Պաշտոնական Անկարան Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է նախապայմաններով

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդլըրըմն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Անկարայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությանը, սակայն, կրկնելով Անկարայի նախապայմանները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Յըլդըրըմը հայտարարել է, թե Թուրքիայի չի ցանկանում հարևանների հետ թշնամություն անել: Այդուհանդերձ, նա՝ ըստ էության չի շեղվել Հայաստանի նկատմամբ թուրքական ավանդական քաղաքական գծից: Ավելին, հայտարարություն է արել այն մասին, թե իբր Հայաստանը «տարածքային նկարտումներ, թշնամական դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ», ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, Յըլդըրըմը նշել է. «Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել էր նա։

armenpress.am

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարին (Էրզրում) քաղաքը Արեւմտյան Հայաստանի պաշտոնական մայրաքաղաքն է, որը ճանաչվել է դաշնակից պետությունների կողմից 1920-ին:

Input your search keywords and press Enter.