Ունիսի 9-ը «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆԻ հիշատակի օրն է ։ Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:

Նախնական կրթությունը ստացել է Աղաբեկալինջի տարրական դպրոցում, ապա Մարտակերտի թիվ 2 ութամյա դպրոցում: Միջնակարգ կրթություն ստացել է Ներքին Հոռաթաղ գյուղում: Աշխատել է Մարտակերտի շրջանային թերթի խմբագրությունում՝ որպես տպագրիչ: Խորհրդային բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1983թ. և աշխատանքի անցել հայրենի գյուղում՝ որպես գյուղատնտես:

1985թ. աշխատել է Մարտակերտի անտառատնտեսությունում:

Ամուսնացել էր, ուներ երեք երեխա:

Երբ Ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերին փոխարինեց զինված պայքարը, Վլադիմիրն առաջին գծում էր՝ որպես ջոկատի հրամանատար: Վաճառել էր սեփական ավտոմեքենան, զենք էր գնել եւ ինքնապաշտպանական ջոկատ կազմավորել, որը պատրաստ էր դիմակայել թշնամուն:Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն որևէ այլ շրջանի դրության վատթարացման դեպքում, նա իր զինվորների հետ անմիջապես հասնում էր օգնության:

1991 թվականի ձմռանը Շահումյանում կայացավ Վլադիմիր Բալայանի եւ Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը: Այն զորամիավորումը, որ հիմնեցին Լեոնիդը եւ Վլադիմիրը, 1990-1991թթ. կոչվեց «Ազատագրական բանակ», որը նմանը չի ունեցել բոլոր ժամանակների հայկական զորամիավորումների պատմության մեջ: «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատարը Վլադիմիր Բալայանն էր:Ազատագրական բանակը փայլուն հաղթանակներ էր տոնում: Երկու տարվա ընթացքում անընդմեջ մասնակցելով մարտական գործողությունների՝ ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան եւ տալով ընդամենը 7 զոհ:

Վլադիմիրը 6-րդն էր. նա զոհվեց 1992թ. հունիսի 9-ին Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում: Բալայանի զոհվելու լուրն առնելուն պես Լեոնիդ Ազգալդյանն ասես մեկ օրում ծերացավ: Լեոնիդի աչքերում իր մարտիկները միայն մեկ անգամ արտասուք տեսան … Վլադիմիրի գերեզմանի առջև: «Նա ցույց տվեց մեզ բոլորիս, որ մենք զենքով կարող ենք երկիրը մեր պահել: Էն մակարդակը, որ ինքը ուներ կամ ունի, էդ մակարդակի մարդ ամեն ժողովուրդ ծնում է երևի մի 3-4 դարը մեկ: Էդ պետք ա պարզ մենք հասկանանք: Եվ արմատը, որ ինքը դրել ա էս երկրի վրա, չթողնենք ոչ մի կաթիլ հետքը նահանջի: Դա է ամենակարևորը մեզ բոլորիս համար, որովհետև ինչ արել ա էս մարդը, դա ամեն մեկը չի կարա անի: Իրոք, մեզ բոլորիս նա տվել ա մակարդակ, դուխ, հասկանո՞ւմ եք, զինվորի՛ մակարդակ: Նա զոհվել է, նա գնացել է դեպի աստվածներ, որովհետև էնտեղ իր պահանջը կա, հավանաբար այդ է իմաստը: Ուրեմն պետք ա երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ, նա զո՛հ է, ոչ նահատակ: Էս մարդը ոչինչ չի ափսոսացել, ոչի՛նչ. ո՛չ ընտանիք, ո՛չ առողջություն, ո՛չ միտք, ո՛չ էներգիա, ո՛չ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել ձեզ համար, էս հողի համար…»,- ասում էր Լեոնիդը ազգի զինվորի սուրբ աճյունի մոտ:Մարտական ընկերոջը հուղարկավորելուց հետո նա երկար կանգնեց հողաթմբի մոտ ու ասաց. «Մեկ է, ես շուտով գնալու եմ՝ երկնքում հանդիպեմ Վլադիմիրին»: Ապա դառնալով իր զինվորներին` դիմեց. «Գիտեմ, դժվար է, սակայն փորձության ժամին չզլանաք, կանչեք Վլադիմիրին, և նա կհասնի օգնության»:

Վլադիմիր Բալայանը մասնակցել է Շահումյանի, Շահբուլաղի, Աղդաբանի, Լաչինի, Մարտակերտի ազատագրական մարտերին: Նրա լոկ ներկայությունը լիուլի բավարար էր ապահովելու Մարտակերտի բնակչության արժանի դիմակայությունը:

Հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Input your search keywords and press Enter.