ՄՈՒՍԱ ԼԵՌ՝ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԼԵԳԵՆԴ

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմաթիվ ազատագրական մարտեր է մղել, բայց Մուսա Լեռը բացառիկ է…: Մուսալեռցիները՝ տղամարդ ու կին, մանուկ ու ծեր, ինքնամոռաց կռվել են թշնամու զինված բազմահազար զորքերի դեմ: 40 օրվա ընթացքում չորս լուրջ ճակատամարտ են մղել՝ ունենալով ընդամենը 132 որսորդական հրացան: Սխրանք, որի մասին ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հռչակավոր պատմավեպի շնորհիվ պիտի ծանոթանար ամբողջ աշխարհը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի բազմաթիվ մեծարժեք  աշխատություններից մեկը նվիրված է մեր ժողովրդի այդ անօրինակ սխրանքին՝ «Մուսա Լեռան հերոսամարտը. Ականատես վերապրողների վկայություններ» …

– Ես չէի կարող անտարբեր մնալ Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի  նկատմամբ: 60 տարի զբաղվել եմ մեր զավթված Երկրի՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բանավոր նշխարները և Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողների հուշ-վկայությունները կորստից փրկելով: Սակայն, երբ այսօր արդեն ունենք Ազատ Արցախը, այլևս իրավունք չունենք խոսելու մեր ժողովրդի միայն մեծ ողբերգության ու կորուստների մասին, – ասում է ժողովրդի պատմական հիշողության պահապանը:

Վերժինե Սվազլյանի աշխատությունն ընդգրկում է Մուսա Լեռից տարագրված, Հայաստանում և սփյուռքում բանկություն հաստատված, Մուսա Լեռան հերոսամարտին մասնակցած և այլ պատմական իրադարձությունների ականատես-վերապրողներից դեռևս 1955 թ.-ից գրի առած (մասամբ նաև տեսագրած և ձայնագրած) հուշ-վկայություններն ու պատմական տարաբնույթ ժողովրդական ստեղծագործությունները՝ պատմական երգ-վկայություններ, ռազմական երդումներ, ընդ որում՝ Մուսա Լեռան բարբառով՝ կից գրական հայերեն թարգմանութամբ:

Հատորը բաղկացած է երկու բաժիններից՝ հայերեն և անգլերեն: Վերջինս իրականացրել է անգլերենի քաջ գիտակ պարոն Տիգրան Ծուլիկյանը: Հատորն օժտված է հայերեն և անգլերեն մանրամասն քարտեզով, երգերի նոտագրություններով, ժողովրդական նյութերի և ասացողների փաստագրական աղյուսակով և մուսալեռցի վերապրողների լուսանկարներով: Գրքի վերջում տեղադրված է «Հին և Նոր Մուսա Լեռ» ֆիլմի խտասալիկը, որտեղ անդրադարձ է կատարվում հայկական Կիլիկիայի երբեմնի փառքին, անհետացող մշակութային գանձերին, ապա՝ Հայրենի հողի վրա Նոր Մուսա Լեռ ավանում երկինք խոյացող նրանց հերոսամարտի հուշակոթողի մոտ նոր սերունդների երգ ու պարին, իսկ վերջում՝ «Շարական» համույթը (գեղ. ղեկավար՝ Դանիել Երաժիշտ) կատարում է մուսալեռցիների հայտնի պարերգը, որը կորստից փրկել է Վերժինե Սվազլյանը, ում հետ ամեն մի հանդիպումը պատմության կարևոր դաս է յուրաքանչյուրի համար:

«Ազատությունը զենքի ծայրին է»

– Հայոց ցեղասպանության ընթացքում, երբ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության ողջ տարածքով իրականացվում էին հայության զանգվածային տեղահանություններ ու կոտորածներ, մղձավանջային այդ օրերին հայ ժողովրդի հոգում վերազարթնեց դարերի խորքից եկող և արյան հետ ժառանգաբար փոխանցվող «Մահ իմացյալը» ստրուկ կյանքից նախընտրելու և բռնությանը միահամուռ ուժով դիմադրելու հերոսացման իր խիզախ ոգին: Եվ ես իմ աշխատության միջոցով նպատակ  եմ ունեցել մարդկանց միջից արմատախիլ անել այն մտայնությունը, թե իբր հայերը «ոչխարի պես մորթվել են ու նահատակվել»: Այնինչ, մեր ժողովրդի զավակները բազմաթիվ հայաբնակ վայրերում ինքնապաշտպանական մարտեր են մղել՝ Յոզղատի Ագդաղում, Սասունում, Մուշում, Շատախում, Վանում, Շապին-Գարահիսարում, Մուսա Լեռում, Ուրֆայում, ավելի ուշ նաև՝ Մարաշում, Այնթապում, Հաճընում և այլուր: Այն դեպքում, երբ թուրքական կառավարությունն արդեն հավաքել էր հայերի զենքերն ու խոհանոցային դանակները, հայ երիտասարդներին զորակոչել թուրքական բանակ, մտավորականներին հավաքել և զանգվածաբար ոչնչացրել, որպեսզի հայ ժողովուրդը զրկվի ոչ միայն իր ռազմունակ ուժից, այլև՝ ղեկավար մտքից: Այս ամենի մասին ինձ պատմել են Ցեղասպանության ականատես-վերապրողներն ու այդ հերոսամարտերի մասնակիցները, – ասում է տիկին Վ. Սվազլյանը և բացում գրքի էջերից մեկը, որտեղ կարդում եմ դեռևս տասնամյակներ առաջ նրա գրառած 105-ամյա մուսալեռցի Մովսես Փանոսյանի հուշերը. «Մուսա Լեռան կռվի ամենեն վերջին պաշտպանը ես եմ՝ ահա ողջ… 1915 թ. հուլիսի 13-ին թուրք հոքումաթը (կառավարություն) հրաման հանեց, որ յոթը օրվա մեջ ամբողջ հայերը պետք է գաղթեն: Մեր յոթ գյուղերուն մեծերը Յողուն-Օլուքի մեջ ժողով ըրին, ըսին. «Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտի մեռնեմ, ես չե՛մ գնա ստրուկի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. Հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չեմ դառնա»: Այդպես ալ որոշեցին՝ լեռը էլլալ…»:

Վերժինե Սվազլյան

Եվ նրանք հավատարիմ մնացին իրենց երդմանը: Իսկ Մուսա Լեռը դարձավ հայ ժողովրդի անկոտրում կամքի խորհրդանիշը:

– Տիկի՛ն Սվազլյան, Դուք Ձեր աշխատություններում Մուսա Լեռան հերոսամարտից զատ անդրադարձել եք նաև մյուս ինքնապաշտպանական մարտերին: Ազգային-ազատագրական պայքարի առաջնորդներից ու՞մ կուզենայիք առանձնացնել, – հարցնում եմ:

 

– Մուսա Լեռան աչքի ընկնող մարտիկներից էր Եսայի Յաղուբյանը, ում մասին  հերոսամարտի մասնակից Պողոս Սուպկուկյանը – Աշուղ Դևելին (ծնվ. 1887 թ.), իր սազի վրա նվագելով, վիպերգ է ձոնել և ինձ է հաղորդել: Իրենց հերոսությամբ աչքի են ընկել նաև կանայք, ովքեր պաշտպանել են հայ կնոջ պատիվն ու արժանապատվությունը: Նրանց թվում էր Մանուշակ Նաշալյանը, որի մասին ևս երգեր է հյուսվել: Հիշենք Վանի հերոսամարտի ղեկավարներից Արմենակ Եկարյանին, Արամ Մանուկյանին, Շապին-Գարահիսարի հերոսամարտի ղեկավարներից Ստեփան Օզանին, Ուրֆայի հերոսամարտի կազմակերպիչ Մկրտիչ Յոթնեղբայրյանին, իսկ Խանում Քեթենջյանի քաջագործությունների մասին նույնիսկ թուրքերը հիացմունքով են արտահայտվել: Այդ հերոսները մեզ կյանքի դասեր են տվել և ուսուցանել արժանապատիվ ապրել: Ինչպես ասում են Մուսա Լեռան դյուցազունները. «Ազատությունը զենքի ծայրին է»: Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի մղած ինքնապաշտպանական մարտերը ծանր թեմաներ են, սակայն հպարտության զգացումով և արժանապատվությամբ են լցնում ամեն մի հայի սիրտն ու հոգին, – ասում է վաստակաշատ գիտնականը:

Ի դեպ, Վերժինե Սվազլյանը Ցեղասպանության ականատես-վերապրողների  հուշերը հավաքագրելիս, ժամանակին իր առաջին գրառումը կատարել է 1955 թ. մուսալեռցի Հովհաննես Դուդաքլյանից և շատ ու շատ այլ հայրենաբնակ մուսալեռցիներից: Այդ բոլոր ժողովրդական նյութերն ամփոփել է իր «Մուսա Լեռ» (1984 թ.) բանահյուսական հատորում, իսկ այժմ ընթերցողի սեղանին է «Մուսա Լեռան հերոսամարտը. Ականատես վերապրողների վկայություններ» աշխատությունը, որտեղ ի մի են բերված շուրջ երկու տասնյակ վերապրողների հուշեր և նույնքան ժողովրդական երգեր ու այլ նյութեր, որոնք գաղափար են տալիս պատմական այդ ժամանակաշրջանի արևմտահայության և հատկապես մուսալեռցիների անօրինակ սխրանքի մասին:

– Մուսա Լեռան հերոսամարտը ուսանելի պատմական դաս դարձավ նաև Արցախյան հերոսամարտի համար, որը մեր օրերի Մուսա Լեռն է: Ազատ ու Անկախ Արցախը մեր պահանջատիրության առաջին հանգրվանն է, – ասում է հեղինակը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը մուսալեռցի ականատես վերապրող Մարիամ Բաղդիշյանի հուշերն ու երգերը գրի առնելիս… (ծնվ. 1909 թ., Հաջի-Հաբիբլի գ.)

– Տիկի՛ն Սվազլյան, Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանն առիթ է՝ իրադարձությունները վերագնահատելու համար: Ըստ Ձեզ ինչպիսի՞ն է եղել հայ մարդու նկարագիրը և այսօր որո՞նք են պատմության ամենակարևոր դասերը մեզ համար:

– Հայ ժողովուրդը երբեք նախահարձակ չի եղել, բայց երբ իր նկատմամբ անարդարություն է կատարվել՝ արժանին հատուցել է: Հայը թշնամու հանդեպ անողոք է եղել, բայց՝ մարդկային նույն այդ թշնամու անզեն բնակչության, կանանց, երեխաների նկատմամբ, իսկ հակառակորդը՝ ընդհակառակը: Հայը միշտ ցանկացել է իր պատմական բնօրրանում ապրել խաղաղ և արարել: Նա իր դիմադրողական-ինքնապաշտպանական մարտերի ժամանակ մշտապես մենակ է եղել, հաճախ՝ դավաճանված իր անմնացորդ նվիրվածության դիմաց. գերտերությունները դիտորդի դերում են եղել և ուշացած մարդասիրական ու որբախնամ օգնություն ցուցաբերել: Այնինչ, երբ հայ ժողովուրդը միասնաբար բռունցքվել է, Սարդարապատի հերոսամարտով կարողացել է վերականգնել իր անկախ պետականությունը, իսկ երբ հույսը դրել է ժողովրդի համազգային Ոգու վրա, նվաճել է բռնազավթված Արցախը և իր լուսավոր աղոթքն է հղել առ Աստված.

Տե՛ր, դուն պահե միշտ անսասան

Դյուցազնական Մայր Հայաստան,

Տուր հարատև խաղաղություն,

Կյանք ու արև, ազատություն,

Հայ դրոշով մեր պետական

Թող միշտ ապրի ազգն հայկական.

Ամեն»:

 

Հասմիկ Պողոսյան

 

 

ՄՈՒՍԱ ԼԵՌ՝ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԼԵԳԵՆԴ

Input your search keywords and press Enter.