Ղարաբաղյան հակամարտության մեջ անցյալի անտեսումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին. Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը, անդրադառնալով հայաստանյան տարբեր իշխանությունների օրոք տիրող այն տեսակետին, ըստ որի կարևոր չէ Արցախյան հակամարտության ծագումը, այսինքն՝ պատմական մասը, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառներն ու ծագումնաբանությունը չափազանց կարևոր է շեշետելը միջազգային տարբեր հարթակներում։

«Այն շրջանառվում է տակավին 1990-ական թթ. սկզբից ինչպես այս հակամարտության արևմտյան ու մոսկովյան վայ-վերլուծաբանություններում, այնպես էլ միջազգային հայտնի միջնորդների որդեգրած (ու ՀՀ քաղաքական վերնախավին պարտադրված) դիրքորոշումներում։ Հակամարտության պատմությունն ամբողջությամբ անտեսելու գաղափարախոսությունն սկզբից ի վեր դրված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների հիմքում։ Սա այն գլխավոր կառուցվածքային թերություններից է, որը թույլ չի տվել միջազգային միջնորդական առաքելությանը հաջողություն գրանցել։

Անցյալի անտեսումը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, բնականաբար, չեն ցանկանում վերհիշել 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը, 1920 թ. մարտի 22-26 Շուշիի հայոց կոտորածը, ԼՂԻՄ-ի ապօրինի ստեղծումն ու նրա սահմանների անարդար գծումը, խորհրդային շրջանում իրականացված Նախիջևանի հայաթափումը, Ղարաբաղի հայոց դեմ բռնաճնշումներն ու խտրական վերաբերմունքը, 1988 թ. փետրվարին Սումգայիթում ու 1990 թ. հունվարին Բաքվում կազմակերպված ջարդերը… Բանակցությունների շրջանակների մեջ այս իրադարձությունների ներառումը դնելու է թյուրքական այդ զույգ ֆաշիստական պետություններն անելանելի ծանր վիճակում։

Հետևաբար, թե՛ քարոզչական առումով, թե՛ դիվանագիտական տեսանկյունից հակամարտության պատմության վերհանումը միշտ աշխատում է մեր օգտին։

Հատուկ պարզաբանության կարոտ է այն հարցը, թե Ի՞ՆՉ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Անգամ հայ դիվանագետներից կարելի է լսել, թե այս հակամարտության կարգավորման մեջ պատմությունն իբր որևէ դեր չունի։ Մեր ռազմավարական մտածողության թերի զարգացումն է պատճառը, որ արևմտյան ռազմավարաբանների և դիվանագետների այս սխալ կարծիքը հեշտությամբ թափանցել է և ընդունվել նաև հայաստանյան դիվանագիտական շրջանակների մեջ։

Այս կարծիքը ճիշտ է միայն այն մասով, որ մեծ տերություններն իսկապես անտեսում են հակամարտության պատմությունը, սակայն Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիան, Ղարաբաղը և Ադրբեջանը կատարում են իրենց ռազմավարական բոլոր հաշվարկները հակամարտության պատմական անցյալի հիմքի վրա. Թուրքիան և Ադրբեջանը մտավախություն ունենալով, որ, եթե Հայաստանն ամուր պետություն դառնա, կարող է մի օր հարց բարձրացնել ցեղասպանության պատասխանատվության և տարածքային զիջումների մասին, իսկ ՀՀ-ն ու Ղարաբաղը՝ իրավացիորեն վախենալով, որ հայաջնջման քաղաքականությունը դեռևս մնում է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում և հարմար առիթի դեպքում կարող է դարձյալ ողջ թափով գործադրվել»։

Input your search keywords and press Enter.