Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կարող է տեղ գտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին շուտով կարող է տեղ գտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում:

Վանի մշակույթի և զբոսաշրջության հարցերի տնօրեն Մուզաֆեր Աքթուղի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվը աճել է: 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Աղթամար է այցելել է շուրջ 83 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկ:Աքթուղը նաև հայտնել է, որ Թանգարանների գլխավոր վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է այս տարի հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին Համաշխարհային ժառանգության մշտական ցանկում ընդգրկելու համար: 2015-ին եկեղեցին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցուցակում:

«Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ առաջինի պատվերով: Ըստ ավանդության՝ կղզու անունը կապված է գեղեցկուհի Թամարի ու նրան սիրահարված երիտասարդի մասին պատմող հուզիչ առասպելի հետ», — նշում է հոդվածագիրը:

2005 թվականին ձեռնարկվեց եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շուրջ երկու տարի տևած վերակառուցմանը մասնակցել են մի շարք արվեստաբաններ, հնագետներ, շինարարներ, ինչպես նաև հայազգի ճարտարապետ: 2007-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի անցկացվել:

Input your search keywords and press Enter.