Հայերի Դեմ Կատարված Ցեղասպանությունը Վերապրած Հայկ Ահարոնյանի Վկայությունը

Հայերի դեմ կատարված Ցեղասպանությունը վերապրած Հայկ Ահարոնյանի հուշագիրը գրվել է իր որդու՝ Էմանուել Սերխիո Ահարոնյանի կողմից:

 

Հայկ Ահարոնյանը ծնվել է 1905 թ. Մայիսի 25-ին, Սեբաստիայում եւ հաճախել է հայկական մասնավոր դպրոց: Մի օր թուրքերը նրանց հայտարարում են, որ արտաքսում են բոլոր հայերին: Նրանք Հայկ Ահարոնյանի ընտանիքին առաջարկում են կրոնափոխ լինել եւ ընդունել իսլամ, սակայն Հայկի հայրը՝ Մանուելը, պատասխանում է, որ ծնվել է քրիստոնյա եւ մահանալու է որպես քրիստոնյա: Հայերի դեմ կատարված Ցեղասպանության  ժամանակ Ահարոնյանը կորցնում է ութսունհինգ հարազատներ: Միայն մեկին՝ Լեւոն Դարբինյանին է հաջողվում անցնել Ռուսաստանի սահմանը եւ ապաստան գտնել Արեւելյան Հայաստանում:

 

Մի թուրք Հայկին տանում է Մալաթիայում գտնվող իր հողամաս, որտեղ նա  ինը տարի աշխատում է: Վեց-յոթ տարեկան բոլոր երեխաները այդ ժամանակ սպանվում էին, որովհետեւ նրանք հետագայում կհիշեին, որ եղել են հայ ու քրիստոնյա։ 19-ամյա Հայկը բազում դժվարություննեի հանդիպելով՝  վերադառնում է Սեբաստիա: Նա գնում է իր հոր տուն եւ պարզում, որ այնտեղ արդեն թուրք ընտանիք է ապրում: Երբ նա հայտարարում է, որ տունը պատկանել է իր հորը, թուրքերը պատասխանում են նրան. «Հեռացի՛ր այստեղից, հակառակ դեպքում կկտրենք գլուխդ»:

 

Այսպիսով Հայկը ճանապարհ է ընկնում Կոստանդնուպոլիս՝ դեպի մեկ այլ վտանգավոր ճանապարհորդության: Նա այնտեղից ուզում էր գնալ Ֆրանսիա կամ ԱՄՆ: Սակայն նրան ձերբակալում են եւ մեղադրում երկիրը թողնելու մեջ։ Բանտում նա հանդիպում է Գեւորգ Հալաջյանին։ Այդ հանդիպումը նկարագրվում է Հալաջյանի «Դեպի կախաղան» վերնագրված հուշագրում: Հալաջյանը նկարագրում է Ահարոնյանին որպես մի երիտասարդ տղամարդ, ով  «արտաքսման ժամանակ կորցրել էր իր ծնողներին, անապատի վառող արեւի տակ խոշտանգվելով՝ ամբողջովին այրել է մարմինը, իր սիրելիներին կորցնելու վիշտը խոցել է սիրտը, գերեզման է փորել իր ձեռքերով եւ այնտեղ՝ անապատի ավազներում, թաղել քրոջը, եղբորը, հորն ու մորը, բայց երբեք չի հուսահատվել կամ բարոյազրկվել»:

40-45 օրվա ընթացքում բանտում խոշտանգումբների ենթարկվելուց հետո՝  մի հայ գտնում է նրան, գումար վճարում պահակներին եւ ազատ արձակում: Հայկը իտալական մի նավ է նստում եւ իր պատմությունը պատմում անգլիացի նավապետին: Նավապետը, լսելով պատմությունը, Հայկին թաքցնում է նավում։

 

1924 թ.-ին  Հայկ Ահարոնյանը հաջողությամբ հասնում է Տրիեստ եւ գնում Վենետիկ` Մխիթարյան հայրերի մոտ: Հետագայում  նա դառնում է Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ: Ուսանողներից մեկի՝ Գաբրիել Զարմանյանի հրավերով մեկնում է Տրիպոլի, Լիբիա: Այնտեղ նա ամուսնանում է Գաբրիելի քրոջ հետ: Երեխայի ծնվելուց 33 օր հետո Նվարդը՝  նրա կինը, մահանում է: Հետագայում նա ամուսնանում է հայերի դեմ կատարված ցեղասպանությունից փրկված Փայլուն Սիրունյանի հետ։

 

1948-ին Հայկ Ահարոնյանը որոշում է հեռանալ Տրիպոլի բարգավաճ կյանքից եւ վերադառնալ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն. «Ես հոգնել եմ առանց երկրի մարդ լինելուց: Մենք հայ ենք եւ Հայաստանը մեր հայրենիքն է: Ի վերջո, իմ ընտանիքը սպանվեց, քանի որ մենք հայ ենք»: Սակայն որոշ անհաջողությունների հանդիպելով՝  ընտանիքը ստիպված է լինում հրաժարվել հայրենիք վերադառնալու մտքից։

 

Որդուն ուղղված նամակում Հայկը գրում է. «Թուրքերը մեզ սպանեցին բարբարոսաբար… Նրանք հորս սպանեցին իմ աչքի առաջ, մորս ինձնից բաժանեցին: Նա իր ձեռքերում պահում էր երկու տարեկան աղջկան՝ Շնորհիկին: Ես մի գեղեցիկ վեց տարեկան քույր ունեի՝  Պերճուհին եւ ութ տարեկան եղբայր՝ Արտաշեսը: Չգիտեմ, թե ուր են նրանց տարել թուրքերը եւ ինչպիսի դաժանությամբ են սպանել նրանց՝ բոլոր հարազատներիս հետ միասին: Նրանք ինձ ու մյուս հայ տղաներին տարան իրենց հետ: Դա մոռանալն անհնար է»: Հայկ Ահարոնյանը,  ընտանիքին արտաքսման ժամանակ հաղթահարած իր տառապանքների մասին պատմելով, միշտ նշում էր. «Դուք պարզապես լսում եք դրա մասին, բայց մենք տեսել ենք մեր աչքերով»:

 

http://www.genocide-museum.am/eng/news-08.01.2018-Aharonyan.php

Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի  սաները ուսուցիչների հետ, 1929-1932թթ .:

Աջ կողմից առաջին նստածը Հայկ Ահարոնյանն է

1973 թ. Փետրվարի 25-ին Հայկ Ահարոնյանի նամակից՝ ուղղված իր որդուն

Input your search keywords and press Enter.