«Քաղաքացիական պատերազմի պահն է հասունանում»

Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի՝ բերման ենթարկված բնակիչներին քիչ առաջ ազատ են արձակել: Նրանց բերման էին ենթարկել գյուղի լճից ձկնորսություն անելու համար, իսկ գյուղացիներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը:Տաբածղուրի բնակիչները Lragir.am-ին ասացին, որ ոստիկանները բերման ենթարկողների նկատմամբ բռնություն են գործադրել, ծեծելով խլել են նրանց ձկնորսական նավակներն ու առգրավել:Տաբածղուր գյուղի լճից գյուղացիներին արգելում են ձուկ որսալ, քանի որ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հիմնած «Լճեր» ՍՊԸ-ն է ձեռք բերել լճում ձուկ որսալու արտոնագիր: Գյուղացիները դատի են տվել Վարդան Այվազյանին, ու չնայած դատարանն Այվազյանի օգտին է վճիռ կայացրել, բայց գյուղացիները հայտարարում են, որ պայքարը շարունակելու են, որպեսզի իրենց էլ թույլ տան լճից ձուկ որսալ:Գյուղացիները նշում են, որ գյուղ են հրավիրում Վարդան Այվազյանին, թող գա ու զրուցի իրենց հետ: «Արդեն գյուղը հայաթափման խնդրի առաջ է կանգնած, քաղաքացիական պատերազմի պահն է հասունանում: Թե ապրելու ենք, թողեք ապրենք, թե չէ՝ կգանք Հայաստան: Բա ի՞նչ անենք, որ չեն թողնում ապրենք: Պայքարը շարունակվելու է, ինչ ուզում է լինի: Սա է մեր նշանաբանը՝ պայքար մինչև վերջ, թեկուզ ամբողջ գյուղին ձերբակալեն»,- ասացին գյուղացիները:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/118752#sthash.aJUNrldA.dpuf

Input your search keywords and press Enter.