին ներկայացնել հայկականը: Չի խնայում իր հնարավորություններն ու ժամանակը, իր ֆինանսական միջոցներով անձամբ համերգներ է կազմակերպել: Պատմում է.

«Ես հասկանում եմ, որ այն տեղերն, ուր կգնանք, մարդիկ երբևէ չեն լսել ադ երաժշտությունը, ստացվում է, որ ներկայացնում եմ առաջին անգամ, մարդիկ սիրում են մեր արվեստը, սիրում են մեր երաժշտությունը»:

ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ԷԿԶՈՏԻԿ
Սա մի աշխատանք է, որը ջութակահարուհին կատարում է իր կամքով ու ցանկությամբ, առանց պարտադրանքի, մի նպատակ է, որի իրագործումն ինչ-որ չափով նաև արվեստի բնագավառում նոր ուղղություն զարգացնելն է. Սրանում երաժիշտը չի կասկածում: Աշխարհահռչակ երաժիշտների այն երգացանկը, որոնցով մշտապես սահմանափակվում են դասական համերգները, պետք է ընդարձակվեն՝ տեղ բացելով, այսպես կոչված, էկզոտիկ արվեստին:

Ոչ, դա էկզոտիկ չէ, դա շատ լավ երաշժշտություն է, բայց մարդիկ չեն իմանում

«Եվրոպայում ու այստեղ այսպես են մտածում՝ ամեն ինչ, որ եվրոպական չէ, էկզոտիկ է, մենք նվագում էինք 150 տարի նույն երաժշտությունը՝ Բախ, Բեթհովեն, նույն մասերը, ես ուզում եմ դա փոխել: Իսկ երբ դու հայկական ես նվագում, դա արդեն էկզոտիկ է, բայց դա չի նշանակում, որ միայն Բաբաջանյան ու Խաչատուրյան նվագես, դա էկզոտիկ կլինի, ոչ, դա էկզոտիկ չէ, դա շատ լավ երաշժշտություն է, բայց մարդիկ չեն իմանում»,-ասում է բազմաթիվ մրցանակների դափնեկիրը:

Մենք սովորեցինք չէ՞, Բրամս ասել, մենք սովորեցի՞նք Բեթհովեն ասել, մենք սովորեցինք Շուբերտ ասել, ինչո՞ւ չսովորեն Բաբաջանյան ասել

Նրան որոշ չափով հաջողվել է ներկայացնել հայկականը, կշարունակի, քանի որ հետաքրքրություն ու սեր է տեսնում դրա նկատմամբ: Պատմում է. «Երբ նվագում եմ Բաբաջանյան, իմ դասատուն ասում է՝ ես քեզ նման չեմ կարող արտասանել Բաբաջանյան, դա շատ դժվար է, բայց մենք սովորեցինք չէ՞, Բրամս ասել, մենք սովորեցի՞նք Բեթհովեն ասել, մենք սովորեցինք Շուբերտ ասել, ինչո՞ւ չսովորեն Բաբաջանյան ասել, ես ուզում եմ դա անել»:

ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ
Մրցանակները, որոնք ստացել է տարիների աշխատանքի ընթացքում, կարևոր է համարում, բայց իր համար առանձնացնում է ամենակարևորը. Իր երկրպագուների ջերմ ու ուրախություն արտահայտող հայացքները:

Եթե ես նվագեմ, ու մարդիկ կիմանան առաջին անգամ իրենց կյանքի մեջ հայկական երաժշտությունը, դա ինձ համար ամենակարևոր քայլը կլինի

«Ամենակարևորն ինձ համար այն է, երբ ես իմ նվագելով ուրախություն եմ պարգևում մարդկանց, եթե ես նվագեմ, ու մարդիկ իմանան առաջին անգամ իրենց կյանքի մեջ հայկական երաժշտությունը, դա ինձ համար ամենակարևոր քայլը կլինի»,-նշում է հաջողության հասած արվեստագետը:

Հայաստան այցելում է, բայց համերգներ չեն լինում. Միայն երեք տարի առաջ է համերգներից մեկին մասնակցել: Ասում է՝ հրավերքներ չեն լինում, թեև դա խնդիր չի համարում: Հայրիկի խորհրդին է հետևում, որ անձամբ պետք է իր համար ուղի հարթի այլոց գործողություններին սպասելու փոխարեն: Ասում է.

«Ես կարող էի գրել ուրիշ կոմպոզիտորների մասին: Ես սա չեմ անում նրա համար, որ ինձ կանչեն համերգի, այլ անում եմ, որովհետև ուզում եմ դա անել և ինձ թվում է, որ ես կարող եմ դա անել: Կարող են չկանչել, դա ինձ համար խնդիր չի»:

Նպատակները շատ են, երազանքը՝ մեկը. Լինել հայ ջութակահարուհի: Սա Նունե Մելիքի կարծիքով ամենաազնիվ ճանապարհն է, ինքնությունը պահպանելով՝ սիրած գործով զբաղվել, այս դեպքում արդյունքները երկար սպասել չեն տա:

Input your search keywords and press Enter.