Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրեցին խաղաղ բնակչության կոտորած,որի արդյունքում զոհվել է շուրջ 50 բնակիչ և 100 էլ գերեվարվել: 1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։

Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան խաղաղ բնակիչների դիակները՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված։   

    Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցմով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել,-բարոնուհի Քերոլայն Քոքս:

Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի, սպանվել է ոչ պակաս 45 բնակիչ։ Ըստ հայկական անվանական ցանկի, զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քերոլայն Քոքսի կողմից)։

Միջազգային մամուլը գրեթե չլուսաբանեց կատարվածը,սակայն միայն ականատեսների վկայությունները լիովին բավարար են սպանդի կազմակերպիչներին և անմիջական կատարածուներին դատարանի առջև կանգնեցնելու համար և որպես պատերազմական հանցագործ դատապարտելու համար:

Input your search keywords and press Enter.