Արարատը՝ Բայազետից, Արարատից, Խոր Վիրապից ու Իգդիրից. Էջե Գյոքալփի ցուցահանդեսը

«Լեռը լուսանկարել եմ տարբեր տարածքներում, տարբեր գաղափարախոսությունների կրող, տարբեր մարդկանց դիտանկյունից, փորձել եմ ուսումնասիրել որպես մի երևակայական տարածք, ինչպես կնկարագրեր Էդվարդ Սաիդը»։

Լուսանկարիչ Էջե Գյոքալփի` Արարատ լեռան թեմատիկայով «Ավելին, քան լոկ լեռը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի Քադըքյոյ շրջանի Փոշե սրահում։ Հունիսի 2-ին բացված ցուցադրությունը նպատակ ունի միավորել Արարատ լեռան ժամանակակից ու պատմական նշանակությունները։ Ծրագրի առանցքում գտնվում է այն, թե ինչպես են հարյուրամյակներ շարունակ լեռան շուրջ ձևավորվել պատմություններ, առասպելներ ու իրադարձություններ, և թե ինչպիսի դեր են ունեցել դրանք լեռան հուշարձանացման և անձնավորման հարցում։ Լուսանկարիչը Արարատ լեռը նկարել է Բայազետից, Արարատից (Աղրըից), Խոր Վիրապից ու Իգդիրից:

«Ակոսը» խոսել է լուսանկարիչ Էջե Գյոքալփի հետ, որը կներկայացնենք մասամբ:

– Ցուցադրության ժամանակ տեսնում ենք նաև լեռան շրջակայքում գտնվող բնակավայրերի նկարներ:
– Լեռը տարբեր աշխարհագրական տարածքներում, տարբեր գաղափարախոսությունների կրող, տարբեր մարդկանց դիտանկյունից նկարելով՝ փորձել եմ ուսումնասիրել որպես երևակայական աշխարհագրություն, ինչպես Էդվարդ Սաիդը կասեր։ Այս «երևակայական» ծրագիրը ես վերցրել եմ որպես բարձրագույն լիցեյի թեզի թեմա և ուսումնասիրում եմ դիտողների ու պատմության միջոցով։ Այն քաղաքները, գյուղաքաղաքները, որտեղից դիտել եմ լեռը, ցույց տալը ևս իմաստալից եմ համարում։ Ինչպես նաև, ինչ-որ ձևով Արարատին ծանոթ, սակայն Բայազետին, Ակնալիճին անծանոթ մարդկանց վերջիններիս մասին տեղեկություն տալու հնարավորությունս ավելի արդյունավետ օգտագործելով, այս «Ավելին, քանի լոկ լեռը» անունը կրող նոր, սակայն այնքան հին, լեռան շրջակայքում գոյություն ունեցող կյանքից էլ մի պատառիկ ներկայացնել ցանկացա։

– Ցուցահանդեսում առկա են Արարատի` Աղրըից, Իգդիրից, Գյորբուլաքից և Խոր Վիրապից արված նկարներ։ Այդ նկարներն անելիս որևէ խնդրի հանդիպե՞լ եք։

– Ոչ մի խոչընդոտի չեմ հանդիպել։ Այս աշխատանքի տեսական մասն իմ թեզում էլ ավելի մանրամասն եմ նկարագրել, իսկ իմ փորձերն ու դիտարկումները փոխանցելու ու գործնական կերպով կիսվելու համար այն գրքի եմ վերածելու, այդ պատճառով ամենամոտ ապագայում ցանկանում եմ կրկին այցելել այն վայրեր, որտեղ մեկ անգամ եմ եղել։ Հայաստանում եղած մեկ շաբաթվա ընթացքում լեռը կարողացա տեսնել միայն վերջին օրը՝ երեկոյան։ Դաշտային աշխատանքների ընթացքում իմ արած առաջին շրջագայության ժամանակ նախևառաջ փորձեցի հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունեմ։ Գումարային խնդիրների պատճառով Հայաստան երկրորդ անգամ չկարողացա գնալ և այնտեղ՝ Բայազետում, արածս շրջագայության ժամանակ մի ռեպորտաժ չկարողացա պատրաստել, ինչն իմ ներսում անավարտության զգացում է առաջացնում։

Աղբյուրը՝ http://www.agos.com.tr/tr/yazi/20897/bes-farkli-bolge-tek-bir-dag
Թարգմանեց Անի Մելքոնյանը

Input your search keywords and press Enter.