Սիլիկոնային հովտից՝ Արագյուղ. Հայաստանում կարտադրվի բնական կոսմետիկա

Կոտայքի մարզի Արագյուղ տանող ճանապարհին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ տաքսու վարորդը մատնացույց է անում դաշտերը: Ասում է՝ պատերազմի տարիներին այդ դաշտերը ցորենի հիմնական մատակարարներից էին: Իսկ հիմա դրանք լքված են: Գյուղի ավազոտ ճանապարհով հասնում ենք երկաթյա դարպասների մոտ: Մեզ դիմավորում է մաթեմատիկոս, ծրագրավորող Արա Մարկոսյանը, ապա ուղեկցում դեպի կարի նախկին արտադրամասի բակ: Այդ շենքը 1930-ականներին դպրոց է եղել: Շենքի ներսում և դրսում եռուզեռ է, շինարարարական աշխատանքները պետք է հասցնեն ավարտին: Օգոստոսին Մարկոսյան ամուսիններն այդտեղ բնական կոսմետիկայի արտադրություն են սկսելու:

Ամուսինները՝ Սիլիկոնային հովտից
Բակի բացօթյա տաղավարում մեզ միանում է Արա Մարկոսյանի կինը՝ Անահիտը: Նրանք Երևանից են: Արան ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա, ապա վերադարձել է Հայաստան՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում պաշտպանելով թեկնածուականը: Մինչ 1992-ը դասավանդել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Այնուհետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ աշխատել է Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող: Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ: Իսկ կինը՝ Անահիտը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել), մի քանի տարի զբաղվել է լազերային ֆիզիկայով, այնուհետ մեկնել են ԱՄՆ: Նա ևս աշխատել է Սիլիկոնային հովտում, թեև, ասում է, ծրագրավորողի մասնագիտությունը հարազատ չէր իրեն:

01

«Ամուսնուս հետ միասին աշխատում էինք Սիլիկոնյան հովտում որպես ծրագրավորողներ: Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա  երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը: Նա նշում է, որ ամուսնու հետ հաճախ էին գալիս Հայաստան գործնական նպատակներով: Եվ երբ զբոսնում էին բնության մեջ, սկսում էին համեմատել Կալիֆորնիայի կամ Շվեյցարիայի Ալպերի հետ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնությունն ավելի բազմազան ու հարուստ է, որի պոտենցիալը դեռևս չի գնահատվում: «Մարդիկ, կարծես, ապրում են հարստության վրա, բայց չգիտեն, ինչպես օգտագործել այն»,- նկատում է Անահիտը:

Բնական կոսմետիկայի հայկական բրենդը
Բնական կոսմետիկա արտադրելու մտահղացումը, ինչպես նաև ընկերության անվանումը պատկանում է Արային: Անվանումը՝ «Նաիրիան», սիմետրիկ պոլինդրոմ է (այն թե՛ աջից, թե՛ ձախից նույն բառն է): 2012-ին Երևանի «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնի հարևանությամբ նրանք հիմնել են լաբորատորիա: Գիտական խումբ է ձևավորվել, որտեղ աշխատում է նաև գիտնական Սամվել Ավոյանը: «Հայկական առաջին բնական կոսմետիկայի բարձրորակ բրենդի վերաճեց միտքը: Թեև այն փոքր նշաձող է միջազգային կոսմետիկայի շուկայում, բայցև շատ արագ աճող»,- նշում է Արան:

Հոտն ազդում է մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա
Անահիտն ասում է, որ դեռևս երիտասարդ ժամանակից իր մոտ խնդիր է առաջացել սինթետիկ նյութերի հոտերի հանդեպ: Սկսել է օգտագործել բնական եթերային յուղերից պատրաստված կոսմետիկա: Ասում է՝ որոշ գիտելիքներ էր ձեռքբերել եթերային յուղերի, բնական կոսմետիկայի մասին, իսկ վերջին 3 տարիներին ԱՄՆ-ում անցել է արմոթերապիայի (թերապիա եթերային յուղերով) դասընթացներ:

02Ըստ Անահիտի՝ աշխարհում կոսմետիկական ընկերությունների մեծ մասը արհեստական հոտեր են դնում ապրանքատեսակների մեջ: Եվ այդ հոտերից շատերն իրենց ազդեցությունն են ունենում մարդու և՛ հոգեկան աշխարհի, և՛ էնդոկրին համակարգի վրա: Հոտը զգալուց մարդու օրգանիզմում որոշակի քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում: Որոշ հոտեր, օրինակ, կարող են առաջացնել վախի զգացում կամ կորտիզոլ (հորմոն, որն առանցքային դեր ունի սթրեսի նկատմամբ պաշտպանողական ֆունկցիաներում) լցնել արյան մեջ: Միաժամանակ կան նուրբ ազդեցություններ, որոնք երկարատև ժամանակ են պահանջում: Որոշ հոտեր գլխացավ կարող են առաջացնել, ինչի պատճառ կարող է լինել, ասենք, գործընկերոջ օծանելիքի բույրը:

Վնասակար ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն հոտը, այլև կոնսերվանտը: Անահիտի խոսքով՝ վերջերս կոսմետիկայի մեջ շատ են օգտագործում պարաբեններ: Դրանք առկա են քսուքների, շամպունների մեջ, որոնք մաշկի միջոցով անցնում են արյան մեջ: ԱՄՆ-ում, օրինակ, կրծքի քաղցկեղի կառուցվածքն ուսումնասիրելիս պարզել են, որ այնտեղ մեծ քանակությամբ պարաբեններ են կուտակված: Զրուցակիցս շեշտում է, որ չնայած դրան, դեռևս գիտական հետազոտություններ չկան, որոնք ապացուցում են, որ պարաբենները կարող են առաջացնել քաղցկեղ կամ նպաստել դրա աճին:

Աշխարհում կոսմետիկա արտադրող 10-20 ընկերություն կա, որոնք աշխատում են առանց արհեստական նյութեր ավելացնելու: Քանի որ բնական հումքով, եթերային յուղերով պատրաստվող կոսմետիկան թանկ հաճույք է, ընկերություններից շատերն ավելացնում են արհեստական հոտեր, եթե նույնիսկ կոսմետիկան պատրաստում են բնական հումքով: Պատճառն այն է, որ եթերային յուղով պատրաստվող կոսմետիկայի գինը բարձր է: Իսկ որոշ ընկերություններ եթերային յուղի փոխարեն արհեստական հոտ են ավելացնում՝ էժան վաճառելու նպատակով:

03Ի՞նչ է տալու «Նաիրիանը» կանանց
Մարկոսյան ամուսիններն ասում են, որ «Նաիրիանն» առաջին բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է դառնալու Հայաստանում: Իրենք աշխատում են 100 տոկոս բնական հումքով, առանց արհեստական հոտեր հավելելու: Օգտագործում են բույսերից ստացած եթերային յուղեր: Յուղեր կան, որոնք բույսը ճզմելուց դուրս են գալիս, ինչպես օրինակ ձիթապտղի կամ արևածաղկի յուղը, իսկ յուղեր կան, որոնք պետք է ստանան թորման միջոցով: Օրինակ, այդ եղանակով են ստանում ուրցի կամ դաղձի յուղերը: Դրանք տարատեսակ միկրոբներից, սնկերից պաշտպանվելու միջոցներ են:

«Մեր եթերային յուղերը երկու նպատակ ունեն, բացի նրանից, որ հաճելի հոտ են հաղորդում, նաև բուժիչ ազդեցությունն ունեն մաշկի և մազերի համար: Օրինակ, նարնջի հոտն առույգ, ուրախ տրամադրություն է ստեղծում, դրա համար առավոտյան շամպուների մեջ նարնջի հոտ ենք դնում»,- նշում է Անահիտը: Օգտագործելու են ուտելիքի համար նախատեսված փափուկ կոնսերվանտներ, որոնք ունեն «ECOCERT» ստանդարտի թույլտվություն: Արան լրացնում է կնոջ խոսքն, ասում է, որ կոսմետիկան պահպանվելու է հատուկ տարաներում, որպեսզի օդի հետ շփում չունենա, երկար դիմանա առանց քիմիայի:

«Նաիրիանն» արտադրելու է 50 անուն ապրանքատեսակ (հակակնճիռային, խոնավեցնող, ձեռքերի, ոտքերի ճաքերը վերացնող, թարմացնող քսուքներ, բալզամներ, օճառներ, գունավոր բալզամ-շրթներկ և այլն): Յուրաքանչյուր բաղադրատոմս մշակվել է գիտական խմբի կողմից: Ամուսիններն ասում են՝ ապրանքատեսակներն անցել են փորձարկման փուլը: «Փորձարկում ենք, որպեսզի կայուն, մանրէասպան լինեն: Համագործակցում ենք ԵՊՀ-ի միկրոբիոլոգիայի ամբիոնի հետ: Իրենք փորձեր են անում մեզ համար, որպեսզի տեսնեն, թե մեր այդ փափուկ կոնսերվատները ոնց են դիմանում: Մի երկու տարի է՝ մարդկանց նմուշներ եմ բաժանում, իրենք ինձ ասում են՝ օգնե՞ց, թե՞ ոչ, լա՞վ է, թե՞ ոչ: Այդ ինֆորմացիան հավաքելով՝ անընդհատ փոփոխություններ էի անում, և վերջապես կանգնեցինք մի ցանկի վրա, որոնք էլ կարտադրենք»,- ասում է Անահիտ Մարկոսյանը:

«Նաիրիանի» 50 ապրանքատեսակներն էլ մրցունակ են լինելու կոսմետիկայի միջազգային շուկայում: Սրանում ամուսինները վստահ են: Օգոստոսին սկսվելու է «Նաիրիան» բնական կոսմետիկայի արտադրությունը, իսկ սեպտեմբերի այն կհայտնվի վաճառքում:

Բարձրորակ արտադրանքի համար կարևոր է նաև տեղանքը: Արա Մարկոսյանին հարցնում եմ, թե գյուղի անվանումը դեր խաղաց արդյոք ընտրության համար: Ժպտում է՝ կատակելով, թե այո, ապա քիչ անց պատմում է, թե ինչու ընտրեցին հենց Արագյուղը: Ինչպես գինեգործության մեջ, այնպես էլ բնական կոսմետիկայի պարագայում կարևոր է տեղանքի բարձրությունը: Լավ գինի ստանալու համար խաղողը պետք է աճի բարձր տեղում: Այդպիսին են նաև բույսերը:

04Արագյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1560 մ բարձրության վրա: Այն, ինչպես նշում է Անահիտը, իդեալական բարձրություն է եթերային լավորակ յուղեր ստանալու համար: Ընկերությունն Արագյուղում 1,5 հա հող ունի, որտեղ աճեցնում է բույսեր՝ եթերային յուղեր ստանալու համար: Մարկոսյաններն ասում են, որ բույսեր են գնելու ոչ միայն արագյուղացիներից, այլև մյուս գյուղերից: Այս ոլորտի դժվարություններից մեկն այն է, որ 1 տոննա խոտաբույսից 1 լիտր յուղ է ստացվում: Այժմ ընկերությունում աշխատում է 30 հոգի: Արտադրությունն սկսելուց հետո այդ թիվը կմեծանա: Լաբորատորիայում և արտադրամասում աշխատանքի կընդունեն արագյուղացի կանանց և աղջիկներին:

Կոսմետիկան՝ գիտությունը զարգացնելու միջոց
Կոսմետիկայի արտադրության նախագծի մի մասը գիտության զարգացումն է: Անահիտը նշում է, որ հայկական բույսերի մասին հոդվածները շատ քիչ են: Երբ բուսաբանության ինստիտուտում փորձում էր գտնել հոդվածներ եթերային յուղերի մասին, վերջինը 1943 թ.-ին էր լույս տեսել: Այն ուրցի մասին էր: Ամուսինն ասում է, որ իրենց նախագիծը գիտական նոր ուղղություն է զարգացնելու Հայաստանում՝ եթերային յուղերի, ինչպես ինքն է բնորոշում՝ բնական քիմիայի:  Արայի խոսքով՝ եթե աշխարհում Հայաստանը հայտնի է ծիրանով և կոնյակով, ապա շուտով հայտնի կդառնա բնական կոսմետիկայով: Մարկոսյաններն ասում են, որ իրենց արտադրանքը կլինի կոսմետիկայի միջազգային գներին համապատասխան՝ 7.000-30.000 դրամ:

Զրույցից հետո շրջում ենք արտադրամասով, հողամասով: Ամուսինները երբեմն պոկում են այս կամ այն բույսի տերևները և խնդրում հոտ քաշել: Անահիտն ասում է՝ այստեղ յուրաքանչյուր բույս իր արտակարգ ազդեցությունն ունի կոսմետիկ միջոցներում, հետո կրկնում է՝ ուղղակի մենք՝ հայերս, չգիտենք, թե ինչ հարստության վրա ենք նստել:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

http://hetq.am/arm/news/61619/silikonayin-hovtic-aragyux-hayastanum-kartadrvi-bnakan-kosmetika.html

Input your search keywords and press Enter.