Փարիզի քաղաքապետարանը ցուցահանդես կկազմակերպի Հայոց ցեղասպանության թեմայով

Ապրիլի 29-ից հուլիսի 4-ը Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բացառիկ ցուցահանդես կանցկացվի: Այն կրում է «Հայաստան 1915. Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացվելու են Ցեղասպանության թեման լուսաբանող հարյուրավոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ՝ բերված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև՝ Փարիզի Նուբարյան գրադարանից: Առանձին բաժին կնվիրվի Ավրորա Մարդիգանյանի կենսագրությանը:

Ինչպես ArmenianGenocide100.org-ին հայտնեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, միջոցառումը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնաժողովի հետ համագործակցությամբ:

Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից տեղի է ունենալու ցուցահանդեսի հանդիսավոր բացումը ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ: Փարիզի քաղաքապետարանի կողմից հասարակական վայրերում և մետրոյում՝ շուրջ 1000 ցուցավահանակի վրա, կտեղադրվի միջոցառման ազդագիրը:

http://hayernaysor.am

Input your search keywords and press Enter.