Մարդը՝ կյանքի ու մահվան սահմանագծում

Ճանապարհ դեպի Մասիս կամ` Մաշված արցունք

artsakh21992 թվականի ապրիլի 22-ին բժիշկների մի խումբ մարդասիրական առաքելությամբ մեկնեց Արցախ։ 20 օր հետո խումբը վերադարձավ: Կազմից բացակայում էր մեկը՝ վիրաբույժ Արցախ Բունիաթյանը։ Դուստրը` Լիաննան, հիշում է. «Երբ հայրիկը դուրս եկավ տնից, ու դուռը փակվեց, մի տեսակ լռություն տիրեց։ Մենք մտքով պատկերացնում էինք հայրիկի անցնելիք ճանապարհն ու ենթադրում, թե բարեհաջող տեղ հասնելուց հետո ի՞նչ պիտի անի այնտեղ։ Իսկ մի քանի օր հետո, երբ ստացանք առաջին նամակը, արդեն պարզ էր, որ հայրիկը կյանքում առաջին անգամ իր խոսքին տեր չի կանգնելու, չի վերադառնալու»:
Կարճատև այցով տանը եղավ երկու ամիս անց. «Հայրիկը շատ էր փոխվել։ Գերադասում էր լռել։ Նրան կարծես ոչինչ չէր հետաքրքրում այստեղ։ Թվում էր` չի կարողանում իրեն տեղավորել այս՝ մեր աշխարհում։ Միակ սիրած խոսքն էր. «Ղարաբաղը մաքուր է, չար աշխարհի բարքերը դեռ չեն ապականել այդ հողն ու այնտեղի ավանդույթները»:

Ու արդեն երեք տարի` Աբովյանի քաղաքացիական հիվանդանոցի վիրաբույժ Արցախ Բունիաթյանը Ղարաբաղում է։ Տուն, անձնական կյանք այստեղ թողած՝ նա մարտի դաշտում է՝ մեկ Չայլու, մեկ՝ Չլդրան, մեկ՝ Մարտակերտ… Եվ պտտվում է անիվը կյանքի ու մահվան, հարատեւման ու ոչնչացման սահմանագծում։ Հերթական անգամ դեպի մահը գլորվող անիվին հետընթաց շարժում է հաղորդվում։ Վիրաբույժ Արցախ Բունիաթյանը քրտնամխած դուրս է գալիս վրան-հոսպիտալից, հայացքը երկինք հառում ու ձեռքն առնում հուշատետրը։ Եվ հենց այդ հուշատետրի էջերից մեկում կարդում եմ. «Ուշացրել էին, մեքենա չէր եղել… »:

— Հիշու՞մ եք Արցախում կատարած առաջին վիրահատությունը։
— Դժվար է էդքան ընկղմվել հիշողության խորքն ու քրքրել-հասնել հատակին։ Բայց մի ուրիշ դեպք եմ հիշում, որ մինչև կյանքիս վերջը Թումանյանի ասածի պես «սրտիս հանգիստ չի տալու»։ 1992 թվականի ապրիլի վերջերին Չայլուից նոր էի տեղափոխվել Մարտակերտի նկուղ-հիվանդանոց։ Դամառլուի ճանապարհին մի ընտանիք հրետակոծության տակ էր ընկել։ Երեք տարեկան աղջնակի ձեռքը կախ էր ընկել ուսից։ Անդամահատելուց զատ ոչինչ չէր կարելի անել։ Դեռ մի քանի օր առաջ նա մանիկյուր էր արել եղունգները, ու այնքա՜ն սիրուն թաթիկ ուներ: Նայում էի նրա աչքերին, որոնք կարծես ասելիս լինեին. «Ես ոչ մեկին պատերազմ չեմ հայտարարել»: Ինչքան գեղեցիկ աչքեր ուներ։ Չէր բողոքում, չէր լալիս: Վիրահատարանում մեզնից յուրաքանչյուրը խույս էր տալիս դանակից։ Ու այդ ժամանակ, կյանքում առաջին անգամ, ես շրջվեցի դեպի պատն ու անկախ ինձնից արտասվեցի։

Հիմա նա մեծացել է, ու ամբողջ կյանքում պիտի ապրի պատերազմի խարանն իր վրա։ Ես արտասվեցի նրա համար։

Դրանից հետո մեր անձնակազմի հետ երկար ճանապարհ անցանք։ Եվ այդ բոլորն առանձնության մեջ հիշելը շատ դժվար է։ Դա ավելի հեշտ կհիշեն իրենք, ովքեր անցել են Չլդրանով, Ալաշանով, Դրմբոնով, Մաղավուզով, իսկ զինադադարից հետո՝ Ներքին Հոռաթաղով։

— Ինքներդ Ձեզնից շա՞տ եք նեղացել։
— Հա, շատ։

— Հատկապես ե՞րբ։
— Երբ որ վրան-հոսպիտալից դուրս ես գալիս ու դիմացդ մի այսպիսի տեսարան է բացվում` միանգամից բերել են 30-40 վիրավորի, մեկը մյուսից ծանր վիճակում, մեկը հառաչում է, մյուսը՝ գալարվում ցավից, մեկը հոգեվարքի մեջ է, իսկ մյուսին արդեն ոչինչ չի փրկի: Նայում ես ու չես կարողանում անմիջապես բոլորին էլ բժշկական օգնություն ցույց տալ։ Երկու հատ վիրահատական սեղանով ի՞նչ անես։ Այսպիսի դեպքերում նեղանալն ու անկարողությունը համարժեք են դառնում։ Ո՞նց չնեղանամ, զինվոր է, է՜, 20-30 թուրքի դեմ մեն -մենակ կռվող զինվոր։ Հայ զինվորը հո հասարա՞կ հասկացություն չէ։ Պիտի պաշտել նրան, ամբողջ հանրության մտահոգության կիզակետը պիտի բևեռել նրա վրա։ Բայց, որ մեկ – մեկ այդպես չի լինում, դրա համար էլ եմ նեղանում ինքս ինձնից։ Նեղանում եմ, երբ որ զինվորին արդեն ուշացած բերում-հասցնում են վիրահատարան, երբ գիտես, որ նրան էլ ոչինչ չի փրկի, բայց նա, չհավատալով դրան, նայում է ուղիղ աչքերիդ մեջ ու փրկություն խնդրում մինչև վերջին վայրկյանը։ Շատ եմ նեղանում, շատ…

— Հե՞շտ Է վիրահատական սեղանի վրա գտնվող վիրավոր զինվորի աչքերի մեջ նայելը։
— Կյանքը շատ բան է սովորեցնում։ Եվ ցավն այն է, որ այնտեղ նրանք ոչ մի հարազատ չունեն, ու էն վերջին ժպիտը, աչքերի վերջին թարթումը, վերջին հարցն ու բառը մեզ՝ բժիշկներիս են պահ տալիս։ Յուրաքանչյուրի մեջ տեսնում ես քո հարազատին, քո զավակին։ Ու թե մարդ ես, զգալ ու հասկանալ գիտես, ցավել ու մղկտալ, ամեն մեռնողի հետ մեռնում ես, վերապրողի հետ՝ վերապրում։ Վերջապես մեր երակներում նույն արյունն է հոսում: Քաղաքացիական կյանքում գուցե ուրիշ հոգեբանություն է իշխում նման դեպքերում, այդ կորուստն ուրիշ բովանդակություն է ստանում, իսկ այնտեղ, երբ վիրավորը սեղանին է ու գլխիդ «կրակի» անձրև են մաղում, լրիվ ուրիշ է։ Իսկ այդ իրավիճակը մեզ հետապնդում Է ամեն քայլափոխի, ոոովհետև ճակատն ու թիկունքն այնքա՜ն մոտ են։ Ծանր է ընդհանրապես ականջալուր լինել ուժերի գերլարումով մահվան ճիրաններից խլած այդ մի քանի խոսքերին, մանավանդ երբ այդ նույն պահին «մսաղացն անընդհատ աշխատում է», հակառակորդի օդուժն է գնդակոծում՝ տարբերություն չդնելով հոսպիտալի ու շտաբի միջև։ Թեկուզ այսպես, երկուստեք կյանքի ու մահվան սահմանագծում, այն վերջին րոպեներն էլ կարծես բավական են նրանց ճանաչելու համար այնպես, ասես 10 տարվա ծանոթներ լինեք։ Իսկ նրանց վերջին խոսքերից, պատգամներից և ոչ մեկն իրենց չի վերաբերում՝ ծնողների մասին են ասում, «ծնված ու դեռ չծնված փոքրիկ երեխեքի», ընտանիքների ու մյուս վիրավոր ընկերների։ Ու անշնչանում են՝ վերջին խաբրիկները պահ տալով մեզ։ Եվ այդ ամենը կարող է մի բառ լինել, բայց թե դիմագծերի ինչպիսի՞ ջղաձգումով են արտաբերում այդ մեկ հատիկ բառը, դժվար է նկարագրել։ Հիշողությունները շատ են, բայց ուղեղիս մեջ ցավ կա, աշխատում եմ հնարավորին չափ քիչ հիշել։ Նրանք հպարտ են, մահն էլ ընդունում են հերոսաբար, նրանք հզոր են, մեկ առ մեկ դաջված են հիշողությանս մեջ։ Մենք էլ նույն սուրբ նպատակին ծառայելու համար ենք այնտեղ, բայց մենք դեռ շատ ցածր ենք նրանցից, որովհետև դեռ ապրում ենք։ Այդ աշխարհն իր բոլոր կողմերով, հերոսացումի ու մաքառումի՝ մեկը մյուսից հզոր դրսևորումներով նրանց սեփականությունն Է, ովքեր այնտեղ են, կյանքի ու մահվան բովում, և բոլոր նրանց, ովքեր շնչում ու զգում են Ղարաբաղն իրենց բոլոր նյարդերով։ Ի՞նչ ասեմ, դա մի ուրիշ աշխարհ է, ի՞նչը կարող ես թարգմանել, անհնար է։

— Իսկ ինչպե՞ս տեղավորեցիք Ձեզ այդ աշխարհում։
— Դժվար է, եթե գեներիդ ու կոդավորմանդ մեջ չկա։ Իսկ եթե նախնիներից եկող գեներն ապրում են քո մեջ, ուրեմն, դու, ինչ վիճակում էլ լինես, ազգիդ նվիրյալն ես։ Ի վերջո, մենք 1915, 37 թվականներ ենք ունեցել։ 70 տարվա հասարակական շերտավորման ընթացքում միայն առանձին կղզյակներ կարողացան իրենց մեջ ապրեցնել այդ գեները։ Իսկ երբ եկավ ազգին ու ազգային գործին նվիրվելու ժամանակը, հենց էս կղզյակների նվիրագործման արդյունքն է, որ այսօր այսքան տարածքներ ունենք։

— Ինձ այսօր խոր վիշտ է պատճառում «մենք» ու «դուք» արհեստական տարանջատումն ու դրանով պատճառավորված երբեմն ցավագին դրսևորումները։
— Տարածքային առումով ամեն ինչը նշանակություն ունի՝ հոգեբանությունն էլ է տարածքային, աշխարհագրական, հերոսությունն Էլ։ Լեռների զավակին, որին այդ բարձունքից Մասիսն ավելի մոտ Է թվում, եթե փորձես իջեցնել ու համեմատել արդեն այդ աշխարհի հետ, կնշանակի անհատականության ոչնչացում, ես-ի կործանում։ Բայց մենք մի ամբողջություն ենք՝ յուրաքանչյուրս մեր անհատական դրսևորումներով։ Այդ ամբողջությունը կարծես հենց տիեզերքն Է։ Այնտեղ էլ յուրաքանչյուր աստղ յուրօրինակ է փայլատակում։ Ու ինչպես մարդն անզոր է ֆիզիկական տարանջատում կատարել տիեզերքում, այնպես Էլ երկրագնդում, մեր ամբողջության մեջ, յուրաքանչյուր տարանջատում արհեստական Է, անիմաստ։ Եվ դա պիտի որ ի հայտ գա ըստ տարածքների: Բայց մեկ է՝ վերջում էլի նույն աստղազարդ երկինքն է լինելու, որը կոչվում է Հայաստան, Մեծ Հայաստան։ Ու աստղերի գոյությունը չպիտի ընկալել սոսկ ֆիզիկապես։ Յուրաքանչյուր հայ պիտի հասկանա, որ այդ իր հարազատի հոգին է լույս դարձած կանչում իրեն։ Այդ աստղը հզոր է, պաշտպանելու է իրեն։ Երբ որ կհասնենք այս կատարելությանը, Մասիսի գագաթից աստղերն ավելի մոտ կերևան։ Վաղ թե ուշ մեր ապագան այդտեղ է՝ Ղարաբաղը ճանապարհ է դեպի Մասիս։

— Ռազմաճակատային բժիշկ Արցախ Բունիաթյանն ու ընտանիքի հայրը հաճա՞խ են հոգեբանական բախումների մեջ լինում։
— Միևնույն մարդու մեջ կարող են լինել բազմաթիվ դրսևորումներ։ Ովքեր կարծում են, թե մարդն ընդամենը մի էություն է ու այդ տեսանկյունով են մոտենում նրան, չարաչար սխալվում են։ Ցանկացած մեկն իր մեջ կարող է ընդգրկել բազմաթիվ դրսևորումներ, իրավիճակից կախված։ Այն վախկոտը, որը դեռ երեկ անարգվել էր մի իրավիճակում, մեկ այլ իրավիճակում կարող է այնպիսի հերոսության ցույց տալ, որ բոլորի հարգանքին արժանանա։ Եվ հակառակը՝ ով դեռ երեկ մեծարվում Էր, մեկ այլ իրավիճակում կարող Է անարգանքի սյունին գամվել։ …Հայրությունն ու հայրենասիրությունը միաձույլ հասկացություններ են, մի ամբողջություն են։ Բանն այն է, որ ընտանիքն էլ է այդ ամբողջության մաս դառնում։ Բայց վերջինս սնվում է այդ ամբողջության մի մասով միայն, իսկ մեծ մասը պիտի գնա ազգին։ Ազգի ապահովությունից ու հզորությունից է կախված մեր ընտանիքների ամրությունը։ Մեր ընտանիքում այդ հոգեբանական բախումը չկա, քանի որ, թող ճիշտ ընկալվի, բոլորս էլ ազգի նվիրյալներ ենք։ Հավերժանալ կարելի է, եթե ազգիդ հետ ու ազգիդ համար ես գործում։ Եթե դու քո երամի հետ չես, ուրեմն մոլորյալ թռչուն ես, ուզու՞մ ես՝ գնա-դարձիր ամենահզորը։ Ո՞վ քեզ կընդունի, մեկ է՝ դու հարազատ չես քո երամին։ Ահա հենց այս գիտակցությամբ էլ աոաջնորդվում ենք մենք։

— Ծիծաղելու առիթ լինու՞մ է երբևէ։
— Ծիծաղի համար համապատասխան միջավայր է պետք։ Արդեն հարսանիքներ են լինում։ Հատկապես կուզեի նշել վերջերս Մարտակերտում տեղի ունեցած առաջին հարսանիքը։ Հարսանիքն էր 17 տարին նոր բոլորած Աշոտ Բեգլարյանի, (մականունը՝ Ճուտո)։ Ճուտոն հերոս է, պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Մի հզոր տղա, որին ես ծանոթ եմ, երբ նա դեռ 14 տարեկան էր, այժմ արդեն վաշտի հրամանատար է։ Բազմիցս ծանր վիրավորվել է, այդ թվում և գլխից։ Եզակի անձնավորություն է ճուտոն։ Ամուսնացավ իր դասընկերուհու հետ։ Նրա հարսանիքին ներկա էր ամբողջ Մարտակերտը։ Դա արդեն ուրախություն էր, որի նմանը երբեք չեմ տեսել։ Եվ մենք ծիծաղում էինք։ Թե որ առիթը ներկայանում է, պիտի նաև ծիծաղել, դա էլ անհրաժեշտություն է, երկա՜ր մոռացված անհրաժեշտություն։ Թե որ պետք է վշտանալ, վշտանում ենք, բայց թե մենք արդեն արցունք չունենք։ Արցունքը պակաս է, արցունքը մաշվել է, արցունքն սպառվում է ամենից շուտ:

ՍԱՍՈԻՆ ՄԱՄՅԱՆ
Թիվ 6 (57), 18-25 փետրվարի 1995
«Հայ զինվոր»

 

Մարդը՝ կյանքի ու մահվան սահմանագծում

Input your search keywords and press Enter.