Նախագահ Էրդողանի պատասխանը Փաշինյանին. Թուրքիան վախենում է տարածքային հավակնություններից

ԿԱՐԻՆ — Անկախ նրանից, որ Թուրքիայի վերջին հայտարարության մեջ բացակայում էին Արցախի վերաբերյալ զիջումներ անելու պահանջները, այդուհանդերձ պաշտոնական Անկարան չի հրաժարվելու աջակցել Ադրբեջանին, կարծում են փորձագետները։

Թուրքիան բավականին անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։
Ուրբաթ Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրմը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ գնալ երկխոսություն սկսելու հարցում, եթե Երևանը լիովին հրաժարվի «Անկարայի նկատմամբ թշնամանքից»։

Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Յլդըրմի հայտարարության մեջ Թուրքիայի նախկին քաղաքականության տարրերը չեն նկատվում, սակայն ասվածը մի շարք հարցեր է ծնում։
«Այս անգամ Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ իրականությունից հեռու կետեր են նշվում, քանի որ Հայաստանն Անկարայի նկատմամբ երբեք թշնամական քաղաքականություն չի վարել, առավել ևս որևէ տարածքային հավակնություններ չի ներկայացրել պաշտոնապես», — ասաց Հովհաննիսյանը։
Մի կողմից, նրա խոսքով, Թուրքիան գնդակը հայկական դաշտ է ուղարկել, որպեսզի Երևանը նոր հայտարարությամբ հանդես գա, մյուս կողմից դա կապված չէ Հայաստանի հետ անհապաղ հարաբերությունները լավացնելու ցանկության հետ։
Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունը պետք է ցույց տա, որ Թուրքիան ձգտում է լավ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, ինչի մասին մշտապես հայտարարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (հարևանների հետ խնդիրները նրան մշտական քննադատության օբյեկտ են դարձնում)։

«Էրդողանը (Յլդըրմի շուրթերով) փորձում է ցույց տալ, որ թուրքերը բարիդրացիական հարաբերություններ են ուզում հաստատել, բայց դրա համար խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի տարածքային հավակնությունները», — ասաց Հովհաննիսյանը։

Այս հայտարարությունը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ Թուրքիայի իշխանությունը երկրի փլուզման հետ կապված իրական վտանգ է զգում, կարծում է փորձագետը։
«Այս վտանգը նրանք քաջ գիտակցում են քրդերի օրինակով։ Գուցե նրանք կարծում են, որ հայերը նույնպես կարող են ակտիվանալ, փորձել տարածքային որոշակի պահանջներ առաջ քաշել», — ասաց Հովհաննիսյանը։
Փորձագետը նշեց, որ թուրք վերլուծաբաններից ոմանք հաճախ մեջբերում են հայ գործընկերների ոչ պաշտոնական դրույթները` այս կամ այն պայմանագրերի վերանայման և Թուրքիայից հողերը վերադարձնելու պահանջի անհրաժեշտության մասին։
Հովհաննիսյանի կարծիքով` կամ նրանք իրականությունից հեռու են, կամ շատ են վախենում տարածքային կորուստներից։
Թուրքագետը համոզված է, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի Հայաստանի նկատմամբ ունեցած այն պահանջներից, որոնք կապված են Արցախում տարածքային զիջումներ անելու հետ։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կարծում է, որ պաշտոնական Անկարան տողատակում ակնարկում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից։
«Յլդըրմը փաստացի ասել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից», — ասաց Չաքրյանը։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը և ժամանակ առ ժամանակ ինչպիսի ազդակներ է ուղղում Անկարան, միևնույն է, Թուրքիայի հակահայկական դիրքորոշումն անփոփոխ է մնում 1991 թվականից։
Այս պարագայում որոշակի դեր կարող էր խաղալ Հայաստանի, հեն Փաշինյանի միջազգային հեղինակության աճը։ Այս ֆոնին Թուրքիայի իշխանությունը գուցե որոշել է մեղմել իր դիրքորոշումը։

Մյուս կողմից` նրանք միշտ այնպիսի նախապայմաններ են առաջ քաշում, որոնք Հայաստանը, բնականաբար, կմերժի։ Օրինակ` Արցախում տարածքների զիջման պայմանը։ Հետո աղմկում են, թե իբր Հայաստանը հրաժարվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից։

Յլդըրմի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Անկարան կգնահատի մերձեցման շահագրգռվածությունը, եթե Երևանը հրաժարվի «Թուրքիայի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ սխալ մոտեցումներից»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների։
 
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարին (Էրզրում) քաղաքը Արեւմտյան Հայաստանի պաշտոնական մայրաքաղաքն է, որը ճանաչվել է դաշնակից պետությունների կողմից 1920-ին:

Input your search keywords and press Enter.