Կիթառով աղջիկը

Ո՞վ կարող է չհամաձայնել այն կարծիքին, որ կինը եւ կիթառը հետաքրքիր զուգորդություն է: Կանացի ձայնը կարող է հնչել եւ խրոխտ, եւ շատ քնքուշ, չափազանց մեղեդային: Այս ամենը մարմնավորում է բազում գեղեցիկ երգերի հեղինակ Արմինե Հայրապետյանը, ում մասին դեռ տարիներ առաջ որեւէ բան խոսելիս հաճախ ասում էին` այ էն կիթառով աղջիկը: Դա արդեն զանազանում էր նրան բոլոր այլ աղջիկներից: Նա կիթառով աղջիկն էր:

«Արմինե ջան, երգ գրելը քեզ համար արդեն ճակատագիր է»,- 2007 թ.-ին` հեղինակային երգի «Ոսկե կիթառ» փառատոնի ժամանակ, Արմինեին բեմի վրա ասել է Ռուբեն Հախվերդյանը: Այս խոսքերի հետ թերեւս կհամաձայնեն բոլոր նրանք, ովքեր գեթ մի անգամ լսել են Արմինե Հայրապետյանի կատարումները, նրա` ճախրելու տպավորություն ստեղծող ձայնը:

Թեեւ առաջին անգամ Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը տարօրինակ են հնչել Արմինե Հայրապետյանի համար, բայց հետո արդեն, մտածելով այդ մասին, նա հասկացել է, որ այն ունկնդիրը, ով իր երգերը լսելիս ամեն անգամ ինչ-որ ապրումներ է ունենում, լինի կին, թե տղամարդ, տարեց, թե երիտասարդ, դրա կարիքը ունի, եւ եթե այդ միջոցը տրված է իրեն, ուրեմն ինքը պատասխանատու է դրա համար: Արմինե Հայրապետյանի ունկնդիրը շատ սիրում է լսել «Բարեւը», «Թեւերը»: Շատերը գիտեն, շատերն էլ ոչ, թե ինչքան անձնական են դրանք, միեւնույն ժամանակ էլ` ոչ անձնական: Արմինեի ամենաթանկ երգերը նվիրված են Արշակին` իր ամուսնուն, ով ռազմական օդաչու է եղել:

«Վերջին շրջանի ամենաթանկ խոսքերը ուղղված էին հենց իրեն, որովհետեւ կային բաներ, որ ես կուզեի, որ նա լսեր: Եվ հույս ունեմ, որ նա լսում է»,- ասում է Արմինե Հայրապետյանը:

«Բարեւը», «Թեւերը» նվիրված են սիրելի մարդուն: Երբ Արմինեն է երգում, նա երգը նվիրում է իր Արշակին, բայց ինչպես ինքն է ասում, յուրաքանչյուր ոք, ով երգում է նույն այդ երգերը, կարող է դրանք նվիրել իր սիրելի էակին: Այսօր շատերին իր նուրբ ձայնով կախարդած Արմինե Հայրապետյանը սպա է, ամուսնու մահից հետո զինվորագրվել է հայկական բանակին: Մասնագիտությամբ նա հնագետ է: Հնագետ երաժիշտ, այն էլ հեղինակ-կատարող: Ի՞նչ է այլեւս հարկավոր հեղինակ կատարողին, եթե ոչ սարեր, անտառներ, արշավներ, խարույկ, կիթառ… «Երկար տարիներ ես միշտ զարմանում էի, որ ներսից ներքուստ երաժշտություն եմ լսում: Ես իսկապես երաժշտություն էի լսում երկար, երկար տարիներ: Ու ես կարծում էի, որ բոլոր մարդիկ էլ իրենց ներսում երաժշտություն են լսում: Հիմա, իհարկե, վստահ չեմ, որ բոլոր մարդիկ են լսում, բայց կարծում եմ` դա շատերին է հատուկ, ուղղակի ոչ բոլորն են կարողանում արտահայտել այդ երաժշտությունը: Երբ ամեն ինչ լռում էր, բոլոր ձայները լռում էին, չորս կողմը ոչինչ չկար, ներսից այդ երաժշտությունը սկսում էր ինքն իրեն հնչել: Երկար, երկար տարիներ ես զարմանում էի, թե դա որտեղից է գալիս: Երբ ես սկսեցի երգեր գրել, բացվեց այն աղբյուրը, որով ես կարող եմ այդ հնչող երաժշտությունը դուրս հորդել»,- ասում է Արմինեն:

Կարելի է ասել, որ հեղինակային երգով իր տարվածությունը սկսվեց հենց այդ ժամանակվանից: Արմինե Հայրապետյանի խոսքերով` իր վրա շատ մեծ ազդեցություն է թողել Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործական ողջ գործունեությունը: Ինչպես եւ շատերը մեր օրերում, երբ աչքերը բացել է, լսել է հենց նրա ստեղծագործությունները: Տարիների ընթացքում ծանոթացել է եւ Էդվարդ Զորիկյանի, եւ Վահան Արծրունու, եւ Արմեն Մովսիսյանի, եւ Լիլիթ Պիպոյանի հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր մեջ, այն Արմինեի մեջ, ում հիմա մենք ճանաչում ենք, իր բաժին ներդրումն ունի, որովհետեւ «յուրաքանչյուր բան, որ լսում ես, մասամբ նաեւ քոնն է դառնում, եւ այն, ինչ արդեն արտահայտում ես, մասամբ նաեւ նրանցից է»:

Մանկուց, կարելի է ասել նորածին հասակից, Արմինե Հայրապետյանը մեծացել է` Ժակ Բրելի եւ Ադամոյի երգերը լսելով: Եվ իսկապես կյանքում երգած առաջին երգը եղել է «Տոմբը լա նեժը»` 1 տարի 2 ամսական հասակում, բնականաբար ոչ լիարժեք ֆրանսերենով: Տարիներ անց` 20 տարեկանում, նորից սկսեց այդ երգը երգել` արդեն տիրապետելով լեզվին: Ժամանակին դասական երաժշտությամբ իր մեծ տարվածությունը եւս իր ազդեցությունն է թողել, որովհետեւ կան երանգներ, որ հեղինակն այլ կերպ չի զգում, քան դասական հնչողությամբ: Այդ ամենը ձեւավորել է Արմինե Հայրապետյանի ճաշակային համակարգը եւ տվել է այն միջոցները, որոնցով հետագայում սկսել է արտահայտվել:

«Միտքը, որ ինձ կարող էր ստիպել նորից անդրադառնալ տվյալ երգին կամ ժանրին, կախված էր միայն նրանից, թե արդյոք ես այնտեղ ունեմ որեւէ բան` նորից ստանալու: Այսինքն` ես աշխատում էի լսել երգեր, որոնք ինձ որեւէ նյութի մասին խորհելու միտք են տալիս: Այդպես շատ փոքր հասակից շատ եմ լսել եւ ֆրանսիական երաժշտություն, եւ անգլալեզու երաժշտություն, ռուսերեն եւ հայերեն երաժշտություն: Ինձ համար երաժշտությունը կենսական էներգիայի կարեւոր աղբյուր էր եւ հատկապես հետաքրքիր, գեղեցիկ բաների մասին պատմող երաժշտությունը»,- ասում է Արմինե Հայրապետյանը:

Հետո արդեն եկավ ստեղծագործելու պահը, եկավ, երբ ուղղակի ուզեց նոր երգ կատարել: «Մտածեցի, մտածեցի, ոչ մի նոր երգ մտքովս չէր անցնում, հետո ասացի` իսկ ինչո՞ւ չեմ փորձում ինքս գրել, եւ գրեցի: Առաջին փորձի հաջողությունն ինձ դուր եկավ, հաջողվեց ինձ հասկանալ, որ ես կարող եմ այդ միջոցով արտահայտվել»,- հիշում է նա:

Իր առաջին երգը Արմինե Հայրապետյանը գրել է 1992 թ.: Հեղինակային երգի ասպարեզում առաջին ներկայանալը 1994-ին էր, երբ 18 տարեկան էր: Այդ ժամանակ մասնակցեց հեղինակային երգի հանրապետական փառատոնին Եղեգնաձորում եւ ներկայացրեց իր առաջին ստեղծագործությունները: Երգերը շատ չէին, բայց այդ երգերը մինչեւ հիմա երգում է: Այդ երգերից է նաեւ «Արծաթաթել աշնան անձրեւը», որը շատերը, սկզբնական շրջանում ռադիոյով լսելիս, ասում էին` այդ երգը ոնց որ թե Հախվերդյանն է գրել: Ինքը` Արմինեն, իր եւ Հախվերդյանի զգացողությունների մեջ շատ ընդհանրություններ է գտնում, կարծում է, որ զգացողությունները նույն ակունքից են իրականում, բայց իրենք տարբեր կերպ են արտահայտվում եւ տարբեր կերպ են աշխարհին նայում:

«Յուրաքանչյուր երգը ծնվում է այն վերաբերմունքից, որը դու ունես տվյալ երեւույթի նկատմամբ, երեւույթը լինի անձնական, թե ոչ անձնական: Ինչպես կարողանում ես սինթեզել երեւույթը, այնպես էլ ներկայացնում ես եւ արտահայտում ես դա երգի մեջ, բանաստեղծության մեջ: Միշտ էլ անկեղծ եմ եղել, բայց հիմա անկեղծությունը դարձել է բավական մեծ մասնաբաժին: Ավելի շատ անկեղծ է այն ամենը, ինչ ես ասում եմ»: Չոր ռեալիզմն Արմինե Հայրապետյանի համար չէ: Նա այլ կերպ է տեսնում իրականությունը, պարզապես իր իրականությունը բոլորովին այլ է: Նրա երգերը զգայական են, թերեւս այդ զգայունության արտահայտումը հատուկ մտածված չէ, այլապես այդչափ անկեղծ չէր ստացվի:

«Բոլոր մարդիկ են զգայուն, զգայունության աստիճանն է տարբեր: Այն զգայունությունը, որը ես ոչ թե որպես երգահան, այլ իբրեւ անձ ունեմ, իմ ներսում կա, ես կարողանում եմ հարյուր տոկոսով արտահայտել: Պարզապես բնությունից տրված է եղել, որ ինքս ինձ տամ հարցեր եւ գտնեմ պատասխանները: Ես չէի քնում, երբ պատասխանը չէի ունենում, կապ չունի, թե ինչպիսի հարց լիներ, հիմնականում անձնական, ես-ի հետ կապված հարցեր էին: Ես երբեք չգիտեմ, թե ես վաղն ինչ աստիճանի էլ ուր կգնամ, կհասնե՞մ, կկարողանա՞մ արդյոք էլ ավելի բացել սահմանները»:

Խոսելով թերեւս հնարավոր չլիներ արտահայտել այն ամենն, ինչ Արմինեն արտահայտում է իր երգերով, որովհետեւ ինչպես ինքն է ասում, կան բաներ, որոնց մասին պետք էլ չէ խոսել: Դրա համար նրան տրված է շնորհը` երգի միջոցով արտահայտելու իր մեջ կուտակվող միտքը, զգացմունքները:

«Մարդիկ շատ ավելի տառապում են չխոսելուց, տանջվում են չպարզաբանելուց, չմեկնաբանելուց, չներկայացնելուց, թե իրենց հուզող ինչ խնդիրներ կան: Կյանքն այնքան ակնթարթային ձեւով է անցնում, պետք է ապրել յուրաքանչյուր օրը այդ օրվան համապատասխան, այդ օրվա ձեւով»:

Արմինե Հայրապետյանին նայելիս շատերի մեջ վստահ կնոջ պատկեր է ստեղծվում, թերեւս իր խոսքերով դա հաճախ միայն արտաքին պատկեր է: Արդեն բոլոր երգերն ասված են, բոլոր թեմաների մասին արդեն ավելի լավ եւ ավելի գեղեցիկ ասել է այս կամ այն երգահանը, բանաստեղծը: Այս անվստահությունները միշտ էլ եղել են: Հետո արդեն ընկերների հորդորով ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը` «Ես ետ կգամ» անունով: Իսկ վերջերս` մոտ մեկ ամիս առաջ, Նարեկացի արվեստի միությունում մենահամերգ է ունեցել, մինչեւ հիմա չի կարողանում «քանդել էմոցիաների պարսը, հասկանալ, մարսել զգացմունքների ամբողջությունը», որն այդ օրն իր մեջ կուտակվեց: Այդ համերգի մասին խոսելիս Արմինե Հայրապետյանի աչքերը փայլում են, նա այն համեմատում է երկկողմանի հուզիչ խոստովանության հետ` իր եւ հանդիսատեսի միջեւ:

Հեղինակն ունեցել է նաեւ այնպիսի ժամանակաշրջան, երբ ընդհանրապես ընդհատակ է անցել: «Ոչինչ չէի ուզում ներկայացնել աշխարհին, եւ նույնիսկ շատ քիչ էի ստեղծագործում, որպեսզի ի վիճակի լինեի ամբողջությամբ ինքս իմ մեջ ներփակվել: Եթե կանգառները չլինեն, մենք պարզապես չենք կարողանա առաջ շարժվել»:

Շատ երեւույթներ կան, որ բարկացնում են Արմինե Հայրապետյանին, բարկացած մտքերից ծնվում են երգերը, որոնք հաճախ խոսում են հասարակության մեջ մարդկանց անտարբերության մասին: Նրա ասելով` յուրաքանչյուր ժամանակ ունի իր աստիճանը` ըմբոստանալու, բարկանալու: «Երբ ծառաները տերեր դարձան» երգն անդրադառնում է կյանքի գորշության այն սահմանմանը, երբ արժեքները կարող են գլխիվայր շուռ եկած լինել, մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն բարձր արժեքի հետ, կարող են տնօրինել մարդկանց ճակատագրեր, որոշումներ կայացնել, հասարակության մեջ թելադրող դառնալ:

Արմինե Հայրապետյանը համոզված է` եթե մարդիկ Հայաստանում շարունակելու են լռել, մինչեւ ուրիշները իրենց փոխարեն խոսեն, քանի դեռ վախենալու են բարձրաձայնելուց, քանի դեռ անկյուններում են խոսելու, թաքնված են խոսելու, նման երգերը ծնվելու են: Այդ երգերը «սթափեցնող ապտակներ են, որոնք ուղղված են հասարակությանը»:

«Մարդն իր մեջ ունի եւ սպիտակը, եւ սեւը: Ինչո՞ւ է թվում, որ եթե սերը կարող է երգ ծնել, իսկ ատելությունը` չի կարող: Սիրելիս մարդը պիտի կարողանա սիրել առավելագույն չափով, բարկանալիս պիտի կարողանա դա առավելագույնս արտահայտել նույն կերպ, ինչպես սիրելիս է դա անում: Եթե չսիրես, չես էլ ապտակի, որովհետեւ չի ցավի հոգիդ: Սիրուց է, որ ցավ է առաջանում: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ապրում է այս երկրում, ով կիսում է ինձ հետ նույն օդը, նույն ջուրը, նույն դժվարությունը` թե տրանսպորտի, թե հացի, թե ջերմության, նա արդեն ինձ համար որոշակիորեն թանկ է»:

Ժամանակին Արմինե Հայրապետյանը վստահ չէր, որ իր երգերը հարկավոր են որեւէ մեկին: Բայց նրա երգերի գեղեցիկ անկեղծությունը դեպի իրեն է գրավել ունկնդիրներին: Այսօր արդեն նա ասում է` մեկը անգամ, ում հարկավոր է դա, արդեն բավական է: «Թող լսի այն մարդը, ում հարկավոր է»,- ասում է նա: Իսկ վերջում` արդեն զրույցի ավարտին, նա մի փոքրիկ խոստովանություն է անում. «Ես կուզենայի ընդհանրապես մոռացվել, միշտ ուզեցել եմ, որ ընդհանրապես ինձ մոռանան, մոռանան` ով եմ ես եղել… Բայց շատ կուզեմ, որ երգեն, երգեն այն երգերը, որ գրել եմ: Թող ինձ չհիշեն»:

 

http://hetq.am/arm/news/1719/kitarov-axjiky-video.html

 

Input your search keywords and press Enter.