Ջավախքի Ասփարա գյուղը դատարկվել է. տները գնում է Վրաց եկեղեցին

Ջավախքում` Փարվանա լճի ափին գտնվող` 200-ից ավելի բնակիչ ունեցող հայկական գյուղը՝ Ասփարան, դատարկվել է:  NEWS.am-ի հետ զրույցում գյուղի նախկին բնակիչներից Յուրա Գաբրիելյանը պատմեց, որ գյուղում մշտական բնակիչ չի մնացել. ամռանը 2-3 ընտանիք իրենց հիմնական բնակավայրերից գնում են գյուղ` գյուղատնտեսությամբ զբաղվելու, և ձմռանը նորից վերադառնում են իրենց հիմնական բնակավայրեր՝ Նինոծմինադա, Ախալքալաք: Գյուղի նախկին բնակչի խոսքով՝ լքված տներն այժմ Վրաց ուղղափառ եկեղեցին է գնում՝ 500-7000 դոլարով՝ վրացիների վերաբնակեցնելու նպատակով:

«Մշտական  բնակիչներ չեն մնացել, գյուղը դադարել է գոյություն ունենալ: Գյուղացիները, որոնք այլ բնակավայրերում են այժմ ապրում, գյուղ են գնում միայն ամռանը՝ խոտ են հնձում, վաճառում  ու փող վաստակում: Վրացիներ հաճախ են գնում այնտեղ՝ տուն, հողատարածք գնելու նպատակով, ասում են՝ վրաց եկեղեցին է գնում՝ վրացիների վերաբնակեցնելու համար»,-ասաց նա:

Յուրա Գաբրիելյանի խոսքով՝ գյուղը լքելու հիմնական պատճառներից մեկը եղել է Ասփարայի միակ դպրոցի փակվելը. «Ունեինք 8-ամյա դպրոց, երեխաները հաճախում էին, գոնե մի քիչ կրթություն էին ստանում, բայց դա էլ փակվեց, որից հետո երիտասարդությունը սկսեց լքել գյուղը»:

Ըստ գյուղի նախկին բնակչի՝ բացի դպրոցի խնդրից, գյուղում եղել են բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական հարցեր, որոնք բնակիչներին ստիպել են հեռանալ այնտեղից.

«Գյուղացիները այստեղ հիմնականում ձկնորսությամբ, անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ էին զբաղվում, որով այնքան էլ հեշտ չէ փող վաստակելը, ընտանիք պահելը: Աշխատատեղերի բացակայությունը, գյուղ տանող ճանապարհների վատ վիճակը, բուժօգնության բացակայությունը «նպաստեցին» գյուղի դատարկվելուն»,-ասաց նա:

Ըստ Յուրա Գաբրիելյանի՝ գյուղի դատարկվելուն «նպաստել» է նաև  60-ակականներին  ԽՍՀՄ  քաղաքականությունը, երբ պետությունը Փարվանա լճում ՀԷԿ կառուցելու համար լիճը ջրամբարտակով փակել էր, և գյուղացիների բնակելի շատ տներ ու հողատարածքներ անցել էին ջրի տակ:

«Պետությունը այդ ժամանակ գյուղացիներին բնակելի տների ու հողատարածքների համար սկսեց փոխհատուցոմ վճարել, որոնք էլ այդ փողով գնում և այլ բնակավայրերում էին տուն գնում: Այդ ընթացքում էլ շուրջ 20-25 ընտանիք հեռացավ գյուղից, որն էլ շարունակական դարձավ»,-ասաց նա:

Յուրա Գաբրիելյանը պատմեց, որ Ասփարա գյուղում ձմեռը տևում է  մինչև 8 ամիս և այդ պատճառով էլ գյուղ տանող ճանապարհները հիմնականում փակ են լինում, գյուղը գրեթե կտրվում է մերձակա բնակատեղիներից:

«Ձմռանը ճանապարհները փակվում են, քանի որ այստեղ շատ խիստ է ձմեռը ու ճանապարհները բացելուց հետո էլ շատ արագ փակվում են։ Երբ այնտեղ էինք ապրում, ձմռանը հիվանդներին սառած լճի վրայով էինք կարողանում մեքենայով մոտակա հիվանդանոց հասցնել, փակ ճանապարհների պատճառով ամբողջ ձմռան ընթացքում հիմնականում չէինք կարողանում դուրս գալ այնտեղից»,-պատմեց Յուրա Գաբրիելյանը:

 

http://news.am/arm/news/282065.html

Input your search keywords and press Enter.