Ինչպես 1915թ․-ին, այպես էլ  հաջորդ տարիներին Հայերի դեմ կատարված Ցեղասպանության ժամանակ,  իրենց նախնիների հողերում ապրող հայերը, բնաջնջվել եւ տեղահանվել են: Տարածաշրջանում հայերի ներկայության ավելի քան երկու հազար տարիներին վերջ է դրվել, իսկ նրանց թողած մշակութային ժառանգությունը պարբերաբար ոչնչացվել է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին համարվում է մշակութային եղեռնի վառ  օրինակ:

Մարթա Մեքայելյանը, ում ծնողները Երուսաղեմից (մայր) եւ Հորդանանից (հայր) են, առաջին սերնդի հայ է (ծնված ԱՄՆ-ում): Նա գրում է.

«Լեզուն է մշակույթի ճանապարհային քարտեզը: Այն պատմում է, թե որտեղից է գալիս նրա ժողովուրդը եւ ուր է գնում »

Երբ կարդում էի ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից հրատարակված վտանգված լեզուների ցանկը, այն ինձ բավականին շփոթեցրեց, քանի որ արեւմտահայերենը դասակարգված էր  «անշուշտ վտանգված» լեզուների շարքում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ «անշուշտ վտանգված» նշանակում է, որ «երեխաները լեզուն այլեւս չեն սովորում որպես մայրենի լեզու»: Ներկայումս արեւմտահայերեն խոսում են միայն 200.000 մարդ: Այնուամենայնիվ, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, սփյուռքում հայերի թիվը 6-7 միլիոն է կազմում:

Ազգի ինքնության, մշակույթի, արժեքների եւ ժառանգության պահպանումը կախված են նրա լեզվից: Արեւմտահայերենը բացառություն չէ: Երեխաներին արեւմտահայերեն սովորեցնելը չպետք է լինի «կամընտական», այն պետք է լինի նպատակաուղղված: Դա կարող է դժվար թվալ, բայց ոչ անհնար:

Տարված աշխատանքի պտուղները միանգամից չեն երեւա կամ լսվի, փոխարենը, ամիսներ կամ տարիներ անց, նվիրված եւ վճռական տրամադրված ծնողը կտեսնի, որ իր երեխան (կամ երեխաները) հասել են լեզվի տիրապետման բավարար մակարդակի։

Շեշտը պետք է դնել նվիրվածության եւ վերաբերմունքի վրա: Խոսքը միայն փոքր երեխաների ծնողների մասին չէ․ յուրաքանչյուր տարիքի մեծահասակ, հայ կամ ոչ հայ, կարող է հեշտությամբ արեւմտահայերեն սովորել՝ հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիապես հարուստ մուլտիմեդիայի դարաշրջանի բազմազան հնարավորությունները։

Հարց է առաջանում, թե որքա՞ն ժամանակ է պահանջվում սովորել նոր լեզու կամ մայրենի լեզուն: Իմ սեփական հետազոտությունից ելնելով կարող եմ ասել, որ երկու տարվա ընթացքում օրական երեսուն րոպեն լեզվական սահունության հարմարավետ մակարդակի կհանգեցնեն: Կրկին պետք է նշել, որ արեւմտահայերենը «անշուշտ վտանգված» լեզուների շարքում է: Սակայն այս ամենը կարելի է փոխել, եթե սփյուռքը միասնական եւ հաստատակամ նպատակ ունի պահպանել մեր լեզվի սիրտն ու հոգին եւ, ի վերջո, մեր ազգը:

Շատերը կպնդեն, որ նրանք չունեն այդ երեսուն րոպեն, որպեսզի ամեն օր հատկացնեն լեզու սովորելուն, մինչդեռ մեր սոցիալական ցանցերում անցկացրած օրական թիվը երկու ժամից ավելի է կազմում: Իրականում լեզուն սովորելը մեր պատասխանատվությունն է հաջորդ սերունդների հանդեպ: Երբեք էլ ուշ չէ արեւմտահայերեն սովորելու եւ այն պահպանելու համար :

 

https://armenianweekly.com/2018/09/24/the-necessity-of-preserving-western-armenian/

Input your search keywords and press Enter.