Ախալցխայի հայկական Ղուլալիս գյուղի առեղծվածը

Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանի Ղուլալիս գյուղի նորակառույց մատուռի տակ ստորգետնյա ճանապարհներ կան, որոնք գյուղացիները անվտանգության համար փակել են՝ դարձնելով աղոթատեղիներ:

Ղուլալիս գյուղը Ջավախքի տարածաշրջանում վաղ բնակեցվածներից է եղել: Ըստ գյուղացիների, Ղուլալիսը միջնադարում Ջավախքի հայաշատ գյուղերից մեկն է եղել։ Դրա վառ ապացույցն է գյուղի հյուսիսարևելյան եզրին տարածված 13-14-րդ դարերի հայկական ընդարձակ գերեզմանատունը։ Որոշ տվյալներով՝ 1830 թվականին Էրզրումի նահանգից գաղթ է եղել դեպի այս գյուղ:

Ղուլալիս մտնող հյուրերին գյուղացիները առաջինը ցույց են տալիս իրենց գյուղի երբեմնի ամրոցը, նրանք գիտեն նաև ամրոցի աշտարակների մոտավոր տեղը: Երկրաշարժի հետևանքով ամրոցից գրեթե ոչինչ չի մնացել, սակայն մատուռի տակից ստորգետնյա անցքերը գյուղացիները կապում են բերդի հետ: Վարկածները շատ են, ոմանք ասում են, որ թաքստոցներ են եղել՝ հարձակումներից պաշտպանվելու համար, ոմանք պնդում, որ գետից ջուր բերելու համար են գործածել այդ ճանապարհները, ոմանք էլ ասում են, որ թաքուն աղոթատեղիներ են եղել:
Այս նույն տարածքում է գտնվում գյուղի եկեղեցին, որից շատ բան չի պահպանվել: Խորհրդային տարիներին այն որպես պահեստ է գործածվել, խորանը ձևափոխած է և դարձրած պանիր պահելու աղաջրամաններ: Իսկ եկեղեցու շինությանը կից կառույցը փլվել է, որը ևս որպես պահեստ է գործածվել:

Եկեղեցու բակում կան խոյեր, խաչքարերի մնացորդներ, որոնք տեղափոխվել են նորակառույց մատուռի մոտ: Գյուղացիները պատմում են, որ մինչև վերջերս հորդառատ անձրևներից հետո հողի տակից ոսկորներ են դուրս եկել, քանի որ տարածքում մեծ գերեզմանատուն է եղել:

Աղբյուրը՝ http://jnews.ge/am/?p=21383#.WzNEYtIzaUk

Input your search keywords and press Enter.