Հայ բեմի առաջնուհին. Սիրանույշ

1857-ի մայիսի 25-ին Պոլսի Բերա թաղամասում, բնիկ վանեցի ատաղձագործի ընտանիքում ծնվեց մի աղջնակ, որին վիճակվելու էր համազգային փառք ու ճանաչում: Նախնական կրթություն միայն ստացած Մերոպե Գանթարջյանը պիտի դառնար «հայ բեմի լուսատու աստղը», «հայ ցեղի պարծանքներից մեկը»: Պիտի դառնար Սիրանույշ: Եվ դարձավ:
Այո՛, Սիրանույշի արտիստական շնորհներն սկզբից ևեթ ակներև էին ու անուրանալի. հրայրքոտ տեմպերամենտ ուներ, իդեալական շարժուձև, դուրալի ձայն, արտահայտիչ դիմախաղ, ամեն ինչ սրտով ընկալող, մարդկային հոգու ամենանուրբ թրթիռներն զգալու և նույնպիսի նրբությամբ վերարտադրելու ունակությամբ էր օժտված: Ժամանակակիցներից մեկի վկայությամբ՝ «Սիրանույշը… գեղանկար է, գրեթե անդորր, անտագնապ: Սակայն նրա խոսքի մեջ կա զսպված կիրք, շարժումների մեջ՝ լիաբուռն և լիակատար զգացմունք, որ ջինջ է, պարզորոշ, վիթխարի: Եվ ի՜նչ ձայն՝ երաժշտություն, որի մեջ հնչում է կանացի հմայքի անխարդախ ու մշտաշող մետաղը»:
Գեղեցկուհի չէր, բայց առինքնում էր առաջին իսկ հայացքից, իսկ բեմում արդեն կախարդական թովչանք էր ձեռք բերում ու գերում ամենքին:
Հանգամանքներն էլ (ո՛չ անձնական կյանքը, որ լի եղավ անդարմանելի կորուստներով ու վշտերով) բարենպաստ էին ի սկզբանե, նշանավոր դերասանուհի Ազնիվ Հրաչյայի ազգականուհին էր, ավագ քույրը՝ Աստղիկը, դերասանուհի էր, և նրանց օգնությամբ կապվեց թատրոնին, դեռատի ընդունվեց Մաղաքյանի, ապա Վարդովյանի թատերախմբերը, բեմական դպրոց անցավ այդ հմուտ վարպետների ձեռքի տակ, ոգևորվեց գտած հաջողությամբ…
Բայց Սիրանույշը Սիրանույշ դարձավ այն օրինաչափությամբ, որ մեծությունները ծնվում են, երբ հասարակությունն սպասում է նրանց ու երբ նրանց առաքելությունն է նշանակալից… Հիրավի մեծ էր Սիրանույշի առաքելությունը հայ մշակույթում: Ադամյանից հետո նա իր արվեստով ու անձով պիտի կամրջեր արևմտահայ ու արևելահայ բեմերը, հաստատուն բուն լիներ նույնարմատ, բայց երկճյուղ այն ծառի համար, որ կոչվում էր հայ թատրոն: Եվ ազգային միասնական արվեստում օրգանապես մեկտեղեր դասական բնազդն ու ռուս մեծ բեմարվեստից սերած իրապաշտ ոգին, ռոմանտիկական ու ռեալիստական ոճերը, բեմում հնչեցներ մեր երկփեղկված լեզվի ընդհանրական գեղեցկությունը:
Սիրանույշը ճանաչեց, տեր կանգնեց ու արժանի եղավ իր կոչմանը:
Որքան հրաշալի, նույնքան էլ զարմանալի էր նրա վերելքն ու սխրանքը:
Սիրանույշի գրեթե ամեն քայլը, ամեն դերակատարումն ուղեկցվել է թեժ վեճերով ու տարակարծություններով: Կարճատես միամտություն կլիներ դրանց ակունքը սոսկ շրջապատի անըմբռնողության կամ չկամության ու նախանձի մեջ որոնել (թեև դրանք էլ են եղել և քիչ չեն պղտորել դյուրազգաց ու դյուրագրգիռ արտիստուհու հոգին): Էական պատճառը նրա արվեստի անսովորությունն ու յուրօրինակությունն էր, որի ընկալումը նույնիսկ բարեկամներից պահանջում էր որոշակի խորատեսություն ու առանձնահատուկ ճաշակ, որ ուներ ինքը՝ Սիրանույշը, որով իր դեր-կերպարներում միահյուսում էր դասականությունն ու արդիականությունը, արվեստի բարձր, անանց սկզբունքները և կենդանի իրականության թրթիռները: Հավատարիմ էր մնում արվեստի հավերժական գեղեցկությանը և արձագանքում ժամանակի մղումներին՝ յուրովի արտահայտելով հարազատ ժողովրդի տրամադրություններն ու մտածումները:
Սիրանույշին հաճախ հանդիմանում էին իր պոլսական խաղացանկի դերերից ու խաղաոճից լիովին չհրաժարվելու համար, մոռանալով, որ դրանով նա ոչ միայն պահպանում է իր կապը ակունքների հետ, այլև բերում էր մի գույն, որ ինչքան էլ «հին» լիներ կամ թվար, այնուամենայնիվ, իր ինքնօրինակ արվեստի բնական երանգներից էր: Վիճում էին նաև այն հարցի շուրջ, թե Սիրանույշը ճի՞շտ է վարվում, արդյոք, ավելի հաճախ դիմելով դասական խաղացանկի դերերին, և համեմատաբար քիչ՝ ազգային թատերագրության կենցաղային հանգի կերպարներին: Այս դեպքում էլ հարկ եղածին պես չէր կարևորվում այն, որ դերասանուհու դասական անձնավորումները միշտ և առանց բացառության ամենաանմիջական ու սերտ աղերս ունեին արդիականության հետ, դրա՛ն էին ուղղված: Եվ որ ազգայինը Սիրանույշի արվեստում դրսևորվում էր սովորականից տարբեր ձև ու կերպարով: Ճիշտ է նկատված, որ Սիրանույշին խորթ էր ազգայինի արտաքին հատկանիշների ընդգծումը: Ճշմարիտ արվեստը չի կարող զուրկ լինել ազգային դիմագծից: Բայց որոշակի դիմագիծ ունենալու համար նախ պիտի կենսական, մարդկային և գեղարվեստական ճշմարտություն կրի իր մեջ: Սիրանույշը այս սկզբունքին էր հետամուտ և այդ չափանիշով էր գնահատում իր և այլոց ստեղծագործությունը: Այստեղից էլ նրա անձնավորումների համոզչությունը, հավատ ներշնչելու ուժը, հասկանալիությունը ոչ միայն հայ, այլև օտար հանդիսականին: Դրանք, միաժամանակ, ծնունդ էին հայ իրականության, արձագանքը այն տրամադրությունների, խոհերի ու տենչերի, որոնցով ապրում էր հայ հասարակությունը մի ժամանակաշրջանում, երբ իրար էին հաջորդում հույսերն ու հուսախաբությունները, սոցիալական ընդվզումներն ու անկումները: Ու երբ արվեստի մարզում էլ խաչաձևվում էին գեղարվեստական իրարամերժ ուղղություններն ու հոսանքները՝ արվեստի մարդիկ հաճախ հայտնվում էին դժվարին երկընտրանքի առջև՝ հագուրդ տալ նորամուտ արվեստի հանդեպ հասարակության հետաքրքրասիրությա՞նը, թե՞ հավատարիմ մնալ բարձր, իսկական արվեստին, ենթարկվելով «հետամնացության», «հնացածության» մեջ մեղադրվելու վտանգին:
Սիրանույշը գնում էր երկրորդ ճանապարհով՝ ցուցաբերելով թե՛ քաղաքացիական արիություն, թե՛ ստեղծագործական համարձակություն: Դա, իրոք, խիզախություն էր և մեծ հավատ այն արժեքների, ավանդույթների հանդեպ, որ նաև ինքն էր ստեղծել և հաստատել հայրենի բեմում: Միաժամանակ ճիշտ չէր լինի պնդել, թե Սիրանույշն անտարբեր ու անհաղորդ էր այն նոր տեղաշարժերին ու հովերին, որ թատրոն էին մուտք գործել կյանքի բնականոն ընթացքով: Այն տասնյակ նոր դերերը՝ թե՛ թարգմանական, թե՛ ինքնուրույն պիեսներում, որ նա անձնավորել էր դարասկզբին, երբ արդեն իրեն գտած, հասուն արվեստագետ էր, վկայում են նրա ստեղծագործական ճկունությունն ու շրջահայացությունը: Սակայն նա ոչ թե հարմարվում էր դրանց, այլ հարմարեցնում էր իրեն՝ իր սկզբունքներին, արվեստի իր ըմբռնումներին: Զորեղ ու ինքնավստահ արվեստագետը միայն կարող էր հերթական հաջողակ դրամատուրգի միջակ, բայց նորամոդա գործը վերցնելով՝ այնպես ձևել «իր վրա», որ հանդիսատեսը բոլորովին այլ որակ ու մակարդակ տեսներ, մեծ արվեստի շունչը զգար:
Վերկենցաղային, բայց ոչ վերացական արվեստով, կատարյալ տեխնիկայով, իր անզուգական «անձնականությամբ» ու ողբերգական անկեղծ շնչով, Սիրանույշը կենդանություն է տվել բազում անկենդան դերերի, եթե դրանցում ճշմարիտ գեղարվեստականության թեկուզ մի հատիկ, մի կայծ է տեսել: Նա կարողանում էր նկատել կայծը, բոցավառվել իր կրքոտ ներքինով, բեմում հըրդեհ բռնկելով, որի տաք շնչից ալեկոծվում էր դահլիճը: Այդ հըրդեհը, իհարկե, շատ ավելի ուժգին էր լիարժեք այն կերպարներն անձնավորելիս, որ կազմել են Սիրանույշի դերացանկի զարդը. Մեդեա, Հովհաննա, Մարգարիտ Գոթիե, Զեյնաբ, Ռուզան, Համլետ…
«Մեդեա – ահա բարձունքը Սիրանույշի փառքի, ահա ապոգեյն այն թռիչքի, որից վեր անկարելի է երևակայել: Այստեղ նա վիթխարի էր, հոյակապ, անհաս, անխոցելի, անքննադատելի, անթերի»: «Տիկին Սիրանույշն ամենայն իրավամբ Հովհաննայի դերը կարող է համարել լավագույնն իր ռեպերտուարում»:
Մարգարիտ Գոթիեի դերում Սիրանույշի «խաղը վերին աստիճանի մշակված էր, գեղարվեստը հասցրած ծայր կատարելության… Գործողությունն ավարտվեց, դահլիճը տեսածի ու զգացածի ազդեցության տակ մի քանի վայրկյան լուռ էր և միայն այն ժամանակ, երբ վարագույրը ծածկվեց, նոր միայն բոլորը կարծես զգացին, որ թատրոնում են, և ահա այնժամ սկսվեց կեցցեների և ծափահարությունների փոթորիկը»:
«Սիրանույշը Զեյնաբի դերում աննախընթաց հաջողություն ունեցավ: Նա մրցակից չուներ այդ դերում»: «Սիրանույշը Ռուզանի կերպարն անձնավորելով, նպատակ է ունեցել հայ աղջկան, հայ երիտասարդությանն ընդհանրապես մղել «դեպի վեր, ազնիվ զգացումներ … դեպի բարձր, ազնիվ աշխարհը: Եվ նա… իր նպատակին հասել է լիովին»:
Սիրանույշի Համլետի մեջ կային և՛ արդարության ու ճշմարտության ձգտումներ, և՛ ցասումնալից վրեժխնդրության վճիռ, և՛ դառն բողոք բարոյական այլանդակությունների դեմ, թունավոր ծաղր ստորաքարշության, դավաճանության, սրբապղծության վրա, և՛ հոգեկան տարուբերումներ, և՛ տանջող խոհերի բեռ»:
Եվ այսպես, ժամանակակիցները, Սիրանույշի կյանքին ու գործին նվիրված հետազոտությունների հեղինակները միահամուռ վկայում են դերասանուհու արվեստի կատարելությունը, ամբողջությունը, անկրկնելիությունը: Այն, որ նա անմրցակից էր, հոյակապ, անթերի: Եվ որ նա ոչ միայն համահայկական, այլև համաշխարհային երևույթ է թատրոնում: Սիրանույշին համեմատել են Սառա Բեռնարի, Էլեոնորա Դուզեի, Ֆեդոտովայի և այլոց հետ, համարել «հայկական Սառա Բեռնար», «հայկական Դուզե», «հայկական Ֆեդոտովա» և այլն: Բայց նա ինքն էր՝ Սիրանո՛ւյշը, որի անունը որևէ այլ մակդիր չի ընդունում: «Բարդ, կնճռոտ խնդիրներ, անելանելի հոգեվիճակ, պայքարի անհրաժեշտություն, կործանման անխուսափելիություն, կրքերի տիրապետություն, բողոք, տանջանք, մրրկահույզ ընթացք» – ահա Սիրանույշի տարերքը՝ Դ. Դեմիրճյանի ընկալումով:
Այս տարերքով նա բեմում անում էր ոչ միայն անձնավորված կերպարի կյանքի պատմությունը, իր իսկ տառապալից կյանքի պատմությունը, այլև իր հարազատ ու անչափ սիրելի ժողովրդի կյանքի պատմությունը՝ արտահայտելով նրա խռովահույզ հոգու տագնապները, նրա տենչերն ու երազները, նրա սպասումներն ու ցավերը, ազատության, երջանկության նրա կարոտը և դրանց համար պայքարելու նրա կամքը: Դարասկզբի բարդ, հակասական իրականության մեջ Սիրանույշի արվեստը ասես յուրատեսակ մի կողմնացույց լիներ, որ հայ առաջադեմ մտավորականությանը, երիտասարդությանը, ողջ հասարակությանը տալիս էր դրական լիցքեր, ազնվության դասեր, արդարության համար ոգորելու մղումներ: Դրա համար էլ այնքան անվերապահ ու բուռն էր նրա հանդեպ հանդիսականների սերը, հիացմունքը, որ հիմա էլ, շատ տասնամյակներ անց, կարծես լսում ես ծափերի ու հիացմունքի ցույցերի արձագանքը և այսօր էլ մեր ժողովրդի երախտապարտ սրտում հառնում է հայ բեմի առաջնուհու՝ Մեծ Սիրանույշի շողշողուն կերպարը:
Սիրանույշի (ինչպես և մեր բեմի մյուս մեծերի) դեպքում իր իմաստը կորցնում է այն միտքը, թե դերասանի արվեստն անցողիկ է, կորչում-չքանում է իր հետ միասին: Ո՛չ, իսկական, մեծ ու վեհ, իրո՛ք մարդկային և իրո՛ք ժողովըրդական բեմարվեստը չի չքանում, այլ մտնում է ականատես սերունդների արյան մեջ, դառնում նկարագիր, բնավորություն՝ և հենց դրանով՝ անմահանում ու հավերժանում… Այդպես անմահ ու հավերժ է Սիրանույշի անզուգական արվեստը:

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ
«Գրական թերթ»

http://www.magaghat.am

Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ

Input your search keywords and press Enter.