Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը (ուղիղ)

12.17

Ազգային ժողովի` ՀՀ վարչապետի ընտրության հատուկ նիստին գրանցվեց 91 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաստատեց, որ քվորում կա, և նիստը կարող են սկսել:

Նիստին ներկա է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

ԱԺ նախագահն առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցի սպառումը` մեկը ընդմիջումով:

Արա Բաբլոյանը հիշեցրեց. «Քննարկում ենք վարչապետի ընտրության հարցը»:

Նշենք, որ հատուկ նիստին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ չգրանցվեց:

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ այսօր պատմական օր է:

«Սերժ Սարգսյանի իրականացրած տնտեսական բարեփոխումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կառավարման բարեփոխումները, մասնավորապես` կիսանախագահականից նախագահականին անցնելը»,-ասաց նա:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը անվտանգության երաշխավոր է, ով իր գործունեության հիմքում դրել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդումը:

Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը։ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ երեկ նիստ էր գումարել, որի ընթացքում վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ավելի վաղ` ապրիլի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ էր անցկացրել Ծաղկաձորում, որտեղ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ կուսակցությունը որոշել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է փողոցներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ԱԺ շենքի մոտ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ տեղի ունեցան, ոստիկանությունը ձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 46 հոգի` այդ թվում ոստիկաններ տեղափոխվեցին հիվանդանոց։

Բողոքի ակցիաները շարունակվում են նաև այս պահին, սակայն «Ելք» խմբակցության պատգամավորներից «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են ԱԺ նիստին։

Tert.am

Input your search keywords and press Enter.