Մարաղայի կոտորած, որ իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված։

<<Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցմով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել։>> — Բարոնուհի Քերոլայն Քոքս

Input your search keywords and press Enter.