Արցախյան հակամարտության բանակցային գործընթացն այլընտրանք չունի. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծել է նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:
Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին։

Input your search keywords and press Enter.