Սեպտեմբերի 6-7-ի դեպքերից անցել է 63 տարի

Սեպտեմբերի 6-7-ի դեպքերից անցել է արդեն 63 տարի։ Այդ օրերի ականատես լրագրող Միհաիլ Վասիլիադիսի խոսքերով, այդ ամենը ազգային փոքրամասնությունների ոչնչացման քաղաքականությունն էր, հայտնում է gazetekarinca.com։
1955թ.-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով:
Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի թուրքերն անցան ակտիվ հարձակումների քաղաքների քրիստոնյա բնակչության դեմ: Խոշոր ավերածությունների ենթարկվեցին հատկապես Ստամբուլի քրիստոնեաբնակ Բեյօղլու, Քուրթուլուշ, Սամաթիա թաղամասերը, ինչպես նաև Ստամբուլի կղզիներում գտնվող հույների և հայերի ամառանոցները:
Ըստ թուրքական մամուլի տվյալների՝ սեպտեմբերի 6-7-ի դեպքերի զոհ է դարձել 30 մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալները նշում են, որ հարձակումների ժամանակ մահացել է 300 մարդ։ Հարձակման հետևանքով ավերվել է 4214 տուն, 1004 աշխատավայր, 73 եկեղեցի, մեկ սինագոգ, երկու վանական համալիր, 26 դպրոց։ Ոչնչացվել են եկեղեցու խաչերը, սրբանկարները և մնացած բոլոր գույքերը։
Սեպտեմբերի 6-7-ի դեպքերի վերաբերյալ Մարդու Իրավունքների Ասոցիացիայի (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի և խտրականության դեմ հանձաժողովի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ սա պետության կողմից մշակված գործողություն էր։
«Այս ամենը մանրակրկիտ կազմակերպված ռազմական գործողություն էր։ Ազգային անվտանգության ծառայությունը մշակել է այդ ծրագիրը, իսկ պետությունը դասը լավ սերտած բազմության միջոցով իրականացրել է այդ ծրագիրը»,-նշված է հայտարարության մեջ։
«Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, անդրադառնալով սեպտեմբերի 6-7-ի դեպքերին, նշել է, որ 1915թ․-ից հետո այն ամենամեծ զանգվածային թալանն էր։

Input your search keywords and press Enter.