«Մարտադաշտի Հրեշտակ» Կլարա Բարտոնի Հայաստանյան Առաքելությունը

«Արեւմտյան Հայաստան» հեռուստաընկերության գլխավոր էջը ներկայացնում է նորաբաց «Արմենոցիդ» բաժինը, որի շրջանակներում ներկայացնում ենք տարբեր պատմություններ՝ կապված հայերի դեմ կատարված ցեղասպանությոան հետ։

 

Փետրվար ամիսին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս է ժամանում ԱՄՆ Կարմիր խաչի հիմնադիր եւ նախագահ Կլարա Բարտոնը` 1894-1896 թվականների կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

 

Կլարա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թվականի դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում։ 1852 թ. Բորդենթաունի Նյու Ջերսի նահանգում նա հիմնադրում է անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին։ Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ։

 

1895 թ.-ի ավարտին Հայ օգնության հանձնաժողովը եւՄիսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կլարա Բարտոնին։  

1895 թվականի դեկտեմբերի 14-ին Կլարա Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը Հայաստան օգնություն կուղարկի, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն՝ մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար։ Փետրվարի 16-ին Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս։

 

Մարտի 18-ին Կլարա Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար։ Այստեղից նրանք շարժվում  են դեպի հյուսիս-արևելք՝ Խարբերդ և Մարաշ, որպեսզի օգնեն հազարավոր փախստականների։

 

Կոտորածներին հետևում էին որովայնային տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները։ Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները դադարեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը։ Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000-ը։ Մեծ թվով մարդիկ էին մահանում։ Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազում է։

 

Փախստականներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահաստոցներով։

 

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կլարա Բարտոնը ցանկանում էր։ Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնություններ, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում։

 

Սեպտեմբերի 2-ին Կլարա Բարտոնը վերադառնում է Լոնդոն։ Կլարա Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանի որ քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի բարերարության կարիքն ուներ։ Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թվականի մայիսը։

 

1897 թվականի վերջին Վաշինգտոնում Կլարա Բարտոնի և իր գործընկերների զեկույցները՝ Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում։ Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին։

 

http://www.genocide-museum.am/eng/18.11.2011.php

Input your search keywords and press Enter.