Փաշինյան․ Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է

Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաև ագրեսիայի է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», — ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ակնկալում է կառուցողական քննարկումներ և զրույցներ՝ անվտանգության օրակարգի շուրջ։

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ — «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։

«Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», — շեշտեց Հայաստանի վարչապետը:

«Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Input your search keywords and press Enter.