Մոտ ապագայում Թուրքիային չի հաջողվի միջամտել Արցախի հարցի խաղաղ կարգավորման միջնորդների շրջանակ. Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)

Ոչ թե կարծում, այլ համոզված եմ, որ այս անգամ ևս Թուրքիային չի հաջողվի մաս կազմել արցախյան հարցի բանակցային գործընթացին. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության հարցը:

Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առաջինը չէ, այս տարիներին բազմաթիվ անգամ Թուրքիան փորձել է նախաձեռնություններով հանդես գալ ոչ միայն հօգուտ Ադրբեջանի, այլ խցկվել Մինսկի խմբի համանախագահների կազմի մեջ:

«Բայց, ինչպես հուշում է այս տարիների փորձը, անհաջողության է հանդիպել և համոզված եմ` այս անգամ էլ կտապալվեն, քանի որ  Մինսկի խմբի համանախագահները միջնորդի կարգավիճակը վերցնելով ցանկություն չունեն ընդլայնելու ձևաչափը»,-ասաց նա:

Սաֆրաստյանի խոսքով՝  բանակցային գործընթացը չի գնում առաջ, քանի որ Ադրբեջանը ոչ միայն կարգավորման ուղղությամբ իմիտացիոն գործընթաց է ցուցաբերում, այլ ուղղակի ժամանակ առ ժամանակ անընդհատ պրովոկացիա հրահրելով սահմանին, ցույց է տալիս, որ շահագրգռված չէ բանակցային խաղաղ գործընթացի:

Հարցին, թե ինչքանո՞վ է հավանական համարում ժամանակ առ ժամանակ ներկայացվող  այն տեսակետները, թե Սիրիայի կոնֆլիկտի ռազմական լուծումը՝ Իրան-ՌԴ- Թուրքիա ձևաչափով հնարավոր է տեղափոխվի Արցախ, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց, թե Սիրիայում  տեղի ունեցող գործընթացներն, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա:

Նա հիշեցրեց, որ Սիրիայում իրադրությունը մտնում է նոր փուլ. «Ռազմական գործողությունները հիմնականում ավարտված են և սկսում են բանակցային գործընթացները, ընդորում՝ կնճռոտ հարցեր պետք է լուծվեն բոլոր կողմերի միջև: Այս պայմաններում Թուրքիաին փորձում է օգտագործել հանգամանքը, որ Սիրիայի հյուսիսում ունի զինված ուժեր և գնալով կուժեղացնի իր զինված ստորաբաժանումները, իսկ սա ռեալ հնարավորություն է` բանակցային գործընթացում որոշակի առավելությունների հասնելու համար, այլ կողմերի հետ առևտրային հարաբերութունների մեջ մտնելով»,-ասաց նա:

Ըստ Սաֆրաստյանի` դեկտեմբերին պետք է փորձ արվի հրավիրելու Սիրիայի խաղաղության մասին կոնգրեսը, որին պետք է հնարավորինս մեծ թվով տարբեր ուժեր մասնակցեն:

«Հիմա տեղի են ունենում անդրկուլիսային քննարկումներ այս կոնգրեսը իրականություն դարձնելու համար, և կարծում եմ թուրքական դիվանագիտությունը կփորձի օգտագործել նշված հանգամանքը և որոշակի առումով առևտրի մեջ մտել և չի կարելի բացառել, որ առևտրի ընթացքում սեղանին դնի նաև Արցախի հակամարտության մեջ ներգարվվելու հարցը»,-ասաց նա:

Սակայն ըստ արևելագետի՝ այլ բան է սեղանին դելը, այլ բան` այն կյանքի կոչելը: Նա մատնացույց արեց վերջին շրջանում ՀՀ-ի հեղինակության բարձրացումը՝ պայմանավորված ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմամբ, բացի այդ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին ավելի մեծ ուշադրություն է սկսել  դարձնել, ինչի մասին վկայում է ՀԱՊԿ-ի վերջին հայտարարությունը:

«Մյուս կողմից համոզված եմ, որ ռուս-թուրքական հակամարտությունը Հարավային Կովկասում ոչ մի տեղ չի անհետացել: Հարավային Կովկասը ՌԴ-ի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտն է դիտարկվում, Թուրքիան էլ ձգտում է և քանի որ ՀՀ-ի աշխարհաքաղաքական նշանակությունը բարդացել է, կարծում եմ ՌԴ-ն որևիցե քայլ չի ձեռնարկի, որը  կվնասի ՀՀ-ի շահերին, նա ավելի մեծ նշանակություն կտա ՀՀ-ին, քանի որ իր վերջին հենարանն է Հարավային Կովկասում»,-ասաց նա և հավելեց, թե նույնը վերաբերում է Արևմուտքին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին:

«Այս ամբողջ հանգամանքների ընդհանուրը, եթե իմի բերենք, կարող ենք համոզված լինել, որ մոտ ապագայում Թուրքիային չի հաջողվի խցկվել Արցախի հարցի խաղաղ կարգավորման միջնորդների շրջանակի մեջ»,-ասաց նա:

Input your search keywords and press Enter.