Մշո Սուրբ Կարապետը կամ Գլակավանքը Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր և հնագույն վանքն է եղել: Վանքային մեծ համալիրը տեղակայված էր Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք, Քարքե կոչվող լեռան լանջին։ Ի սկզբանե այն հեթանոսական մեհենատեղի էր, իսկ վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։ Դարեր շարունակ վանքը եղել է հայ գրչության, կրթության և մշակութային կենտրոն, ունեցել է խոշոր մատենադարան և փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: 1915 թվականի մեծ եղեռնից հետո վանքն ամբողջությամբ ավերվել է:

Մեր պատմությունը 1312 թվականին հայ վարպետների կողմից ստեղծված Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դռան մասին է, որը հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոց է համարվում: Ներկայումս դուռը պահվում է Կանադայում, փակ մասնավոր հավաքածուում: Անհավանական սյուժեով արկածային ժանրի մի ֆիլմի է նման այդ դռան հայտնաբերման իրական պատմությունը, որի մասին իր հուշապատումում մանրամասն նկարագրել է ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն  Հախնազարյանը: Այդ հուշապատումը տպագրվել է 1997-ին, «Գարուն» ամսագրում:

Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976 թվականին 5000 գերմանական մարկով ձեռք է բերել և իր տանը գաղտնի կերպով պահել է Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի մտերիմ ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերին: Այդ հարցում Ռիխտերին օգնել է նրա թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Այդ զինվորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով, գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերում է հին դուռն ու հետո կարողանում այն տեղափոխել Ստամբուլ:Ի դեպ, քուրդ գյուղապետը, ֆինանսական խնդիրներ ունենալով, արդեն պատրաստվում էր սղոցել, ըստ նախշերի մաս-մաս անել այդ դուռն և  կտորները վաճառել դրսից գյուղ եկած զբոսաշրջիկներին: Սակայն զինվորականը կարողանում է համոզել գյուղապետին, որ դրանով դռան արժեքը միայն պակասելու է, իսկ ինքն, անպայման, գնորդ կգտնի՝ ամբողջական դուռը գնելու համար: Գյուղապետը համաձայնում է. զինվորականը լուսանկարում է դուռը և դիմում է իր հարևան Ռիխտերին, որն էլ համաձայնում է գնել այն՝ նախապես խորհրդակցելով Արմեն Հախնազարյանի հետ: Ահա այդպես դուռը հայտնվում է Ռիխտերի տանը, Ստամբուլում:

Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը գալիս է Ստամբուլ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատում է, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ դա, փաստորեն, Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռն էր եղել: 

Այսքանից հետո, սակայն, առաջանում է մի անլուծելի թվացող խնդիր. ինչպե՞ս հանել դուռը Թուրքիայից:Հաղթահարելով բազում դժվարություններ, հնարավոր է դառնում այդ բացառիկ պատմական նմուշը հանել Թուրքիայից: Դուռը հանգրվան է գտնում Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում:

Տեղի է ունենում անսպասելին. Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերը բանտարկվում է և մահանում բանտում՝ սրտի տագնապից: Ռիխտերի մահից հետո Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն և տեղեկանում, որ տիկին Ռիխտերը պատրաստվում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի:

Պատմում է Արմեն Հախնազարյանը. «Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է` Հայաստան: 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց և մուրճի հարվածով Մշո սուլթան սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի: Հեռախոսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճյանի հուսախաբ ձայնը. «Շատ նեղված եմ, Արմեն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին և ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մեկը գնեց, չգիտենք` ով…»: Այդպես, 1996 թվականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և ընդամենը 50 հազար դոլարով գնվում անհայտ մի անձի կողմից. հայտնի է միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված և գովազդված է եղել, և հայկական շրջանակները պետք է որ շահագրգռված լինեին այդ սուրբ և անգին գանձը ձեռք բերելու համար:

Input your search keywords and press Enter.