«Հիմա որ հայացք եմ գցում հետ՝ ասում եմ, ա՛յ մարդ, էս մե՞նք էինք». ԱՍԱԼԱ-ի մարտիկը բացում է փակագծերը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) որպես հայկական ռազմաքաղաքական ընդհատակյա կազմակերպություն՝ ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին։

Նպատակն էր՝ զինված գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։

ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, թուրքական ավիաընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

Գաղտնի բանակի անդամների կողմից իրականացված, աղմուկ հանած ռազմական գործողություններից էր «Վան»-ը: 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Փարիզում 16 ժամով գրավվում է Թուրքիայի հյուպատոսարանը, որի արդյունքում 60 պատանդ է վերցվում։

Հիմնականում պահանջում էին անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել թուրքական բանտերի մեջ փակված Հայր Մանվել Երկաթյանին և պատվելի Հրանդ Կյուզելյանին, ովքեր մշակութային և ընկերական ծառայություններ են մատուցել Թուրքիայում ապրող հայերին։ Ազատ արձակել և Փարիզի օդանավակայան ուղարկել քաղաքական պատճառներով թուրքական բանտերում հայտնված բոլոր հայ բանտարկյալներին։

Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պիտի ապահովվեն թե՛ հայկական բռնագրաված հողերում, թե՛ թուրքական մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը, առանց որևէ կաշկանդումի արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։
Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային կազմակերպություններին թույլ պիտի տրվի մշտական հսկողության տակ առնել բռնագրավված հողերից ներս գտնվող հայկական մշակութային կոթողները։ Դատը տեղի էր ունենում Փարիզում։ «Մեղադրյալներ, ոտքի՛» բառերից հետո ոտքի են կանգնում դատարանում գտնվող բոլոր հայերը։ 1986 թվականին գործողության մասնակիցներից երեքին ազատ են արձակում, իսկ Արամ Պասմաճյանն ինքնասպան է լինում բանտում։

Գործողության ղեկավարն էր Վազգեն Սիսլյանը, ում հետ էլ զրուցել ենք մանկության, ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալու, Արցախյան պատերազմին մասնակցելու, սիրահարվելու ու հավետ Հայաստանում մնալու մասին:

Մեր գերդաստանի մեջ առաջինն էի, որ զենք վերցրի ձեռքս:

Ծնվել եմ 1956 թվականին՝ Բեյրութում, Բուրջհամուդ թաղամասում: Մանկությունս, պատանեկությունս այնտեղ եմ անցկացրել: 1975 թվականին, երբ սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմը, հայկական թաղամասերը պաշտպանելու համար ես ու մի քանի ընկերներ զենք վերցրինք ձեռքներս: Պատերազմի առաջին օրերին մեր գերդաստանի մեջ առաջինն էի, ով զենք վերցրեց ձեռքը: Ինձ շատ խելոք տղա էի համարում: Մեր շրջանում 350-ից շատ երիտասարդ կար, բայց 20-25 հոգի էինք, որ ինքնակամ գնացինք ու զենք վերցրինք:

Մի քանի անգամ վիրավորվել եմ: Որոշները թեթև են եղել, որոշները՝ ոչ: Ծանր վիրավորվել եմ ոտքից, բայց խնդիր չէ…

…Երևի տատիկներս ու պապիկներս են մեծ դեր ունեցել իմ դաստիարակության, հայ մեծանալու գործում: Ինձ տպավորել են նրանց անունները. մորս հայրը Տիգրան անունն ուներ, իսկ մայրը, տարօրինակ կթվա, բայց ՝ Հայզավակ: Երևի աշխարհում երկրորդ նման անունը չկա: Չեմ հարցրել, թե ինչո՞ւ են այդ անունով կոչել նրան:
Նրանք Կիլիկիայից գնացել են Բեյրութ: Հայերենին լավ չէին տիրապետում: 10 տոկոս հայերեն գիտեին, 90 տոկոս՝ թուրքերեն, ու իրենցից լավ թուրքերեն սովորեցի:

Ես էլ չիմացա, թե ո՞նց գաղտնի բանակի անդամ դարձա:

-Մեծ-մեծ բառեր չեմ ուզում օգտագործել, բայց հայ եմ վերջապես: Սփյուռքում եմ ապրել, օտարության մեջ: Հայրենիքի զգացողությունը միշտ եղել է, բայց Հայրենիք չեմ ունեցել:

Սուտ կլինի ասել, որ չգիտեմ՝ ինչ գաղափարներ ունեի, ու գնում էի առաջ: Ո՛չ Նժդեհի գաղափարներից էի տեղյակ, ո՛չ էլ մյուսների: Ֆուտբոլ էի խաղում, սկաուտական շարժում կար, մի քիչ գաղափարական բան կար, բայց ես ինձ միշտ հարց եմ տվել՝ տեսնես ինչո՞ւ մենք հայրենիք չունենք, Հայոց ցեղասպանությունն ինչի՞ համար է եղել: Ես էլ չիմացա, թե ո՞նց գաղտնի բանակի անդամ դարձա: Երևի ընտրեցին ինձ: Դա մեծ բախտավորություն էր ցանկացած հայ երիտասարդի համար: Հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս կարելի է դառնալ գաղտնի բանակի անդամ, պատասխանում եմ՝ չեն դառնում, ընտրվում են:

Եթե ոչ՝ ես, ապա՝ ո՞վ:

Հիմա որ հայացք եմ գցում հետ՝ վախենում եմ հյուպատոսարանում կատարած գործողությունից, ասում եմ, ա՛յ մարդ, էս մե՞նք էինք:
Իսկ այդ ժամանակ ոչ մի վախ չի եղել: Երբ առաջարկվեց գործողությունը կատարել, պարզ է, որպես գաղտնի բանակի անդամ՝ մի քանի բան պետք է արած լինեիր, որի մասին չենք խոսում:

Ես մենակ չէի, պատասխանատու էի ևս 3 երիտասարդի համար: Ղեկավարիս՝ Հակոբ Հակոբյանին, խնդրեցի, որ մեկ շաբաթ ժամանակ տա մտածելու համար: Հա, ի դեպ, ոչ թե մտածում էի՝ վա՜յ, կգնամ, կմահանամ, կամ կբանտարկվեմ, այլ՝ կհաջողի՞, թե՞ ոչ: Հետո ասացի՝ լավ, եթե ոչ՝ ես, ապա՝ ո՞վ:

Մի քանի օր հետո համաձայնությունս տվեցի, ու գնացինք Ֆրանսիա:

Ես ու ընկերներս անգամ մեկ քայլ հետ չարեցինք: Ինչպես ծրագրավորված էր, այնպես էլ արեցինք: Այո՛, բախտավորություն էր, որ հաջողություն գրանցեցինք: Սուտ կլինի ասել, որ ամեն մի քայլը նախապես ծրագրավորված էր: Ուղղակի մենք այսպես էինք պատրաստվել.եթե այնտեղ ես, ուրեմն նվիրված ես, ամեն ինչ պետք է անես, որ իրավիճակն ի նպաստ քեզ լինի:

Հարազատներս գիտեին, թե Հունաստանում լավ գործի եմ:

Հարազատներին ոչինչ չէի ասել գործողության մասին: Թերթերում էին հետո կարդացել ու զարմացել: Գիտեին, թե Հունաստանում լավ գործի եմ (Ծիծաղում է,- Ա.Կ.): Օրինակ՝ եղբայրս էլ էր այդ կազմակերպության անդամ, բայց ես չէի իմացել:

Մենք հաղթեցինք, ժողովուրդն ընդունեց մեզ:

Վիրավոր ժամանակ էլ նույնիսկ շարունակել էի հրահանգներ տալ: Ընկերս գալիս-ասում էր՝ ոստիկանն այսպես ասաց, ես էլ ասում էի՝ գնա այսպես պատասխանիր: Կամ, մեկը սրտի խնդիր ունի, դեղ է պետք, ասում էի, է՜, թող բերեն տան, ու հավելում էի՝ մի՛ վախեցիր, այս պահին Ֆրանսիան ղեկավարողը մենք ենք: Ինչ ասենք՝ պետք է անեն: Պատանդները, ամեն ինչ մեր ձեռքում են: Իսկ դատավարության ժամանակ հաղթանակը չեմ ուզում վերագրել մեզ: Մենք հաղթեցինք, մենք կարողացանք ժողովրդին ընդգրկել այդ պայքարում, ժողովուրդն ընդունեց մեզ: Դա կինո չէր, պայքար էր: Մենք հանձնվեցինք՝ ըստ պայմանավորվածության: Ոստիկանապետը հարցնում էր, թե բա մնացածը ե՞րբ պետք է դուրս գան, ասացի՝ մենք 4 հոգով ենք…:

Բանտում գտնվելիս մեզ շատերն են օգնել: Ով հնարավորություն ուներ, օգնում էր: Իմ ճակատագրից դժգոհ չեմ: Ոչ միայն նրա համար, որ ողջ եմ մնացել, այլև, որ նման պատասխանատու գործողությունն ինձ էր վստահվել: Դա մեծ պատիվ էր:

ԱՍԱԼԱ–ն չի լինի այն ժամանակ, երբ կազատագրվի Արևմտյան Հայաստանը:

Կարող է՝ գործարանը որոշ ժամանակով կանգնած լինի ու արտադրություն չլինի, բայց ինքը կա: Ես կամ, ընկերներս կան: 6-7 հոգի այս պահին Հայաստանում են: ԱՍԱԼԱ-ն չի լինի այն ժամանակ, երբ կազատագրվի Արևմտյան Հայաստանը:
Արցախյան պատերազմին մասնակցեցի ուրիշ անունով:

1990 թվականին եկա Հայաստան: Երեք ամիս հետո արդեն որոշել էի, որ մնալու էի: Հայրենի հողի արժեքը ես զգացի այստեղ: Դեր խաղաց նաև ժողովրդի վերաբերմունքը:

Արցախյան պատերազմին մասնակցեցի, բայց ոչ իմ անունով: Սովետական անձնագրով էի: Պետք չէր, որ իմանային, ճանաչեին: Անձնագրում Սամվել էր գրած, ազգանունս էլ չեմ հիշում: Իմ նման բեղերով մարդ էր: Վազգեն Սարգսյանն էր տվել այդ անձնագիրը:

Չգիտեմ՝ առաջինը ե՞ս սիրահարվեցի, թե՞ նա:

Կնոջս հետ ծանոթացա Հայաստան գալուց 6-7 ամիս հետո: Նրան պատահական եմ տեսել՝ Մամուլի շենքում: Լրագրող ընկերներիցս մեկը մի բանաստեղծուհու ստեղծագործությունները պետք է վերցներ, որպեսզի թերթում տպագրվեր: Ինձ էլ առաջարկեց, որ միասին գնանք: Ասացի՝ ամոթ է, ի՞նչ գամ: Մամուլի շենքում էինք: Ընկերս, թե՝ հիմա գնամ հարցնեմ, կարո՞ղ ես գալ, թե՞ չէ: Միջանցքում երկու աղջիկ էին կանգնած: Գնաց ու նրանց հետ խոսեց: Այս աղջիկներն էլ ինձ նայում ու ծիծաղում էին:

Համաձայնեցին, ու նրանց հետ գնացինք: Ինձ համար կարևոր էր հայկական օջախ մտնելը, շփվելը: Հետաքրքիր էին նաև բանաստեղծները, քանի որ Լիբանանում մի տեսակ չոր են գրում: Չկա էներգիան:

Գնացինք, երկար ժամանակ խոսեցինք պոեզիայից, և այլն: Կինս այդ բանաստեղծուհու աղջկա ընկերուհին էր: Հետո առաջարկեցի ճանապարհել, ու 3-րդ մասից քայլելով, զրուցելով՝ հասանք Լենինգրադյան փողոց:

Ճիշտն ասած, չգիտեմ՝ առաջինը ե՞ս սիրահարվեցի, թե՞ նա: Բայց վերջում միշտ տղան է գնում, աղջկա ձեռքը խնդրում, չէ՞: Հա, լավ, եկեք ասենք, որ ես առաջինը սիրահարվեցի: Ինքը համ սիրուն էր, համ գժոտ, համ բոյով: Իրար նման էլ ենք: Մեկ-մեկ տեսնողներն ասում են՝ ոնց որ քույրդ լինի:

Պաշտպանության նախարարությունից մի քիչ նեղացած եմ:

Մի քիչ նեղացած եմ Պաշտպանության նախարարությունից: Երբեք իմ խորհրդի կարիքը չունեցան: Դպրոցներ ու զորամասեր էլ երբեմն հրավիրում են, էլի լավ է:

Անի Կարապետյան
168.am

Input your search keywords and press Enter.