Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինը

Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Էրզրումը՝ Կարին, Կարնո քաղաք, Թեոդուպոլիս, Թեոդոսուպոլիս, Արզրում, գտնվում է Էրզրումի դաշտի հարավարևելյան մասում՝ Եփրատի և Երասխի ակունքների մոտ՝ Այծպտկունք լեռնագագաթից մոտ 4 կմ հյուսիս-արևելք: Էրզրումի նահանգի վարչական կենտրոնը:

Ենթադրվում է, որ Էրզրումի բնիկ Կարին անվանումը էթնիկական ծագում ունի: Դեռևս IVդ. հիշատակվում է որպես մարդաշատ քաղաք (եղել է Կարին գավառի կենտրոնը): Հայաստանի 387թ. բաժանումից հետո ընկել է բյուզանդական տիրապետության տակ: 421թ. ամրացված և կառուցապատված Կարինը վերանվավել է Թեոդոսուպոլիս (բյուզանդական կայսր Թեոդոս II-ի անունով): 603թ. քաղաքը գրաված պարսիկները հայ բնակիչների մի մասին բռնությամբ գաղթեցրել են Համադան: 628թ. պարսկա-բյուզանդական հաշտությամբ քաղաքը դարձյալ մնացել է Բյուզանդիային: VIII-IXդդ. Թեոդոսուպոլիսը զավթել են արաբները: IXդ. վերջից պատկանել է Բագրատունիներից կախման մեջ գտնվող արաբական ամիրայություններին, 950թ.` Բյուզանդիային: 1049թ., երբ սելջուկյան թուրքերը կործանել են հայկական Արծն քաղաքը, վերջինիս բնակիչները տեղափոխվել են Թեոդոսուպոլիս և այն վերանվանել Արծն (արաբերեն Արզն ար ռում, հռոմ. Արծն), որից ծագել են հետագա Արզրում, Էրզրում անվանումները:

Մանազկերտի ճակատամարտից (1071թ.) հետո Էրզրումը զավթած սելջուկյան թուրքերը այն դարձրել են համանուն սուլթանության կենտրոնը: 1242թ. մոնղոլները կողոպտել և հրդեհել են Էրզրումը, բնակիչների մի մասին՝՝ ոչնչացրել, շատերին՝ վաճառել ստրկության: Այնուհետև Էրզրումը բազմիցս ենթարկվել է զանազան այլ հրոսակների ասպատակությունների:

1473թ. Էրզրումը գրավել են օսմանյան թուրքերը: XVIդ. 1-ին կեսին այն դարձել է Օսմանյան սուլթանության Էրզրումի նահանգի կամ Էրմանստան (Հայաստան) էյալեթի վարչական կենտրոնը, արդեն XVIIդ. եղել է առևտրական և արհեստավորական խոշոր քաղաք, որտեղ Անգլիան 1690թ. նշանակել է հատուկ առևտրական ներկայացուցիչ: Էրզրումով է անցել Արևելքի երկրներից Եվրոպա տանող տարանցիկ առևտրական գլխավոր ճանապարհներից մեկը: XIXդ. սկզբին Էրզրումի մոտ 30 հազար հայ բնակիչներին պատկանել է քաղաքի 3 հազար խանութների կեսից ավելին:
1829թ. հունիսի 27-ին ռուսական բանակը, հայերի գործուն մասնակցությամբ, գրավել է Էրզրումը, սակայն Ադիրանապոլուսի հաշտության պայմանագրով (1829թ.) այն վերադարձվել է թուրքերին:

1830թ. ամռանը Էրզրումի 20 հազար, այլ տվյալներով՝ 100 հազար հայեր` Կարապետ արքեպիսկոպոսի գլխավորությամբ, քաղաքից հեռացող ռուսական զորքերի հետ գաղթել և հաստատվել են Ռուսաստանին անցած Ախալցխայում, Ախալքալաքում, մասամբ` Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում և դրանց շրջակայքում: Նրանց մի մասը XIXդ. 30-ական թթ. սկզբին վերադարձել է Էրզրում: Քաղաքից գաղթածների տներում հաստատվել են Արևմտյան Հայաստանի տարբեր մասերից եկած հայեր և թուրքեր: Քաղաքը խիստ տուժել է 1859թ. երկրաշարժից:

1879թ. փետրվարի 10-ին Էրզրումի թուրքական կայազորը անձնատուր է եղել գեներալ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ քաղաքը պաշարած ռուսական զորքին, սակայն Բեռլինի կոնգրեսի (1878թ.) որոշմամբ այն դարձյալ տրվել է Թուրքիային: Թուրքական և ռուսական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով կասեցվել է Էրզրումի և շրջակա հայերի նոր գաղթը: Միայն մի քանի հարյուր հայ ընտանիք կարողացել է անցնել Արևելյան Հայաստան: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումը դարձել է հայ ազգային-ազատագրական շարժման կենտրոն: 1881թ. այնտեղ հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» ազատագրական կազմակերպությունը: XIX-XXդդ. սկզբին էրզրումը եղել է հայ մշակույթի խոշոր կենտրոնը:

Հին էրզրումը տարածվել է երեք բլրի վրա, ունեցել է ամրոց (միջնաբերդ), որը 4 դռներով (հյուսիսում` Վրաց, արևելքում` Թավրիզի, հարավում՝ Յենի, արևմուտքում` Երզնկայի) կապվել է երկպարիսպ արվարձաններին: 1801թ. Աբդուլ Ռահման փաշայի հրամանով ոչնչացվել են Երզնկայի և մյուս դռների հոյակերտ խաչքարերը, հայկական կամ հունական արձանագրություններով կոթողների մի մասը: Հնագույնը հայկական թաղամասերն էին` սալահատակ, նեղ փողոցներով, հիմնականում` երկհարկ, քարակերտ կամ աղյուսակերտ տներով: Հայկական նշանավոր ճարտարապետական կոթողներից էր XVIIդ. զանգակատան տեղում կառուցված Ս.Աստվածածին (Վարի) եկեղեցին: Դեռևս VIIդ. հիշատակվում է Միաբան Աստվածածին եկեղեցին: XVIIIդ. էր հիմնադրվել հայ կաթոլիկների Ս.Մարիամ եկեղեցին: Տասնյակ եկեղեցիներ վերածվել են մզկիթների (օր.՝ Ս.Ստեփանոս եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Նյումենեի Քյափեն մզկիթը):

Հայկական եկեղեցիներից ոչ հեռու գտնվող Կարնո թեմի առաջնորդարանի տնօրինության ներքո գտնվել են Էրզրումի դաշտի, Բասենի, Թորթոմի, Սպերի, Բաբերդի, հարակից այլ գավառների առաքելական եկեղեցիները: Առաջնորդարանի հարյուրավոր ձեռագրեր 1830թ. տրվել են Ախալցխայի Ս.Փրկիչ եկեղեցուն, սակայն Էրզրումում պահպանվել են բազմաթիվ հայկական ձեռագրեր (1878թ. միայն հոգևոր ուսումնարանի գրադարանում պահպանվում էր 80 եզակի ձեռագիր): 1811թ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին Ս.Աստվածածին եկեղեցուն կից հիմնել է Կենտրոնական մայր (Կարապետյան) վարժարանը, որի հիման վրա հետագայում բացվել է Արծնյան վարժարանը: 1870թ. հիմնադրվել են Հռիփսիմյան օրիորդաց և Տեր-Ազատյան, 1889թ.` Մսրյան, ավելի ուշ` Գավաֆյան, Աղաբալյան վարժարանները: Կրթամշակութային խոշոր հաստատություն էր Սանասարյան վարժարանը: Իրենց դպրոցներն են ունեցել հայ կաթոլիկներն ու բողոքականները: Բացվել են նաև մանկապարտեզներ: 1909թ. էրզրումում ուսանել են մոտ 2200 հայ աշակերտուհիներ: 1909թ. լույս է տեսել «Փարոս», 1909-14թթ.՝ «Հառաջ» շաբաթաթերթը: Գործել են թատերական, կրթական և բարեգործական միություններ:

XIXդ. սկզբի 30 հազարից 1914թ. Էրզրումում մնացել էր 15 հազար հայ: 1895-96թթ. համիդյան կոտորածներին էրզրումում զոհ է գնացել ավելի քան 700 հայ: Մեծ եղեռնի ժամանակ էրզրումում առաջին բռնություններն սկսվել են 1915թ. հունվարի 23-ից: Հուլիսի 7-ին ծայր է առել բռնի տեղահանությունը, որի ընթացքում Էրզրումի և հարևան գյուղերի 19 հազար հայ բնակչիներ քշվել են Դերջան-Երզնկա և ոչնչացվել (կենդանի է մնացել 11 մարդ): 1916թ. փետրվարին, երբ ռուսական զորքերը հայ կամավորական ջոկատների մասնակցությամբ գրավել են Էրզրումը, քաղաքում և դաշտի գյուղերում մնացել էր մի քանի հարյուր հայ: Օգտվելով ռազմաճակատի կազմալուծումից` թուրքական 25 հազարանոց բանակը 1918թ. փետրվարի 26-ին զավթել է Էրզրումը: Սակավաթիվ զորախմբով քաղաքը պաշտպանել փորձող զորավար Անդրանիկը փրկված էրզրումցի հայերին տեղափոխել է Արևելյան Հայաստան: 1930թ. Էրզրումում ապրում էր մոտ 250 հայ:

Input your search keywords and press Enter.