Տակտիկական դիրքերը Նախիջևանի հետ սահմանին կարող են ռազմավարական դառնալ

Ներկայացնում ենք Ռուբեն Գրձելյանի հոդվածը՝ Նախիջևանում տեղի ունեցող զարգացումների շուրջ։

«Հունիսի 8-9-ին Հայաստանի և Ադրբեջանի ինտերնետային ցանցում տեղատարափ էր Բաքվից տարածվող լուրերով՝ իբր թե ադրբեջանական զորքերը մաքրել են Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանային Գյուննութ գյուղը։
Չուշացավ Երևանի արձագանքը․ վերջինս ներկայացրեց իրադարձության իր տարբերակը։
Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ ադրբեջանական կողմից քաղաքացիական անձինք այցելում են գերեզմանատուն, ծաղիկներ դնում և աղոթում։ Երևանը պնդում է, որ ինքն է թույլ տվել ադրբեջանցիներին այցելել գերեզմանատեղի, որը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Ինչպես գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը․
«Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։

Բայց ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմն այդպես էլ չներկայացրեց որևէ նյութ, որը կհաստատեր իր դիրքորոշումը։ Ուստի, սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ ողջամիտ հարցեր են առաջանում․ խնդրանքը եղել է բանավոր, թե գրավոր, և ինչու չի նկարահանվել հայկական կողմի հումանիտար քայլը։

Ակնհայտ է, որ հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ադրբեջանական ԶՈՒ-ն չեզոք գոտու ուղղությամբ առաջ է շարժվել (երկու կողմերի առաջնային դիրքերի միջև)՝ գրավելով ավելի հարմար դիրքեր՝ ստանալով նոր տարածքների վրա վերահսկողություն։

Իրավիճակի բարդությունն այն է, որ ադրբեջանցիների կողմից գրաված բարձունքից դիտարկվում է հայկական Արենի գյուղը և միջպետական մայրուղին, որը կապում է Հայաստանի Իրանին, Արցախին և Սյունիքի մարզին։

Արենցիների խոսքով, գյուղի վերևում գտնվող ադրբեջանական դիրքը որևէ անհարմարություն չի պատճառել իրենց, բայց շփման գծում կան կրակոցներ։ Արենիի բնակիչները պնդում են, որ մայիսի վերջին ակնանետով կրակահերթ է իրականացվել ՀՀ պաշտպանության նախարարության տրակտորի վրա, որը աշխատում էր ճակատային գծում, կրակել են նաև քաղաքացիական գյուղատնտեսական տեխնիկայի վրա։

Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկատվությունը։

Սակայն բնակիչներին տանջում է 25-ամյա վաղեմության հիշողությունը, երբ թշնամու հրետանիները հենց այդ բարձրունքից էին կրակում։ Պատերազմի արդյունքում ադրբեջանական ուժերը դուրս քշվեցին այդ բարձրունքից, և նրանց տեղը գրավեցին հայկական ուժերը։ Բայց ինչպես պնդում են իրենք՝ արենցիները, ադրբեջանցիների կողմից զբաղեցրած բարձրունքը չի օգտագործվել հայկական ԶՈՒ-ի կողմից, չնայած որ հենց հայկական զորքն է կազմավորել այն։ Ակնհայտ է մի բան, որ այդ բարձրունքը չեզոք գոտում է գտնվում, և հայկական կողմը, զբաղեցնելով այն 90-ականների սկզբից, որոշակի ինժեներական աշխատանքներ է տարել, բայց արդյուքնում՝ այն թողել է՝ հավանաբար կարծելով, որ ադրբեջանական կողմը չի գրավի կամ չի ունենա նման հնարավորություն։ Բայց մայիսի երկու շաբաթների ընթացքում Նախիջևանի կողմից ճանապարհ է բացվել, և բարձրունքը գրավվել է։

Դեռևս պաշտոնական Երևանը պնդում է, որ ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։

Արցախի ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը նաև հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով տեղի ունեցածի առնչությամբ սիրողական մակարդակի կարծիքներ չհայտնել, ինչը խթանում է Բաքվի քարոզչությանը։

Իրավիճակն իրականում պարզունակ չէ․ Նախիջևանի ուղղությամբ՝ շփման գծում, կողմերը պարբերաբար փոխում են իրենց դիրքերը՝ փորձելով ավելի շահավետ դիրք զբաղեցնել։
Հիշեցնենք, որ 2014թ․ հայկական ԶՈՒ-ն նոր դիրքեր զբաղեցրեց Նախիջևանի ուղղությամբ՝ իր վերահսկողության տակ առնելով տասնյակ հազարավոր հեկտարներ։

Ուղղակի հարկ է հիշել, որ եթե ադրբեջանական ԶՈՒ-ն դիտարկում է Արենի գյուղը և միջպետական ճանապարհը, ապա հայկական ԶՈՒ-ն դիտարկում է ադրբեջանա-թուրքական սահմանին գտնվող Սադարակի անցակետը։

Տակտիկական առումով դիտարկումը քիչ բան է տալիս, բայց ռազմավարական առումով որոշակի զարգացումների դեպքում, օրինակ, ակտիվ ռազմական գործողությունների պարագայում, նման դիրքերը կարող են կիրառվել հիմնական խնդիրներ լուծելու համար։ Այսինքն, այսօր գոյություն ունեցող ադրբեջանական դիրքից կարելի է կրակել Հայաստանի հյուսիսային և հարավային ուղղություններով, իսկ հայկական դիրքերից՝ ադրբեջանա-թուրքական միակ անցակետի վրա»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2429606.html

Input your search keywords and press Enter.