«Պապիս ընտանիքին մորթել են 1915-ին. հղի կանանցից մեկին սրի են քաշել». ցեղասպանությունից փրկվածի ժառանգ

Aravot.am-ի զրուցակիցը Սիմոն Տարոնյանն է՝ ծնված Արեւմտյան Հայաստանի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի տարածք). բնիկ տարոնցիների ժառանգ է: Եվրոպայում զբաղվում է արեւմտահայերի իրավունքների պաշտպանությամբ, պարբերաբար այցելում նաեւ Հայաստան: Պատմում է, որ իր պապերի օջախը մեծ է եղել. Տարոն գավառի Ղզլաղաճ գյուղում մի կտուրի տակ ապրել է 48 հոգանոց Հովհաննիսյանների ընտանիքը, որին պատկանել է Օսմանյան Թուրքիայում թութունի ամենամեծ ու հայտնի արտադրությունը:

«Մինչեւ ցեղասպանությունը Տարոնում բոլորը հայերեն էին խոսում. եթե հայերեն խոսել չիմանայիր, Տարոնի շուկա մտնելը խնդիր կլիներ»,-պապի պատմածն է հիշում Սիմոն Տարոնյանը: Նա փաստում է, որ գերդաստանի մասը 1915թ.-ին, ինչպես եւ բազմահազար հայերի ընտանիքներ, գլխատվել է: Սիմոն Տարոնյանի փրկված պապը՝ Ալիքը, ապաստանել է թաքստոցում, ապա դժվար ճանապարհ բռնել դեպի Տիգրանակերտ (Դիարբեքիր՝ ներկայիս Թուրքիայի տարածք): Նրա եղբորից ժառանգները մինչ օրս տեղեկություններ չունեն, թուրք զինյալներն են գաղթի ճանապարհին առեւանգել:

«Պապս որբ մնաց. նրա հորը, մորը, ամբողջ ընտանիքին մորթեցին մի կտուրի տակ, լցրեցին գոմն ու այրեցին: Պապիս եղբոր կինն այդ ժամանակ հղի էր: Նրան սրի են քաշել ու…Պապս յոթ եղբայր ուներ: Մինչեւ վերջին շունչը նա չէր մոռանում ընտանիքը: Միշտ ուզում էր տուն դառնալ, բայց ստիպված մնաց Տիգրանակերտում՝ մի թուրք հարուստ աղայի մոտ որպես ստրուկ: Դժվար կյանք ունեցավ, հետո ամուսնացավ եւ վերադարձավ Տարոն»,-ասում է մեր զրուցակիցը: Սիմոն Տարոնյանը շեշտում է՝ ճիշտ չէ Օսմանյան Թուրքիայի ոճրագործությունների մասին խոսել միայն Հայոց ցեղասպանության տարելիցի ժամանակ. «Ցեղասպանությունը սկսվել է դեռեւս Աբդուլ Համիդի ժամանակ եւ այսօր էլ շարունակվում է: Արեւմտահայերն ունեն հիմնարար իրավունքներ. աշխարհի հայերը չգիտեն, թե մինչ օրս մենք ինչ պայմաններում ենք ապրում եւ ինչ խնդիրներ ունենք Արեւմտյան Հայաստանում»:

https://www.aravot.am/2019/04/26/1038902/

 

Input your search keywords and press Enter.