Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բենյամին Նեթանյահուին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները «բավական դրական» են զարգանում։ «Դա վերաբերում է մեր փոխգործակցությանը ոչ միայն տնտեսության ոլորտում, դա վերաբերում է նաև քաղաքական ոլորտի փոխգործակցությանը։ Եվ ռազմական գերատեսչությունների միջև էլ հարաբերությունները բարձր մակարդակով են դասավորվում»,– ասել է Պուտինը։

Նեթանյահուն նշել է, որ Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն է տալիս Մերձավոր Արևելքում և աշխարհում անվտանգության և վստահության բարձրացման համար։ Նրա խոսքերով՝ իսրայելական իշխանությունների հիմնական ուշադրությունը կենտրոնացված է Սիրիայի և այդ երկրում Իրանի ներկայության վրա։
«Մենք քայլեր չենք ձեռնարկի Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ, իսկ Դուք դուրս հանեք իրանցիներին»,- գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Նեթանյահուն:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Նեթանյահուն հերթական անգամ ներկայացրել է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ իսրայելական կողմի դիրքորոշումը:

Վարչապետը խոստացել է, որ Իսրայելը խստորեն կանխարգելելու է իր օդային և ցամաքային սահմանը խախտելու ցանկացած փորձ։

Input your search keywords and press Enter.