Հայերի բնաջնջման որոշումը

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-Այսօր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն առնչվող  հիմնական պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան չի առերեսվում սեփական պատմության հետ։

Եթե չկա որևէ պատճառ, ինչու է գրվել ցեղասպանության այս գրառումը։ Պատճառը որոշ նոր տեղեկություններ և փաստաթղթեր են, որոնք մենք գտել ենք Օսմանյան արխիվում:

Այս առիթով ես շնորհակալություն եմ հայտնում Օսմանյան արխիվի պատասխանատուներին` այդ փաստաթղթերը հետազոտողներին հասանելի դարձնելու համար:

 

Արխիվում գտնվող մի շարք փաստաթղթեր և տեղեկատվություն բավարար են խնդրի վերաբերյալ կասկածներն ու անորոշությունները ամբողջությամբ վերացնելու համար:

Հարցը շատ պարզ է. ե՞րբ է կայացվել հայերի ոչնչացման առաջին որոշումը:

Պատասխանն էլ պարզ է. Օսմանյան արխիվների համաձայն՝ ոչնչացման առաջին որոշումն ընդունվել է 1914 թվականի դեկտեմբերի 1-ին:

Որոշումը կայացրել է Էրզրումի «Կենտրոնական կոմիտեն»: Որոշումը նույն օրը «գաղտնի» գրությամբ ուղարկվեց Ստամբուլ: Մասնավորապես, խնդրվել է հենց փոստում ոչնչացնել հեռագրի պատճենը:

Որոշումը վերաբերում էր Վանի և Բաղեշի (Բիթլիս) նահանգներում բնակվող հայերին:

Այդ որոշման մեջ կայացված վճիռը հետևյալն է. «[Հոդված] 4. Թե կենտրոնում և թե ծայրամասերում հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մահմեդականների վրա հարձակվող (դրա մեջ կասկածվող) հայերին, ձերբակալել և անմիջապես ուղարկել Բիթլիս՝ ոչնչացնելու համար»:

Դատավճիռը նպատակ ունի հավաքել և ոչնչացնել նրանց, ովքեր կասկածվում են հեղափոխություն վարելու կամ մահմեդականների վրա հարձակման մեջ: Այսպիսով, հիմնականում տղամարդ բնակչության մասին է: Դա մի տեսակ նախազգուշացում է:

Փաստաթղթում օգտագործված ոչնչացման մտահղացումը չափազանց կարևոր է:

 

Այլ աղբյուրներից տեղեկանում ենք, որ 1914 թ.-ի դեկտեմբերի 1-ին ընդունված այս որոշումը գործադրվել և չի սահմանափակվել միայն տղամարդ բնակչությամբ, այլ ընդգրկել է նաև կանանց և երեխաների:

Այստեղ հարց է ծագում․ կա՞ արդյոք վերջնական կայացված որոշում, և եթե կա, ե՞րբ է այն կայացվել:

Այս հարցին մոտավոր պատասխան կարող ենք տալ։

 

Այո, Հայերի բնաջնջման համար կայացվել է վերջնական որոշում, որն ընդունվել է 1915 թ. Փետրվարի 15-ից մարտի 3-ի միջև:

Այդ որոշման մասին տեղեկացնում է Բահաեթթին Շաքիրը՝ Միություն և առաջընթացի կենտրոնական կոմիտեի անդամ և կազմակերպության ղեկավարը։

 

Շաքիրը իր նամակում, որը նա գրել է Միություն և առաջադիմություն կուսակցության Ադանայի մասնաճյուղի պաշտոնատարին 1915 թ. Մարտի 3-ին, մասնավորապես ասում է․ “Հասարակությունը, հայրենիքը այդ անիծյալ ցեղից (հայերի) փրկելու․․․ Թուրքիայում բնակվող ամբողջ հայերին՝ մինչև վերջին մարդը, ոչնչացնելու որոշման մեջ կառավարությանը լայն լիազորություններ է տրվել։ Կառավարությունը նահանգապետներին և բանակի հրամանատարներին կտա անհրաժեշտ պարզաբանումներ, թե ինչպես սպանել և ոչնչացնել դրանց”:

Նամակի տակ դրված է Բահաեթթին Շաքիրի ստորագրությունը:

Մեր ձեռքում ունենք Բահաեթթին Շաքիրի ավելի քան 100 ստորագրություն: Դրանք պահպանվում են Փարիզյան մատյաններում, որտեղ գտնվում են 1905-1907 թվականներին Միություն և առաջադիմություն կուսակցության նամակագրությունը շրջանների հետ: Նրանք հասանելի  են մեր գրադարաններում և արտատպվում են իրենց բնօրինակների ձևով:

Այժմ մեկ այլ հարց է առաջանում․

 

Ինչպե՞ս է 1914-ի դեկտեմբերի 1-ին տարածաշրջանի համար ընդունված բնաջնջման որոշումը փետրվար ամսվա վերջին փոխակերպվել վերջնական որոշման:

 

Ակնհայտ է, որ սա ռադիկալացման (արմատականացում) գործընթաց է։

Այս արմատականացմանը հնարավոր է հետևել Օսմանյան արխիվների փաստաթղթերում։

Արխիվում առկա բազմաթիվ փաստաթղթեր ցույց են տալիս, որ 1914-ի դեկտեմբերի 1-ի որոշումից հետո հատկապես Բիթլիսի, Վանի, Էրզրումի,Խարբերդի և Տիգրանակերտի նահանգապետներին արմատական որոշման հարցում պարտադրել են։

Այդպիսով, նրանք դառնում են ոչ թե սովորական կատարածուներ, այլ՝ ողջ գործընթացի կարևոր գործակից։

Փաստաթղթերը շատ կարևոր են, քանի որ դրանք վերջ են տալիս 1915 թվի վերաբերյալ բազմաթիվ անհարկի և անիմաստ քննարկումներին։

Մի պարզ իրականություն կա Օսմանյան արխիվի փաստաթղթերը մեզ ցույց տալու համար։ Այժմ գլուխներս ավազի մեջ թաքցնելու տեղ այլևս չունենք։

 

«Հայերի դեմ ուղղված ոչնչացման վճիռ չկա», «հայերը պարբերաբար ոչնչացման չեն ենթարկվել», «այդ փաստի վերաբերյալ փաստաթղթերը կեղծ և հորինված են», «մեր արխիվները բաց են, ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել, դուք այնտեղ չեք գտնի ոչնչացման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ»․․․ Արդեն ժամանակն է մի կողմ թողնել շուրջ մեկ դար  ընթացող և անիմաստ դարձած այս պնդումները։ Ժամանակն է առերեսվել ճշմարտության հետ:

Իրականում մենք ունենք մի պարզ ճշմարտություն:

Եվ այս իրականությունը պետք է տեսնեն և հասկանան բոլոր քաղաքական կուսակցությունները:

Եթե մենք չշփվենք պատմության հետ և չխոսենք պատմության մասին, մենք չենք կարող լուծել մեր այսօրվա խնդիրները:

Այսօրվա հիմնախնդիրների լուծումը մեծապես կախված է պատմության հետ ազնիվ և անկեղծ զրույցից:

Եթե մենք ի վիճակի լինեինք խոսել Օսմանյան կայսրության վերջին շրջանում Միություն և առաջընթաց կուսակցության հատկապես հայերի դեմ կազմակերպած կոտորածների մասին, այսօր մենք շատ խնդիրների չէինք բախվի:

Այսօր գլխավորապես քրդական խնդրի, էթնիկ-մշակութային ինքնությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մյուս խնդիրների պատճառը պատմության հետ մեր չառերեսվելն է:

Ով խավարեցնում է իր անցյալը, ապագան չի կարող լուսավորել։

Վերջին խոսքս հետևյալն է․ ով կկարդա այս հոդվածը, խնդրում եմ իմ նշած Օսմանյան փաստաթղթերը ներկայացնել պարոն Թայիփ Էրդողանի ուշադրությանը:

Կարիք չկա, որ մեր նախագահը անտեղի ամաչի:

Նշում. Սույն հոդվածում նշված Օսմանյան փաստաթղթերի և արխիվային գրառումների համար տե՛ս. «Թաներ Աքչամ». «Երբ է կայացվել հայերի ոչնչացման որոշումը»:«Բիրիքիմ» ամսագիր 2019 թվականի օգոստոս, թիվ 364:

 

Թաներ Աքչամ

21 Օգոստոս 2019թ․

 

 

Հիշեցնենք նաև, որ 1894 թվականից մինչև 1923 թվականը Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքներում բնակվող բնիկ հայ ժողովուրդը Թուրքիայի երեք կառավարությունների կողմից էլ ենթարկվել է ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.