Ռեզա Զարաբի գործը սպառնում է խորտակել Էրդողանին ու նրա կուսակցությունը

Ռեզա Զարաբը խոստովանել է 

Թուրքական զլմ-ների նախորդ շաբաթվա ամենքննարկվող թեմաներից էր իրանական ծագմամբ թուրք գործարար Ռեզա Զենաբի խոստովանությունը, ում դատական լսումը կայացավՆյու Յորքի դատարանում:

 Мynethaber.com կայքի տեղեկատվության համաձայն՝ Զարաբը, Թուրքիայի պետական «Հալք» բանկի կառավարչի տեղակալ Ատիլլի հետ նույն գործով լսումների ժամանակ սկսեց ցուցմունք տալ:

Նրա խոսքերը պայթեցրին թուրքական հասարակությունը: Զարաբը հայտարարեց, որ կաշառք է տվել Թուրքիայի նախկին Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «իր համաձայնությունն է տվել» կատարվածին: Գործարարը ներկաներին նկարագրեց՝ ինչպես Իրանի հետ ոսկու առևտուրը իրականացվում: Զարաբը պնդեց, որ նախկին էկոնոմիկայի նախարարը առաջարկել է «գործարքից ստացված եկամուտը բաժանել 50/50»: «Ես նրան ընդամենը 45-50 մլն եվրոյի կաշառք եմ տվել: Մյուս տարադրամները չեմ հաշվում, քանզի դրանք շատ-շատ էին»: Զարաբին հարց ուղղեցին. «Ինչպե՞ս եք վճարել Չաղլայանին»: Դատապարտյալի խոսքով՝ նա վճարել է կանխիկ, թանկարժեք իրերով, բանկային փոխանցումների միջոցով: Հարցին՝ նախարարի ընտանիքի անդամները ընդունում էին վճարումները, Զարաբը պատասխանեց՝ այո:
Ուշադրության արժանացավ սխեման, որ ներկայացվեց դատախազի կողմից: Դրա վերին հատվածում, որտեղ գործի մեջ առկա մարդկանց անուններ էին, հայտնվել էր նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեջադը, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Նրանց անվանումների ներքևում տեղակայված էին նաև այդ ժամանակվա Իրանի այլ չինովնիկներ: Ավելի ներքևում՝ դատարկ վանդակների կողքին, նշվում էր «Հալք» Բանկի կառավարչի տեղակալ Ատիլլի, նույն բանկի գլխավոր տնօրեն՝ Սուլեյման Ասլանի, նախարար Չաղլայանի և Զարաբի անունները:

 

Hurriyet թերթի համաձայն՝  գործարարը մանրակրկիտ ներկայացրել է՝ ում է տվել կաշառք, ինչ չափով և ինչ նպատակով:

 

Reuters-ի տվյալներով՝ դատարանում ցուցադրվել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղիշի լուսանկարը: Reuters-ը հայտնում է, որ Aktif Bank-ում բանկային հաշվի բացման առաջին ձախողումից հետո Բաղիշը կաշառքի միջոցով կազմակեպել է Aktif Bank-ի գլխավոր տնօրենի և Զարաբի հանդիպումը: Զարաբի խոսքով, բանկիրներն իրեն հաղորդել են, որ հաճախորդները, ովքեր Իրանի հետ բիզնես անելու նպատակ ունեն, բանկային հաշիվ բացելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ստանան: «Մենք երբեք ոսկի չենք ուղարկել Իրան»,- հայտարարել է Զարաբը՝ ընդունելով իրեն ներկայացված հեռախոսային խոսակցությունների արձանագրությունները: Դատախազի հարցին՝ արդյոք նա հիշում է «Հալք» բանկի նախկին գլխավոր տնօրենի՝ Ասլանի և նրա օգնականի՝ Աբդուլլահ Հապպանի հետ ունեցած այդ զրույցները, Զարաբը պատասխանեց, որ հիշում է:
Դատալսման ժամանակ նաև հայտարարվել են անուններ, ովքեր նշված են գործում: Նրանցից ոմանք կներկայանան որպես վկաներ, իսկ որոշները՝ որպես դատապարտյալներ: Զարաբի դեմ ցուցմունք տվողներից ոմանց անունները հետաքրքրական են: Առաջինը Էրդողանն է, նրա որդին Բիլյալ Էրդողանը, նախկին նախարարներ Բաղիշը և Չաղլայանը, Չաղլայանի որդին և եղբայրը:
Նրանց իրավական կարգավիճակը հայտնի կդառնա դատական հետագա լսումների ժամանակ:Այս գործի ելքով՝ Թուրքիայում շատ հնարավոր է ի հայտ գան որոշակի տնտեսական բարդություններ: Եթե դատարանը  «Հալք» Բանկը, Aktifbank-ը և վերոնշյալ անձանց ճանաչում է «մեղավոր», ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների կառավարման բաժինը կարող է մեծ չափերի տուգանքներ նշանակել: Հնարավոր է, որ մարդիկ, որ քաղաքականության հետ կապ ունեն, չկարողանան լքել երկրի սահմանները:

 

Նախկին խորհրդականը զգուշացրել է. ամեն ինչ տանում է դեպի Էրդողանին մեղադրելը, վտանգը շատ մեծ է

 

Քեմալ Օզթյուրքը, ով Էրդողանի վարչապետ եղած ժամանակ վերջինիս խորհրդականն էր, կարևոր հայտարարություններ է արել: Yeni Şafak թերթում տպագրված հոդվածում նա հիշում է իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ, ինչպես նաև Էրդողանի ելույթը:

 «Դեպի քաղաքականություն ճանապարհը փոխվել է,- հայտարարել է նա,- և այն, որ փոխվել է գերազանց է, մենք կտեսնենք հաջորդ ընտրությունների ժամանակ: Կուսակցության այն ներկայացուցիչները, ում ցանկացել է տեսնել Անկարան, չեն կարողանա հանդես գալ ընտրողների առաջ: Իսկ եթե հանդես էլ գան, ժողովուրդը կընտրի ուրիշներին, և խորհրդարանը չի ունենա մեծամասնություն: Սա, իր հերթին, կարգելափակի կառավարության գործունեությունը՝ դառնալով նախագահի հասցեին հնչած մեղադրանքների պատճառ: Այնպես որ, վտանգը հսկայական է»:

 

Էրդողանի և իր կառավարության համար խայտառակ փաստեր

 

Բրիտանական Financial Times-ը հայտարարել է, որ գործարար Զարաբի խոստովանությունը, որ նա կաշառել է էկոնոմիկայի նախկին նախարարին, Էրդողանի կառավարության համար խայտառակ փաստ է, այս մասին ասվում է Գրեգորի Մոյորի հոդվածում: Պարբերականը նշում է, որ այս գործը կարող է վատթարացնել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: Հեղինակը հիշեցնում է, որ թուրքական իշխանությունները, բացառությամբ նախագահի, գործը համարում են «ամերիկյան դավադրություն՝ ուղղված Անկարայի դեմ»:

 

Բոլոր կուսակցական պատգամավորները հրավիրվել են նախագահական

 

Ինչպես հաղորդում է Sözcü թերթը, Էրդողանը իր կուսակցական բոլոր պատգամավորներին հրավիրել է նախագահական՝ քննարկելու Զարաբի գործի հետ կապված որոշ փաստաթղթեր: Տեղեկատվության համաձայն՝  իշխող կուսակցության աղբյուրները հայտնում են, որ նախագահը խմբակային հանդիպումներ է անցկացրել  պատգամավորների հետ: Նա ներկայացրել է պատգամավորներին իրավիճակը և թե ինչպիսի դիրքորոշում պետք է ընդունեն այդ հարցով:

 

Պենտագոնի հայտարարությունը «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ համագործակցությունը շարունակելու շուրջ

 

CNN Türk-ի տվյալներով՝ նախորդ շաբաթ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային զրույցի ընթացքում պայմանավորվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերին» զենքի մատակարարումների դադարեցման վերաբերյալ, որն իր մեջ ներառում է նաև «Քրդական Աշխատավորական կուսակցությունը», «Դեմոկրատական միություն» կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները:

Պենտագոնը հայտարարեց, որ նրանք կշարունակեն համագործակցել «Դեմոկրատական միության» հետ: Ավելի վաղ Պենտագոնը Անկարային հայտարարել էր, որ Սիրիական դեմոկրատական ուժերին զենք կմատակարարի սահմանափակ քանակությամբ՝ ուղղված նրանց առաջ դրված խնդիրների իրականացմանը: Այժմ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը խոսում է, որ նրանք շարունակելու են համագործակցել «Դեմոկրատական միության» հետ, որի կազմի մեջ մտնում են նաև Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: «Մեր քուրդ գործընկերները ռազմական օգնության կարիք ունեն»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Էրիկ Պահոնը: Հայտարարության մեջ հաստատվում է, որ զենքի անհրաժեշտության նպատակը ԻՊ-ի դեմ հաղաթանակ տանելն և ջիհադիստների՝ տարածաշրջան վերադառնալը կանխելու համար է:

Mynethaber.com-ի համաձայն՝ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Աֆրինում հնարավոր գործողությունների մասին հայտարարություն է արել: «Եթե վտանգ առաջանա, մենք կմտնենք Աֆրին և այն կմաքրենք ահաբեկիչներից»: Չավուշօղլուն մեկնեց Բաքու երկկողմ և եռակողմ հանդիպումների՝ Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Պակիստանի Արտգործնախարար Խոջա Մուհամմադ Ասիֆի հետ: «Մենք կցանկանայինք, որ այս եռակողմ համակարգը արդյունավետ լինի, իսկ տարածաշրջանային նախագծերի իրագործումը առաջնայինդառնա: Մենք մեզնից կախված ամեն բան կանենք մեր հարաբերությունների ամրապնդման համար»,- հատարարեց Չավուշօղլուն համատեղ կոնֆերանսի ժամանակ: Մամեդյարովը, այն հարցին, թե արդյոք Ազգային Անվտանգության Խորհուրդը պլատֆորմ է, որը գնահատում է վտանգները, որոնց բախվում է Թուրքիան, պատասխանեց.«Խորհրդի հավաքներից մեկի ընթացքում, որին ես մասնակցում էի, մենք գնահատել են Աֆրինի դեմ ուղղված սպառնալիքները: Մեր զինվորների օգնությամբ, եթե հարկ լինի, կվերացնենք վտանգենրը, որ սպառնում են Աֆիրնին : մեր զինվորականները, մեր անվտանգության ուժերը, մեր ոստիկանները պատրաստ են պայքարել ահաբեկչության դեմ և վերացնել վտանգի ցանկացած օջախ»:

 

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի ցնցող փաստաթղթերը

 

Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն կուսակցության ժողովի ժամանակ պատասխանել է Էրդողանին: Ավելի վաղ Էրդողանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Եթե կարողանաք ապացուցել, որ իմ փողերը գտնվում են արտասահմանյան որևէ բանկում, ապա ես նախագահի պաշտոնից հրաժարական կտամ»:

Քիլիչդարօղլուն ներկայացրեց Էրդողանի մտերիմների հաշիվների քաղվածքներ, այդ թվում՝ նրա որդու՝ Բուրաքի և եղբոր՝ Մուստաֆա Էրդողանի: Քաղվածքները հաստատում են մի հաշվից մյուսը կատարած փոխանցումները: Քիլիչդարօղլուն պնդում էր, որ նախագահն իր աներորդու, որդու, աներոջ և նախկին խոսնակի միջոցով միլիոնավոր դոլարներ է ուղարկել ինչ-որ օֆշորային ընկերության՝ տեղակայված Մեն կղզում, ներկայացնելով մի քանի բանկային քաղվածք, որոնցում կային նաև swift կոդեր:

«Եթե  արժանապատիվ մարդ ես, ապա արա այն, ինչ հարկավոր է»,- դիմեց Քիլիչդարօղլուն Էրդողանին: Այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Զարաբի գործով խուճապի էր մատնվել, «Արդարություն և զարգացում կուսակցության» փոխնախագահ Մահիր Ունալը Էրդողանի՝ պատգամավորների հետ անսպասելի հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ: «Ինչո՞ւ եք օգտագործումը խորհրդարանը ձեր ստերի համար: Այդ փաստաթղթերը կեղծ են»,- ասաց նա: Իր հերթին, Էրդողանը, մեկնաբանելով Մեն կղզու օֆշորային ընկերությունում տասյակ միլիոնավոր դոլարների քաղվածքի լուրերը, հայտարարեց, որ « Քիլիչդարօղլուն կպատասխանի իր այդ քայլի համար»:

 

Կալանավայրերում բանտարկյալների թիվը գերազանցում է 13 քաղաքների բնակչությանը

 

Թուրքիայի Արդարադատության նախարարությունը հայատարարեց, որ «2017թ. նոյեմբերի 1-ի տվյալներով քրեակատարողական հիմնարկներում պահվում է 230 հազար 735 դատապարտյալ»: «Կալանավայրերի հաշվետվությունների» համաձայն՝ վերջին 15 տարվա ընթացքում դատապարտյալների քանակը 288%-ով ավելացել է, իսկ կին դատապարտյալների քանակը 388%-ով: Կալանավայրերում բանտարկյալների թիվը գերազանցում է 13 քաղաքների բնակչությանը: Պարզվում է, որ իշոող կուսակցության կառավարման առաջին օրերին, 2002թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով, բանտերում կային 59 հազար 429 մարդ, իսկ 15 տարի անց այդ թիվը աճել է չորս անգամ: Հայտնի դարձավ, որ բնակչության աճին զուգահեռ, կանանց մահացությունների քանակը մեծացել է, մեծացել է նաև դատապարտված կանանց քանակը:

 

Դոլարի աճը ազդում է բոլորի վրա

 

Samanyolu Haber-ի տվյալներով, դոլարի գնի բարձրացման հետևանքով Թուրքիայի 80 մլն բնակիչ կհայտնվի աղքատության շեմին, այդ թվում՝ պետական ծառայողներ, թոշակառուներ, առևտրականներ և ֆերմերներ: Տնտեսությունը նվազում է, առաջանում է գնաճ, կյանքն ավելի է թանկանում: Ինչպես հայտնի է երկրի տնտեսությունը կախված է արտահանումից, դոլարի գնի ամեն մի փոփոխություն ուղիղ ազդում է պետբյուջեի և քաղաքացու գրպանի վրա: Դոլարի բարձրացումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների թանկացմանը, հատկապես նավթի, բնական գազի և էլեկտրականության վրա: Ավելացել են նաև հարկերը:

 

«Ես վախենում եմ Թուրքիայում սպասվող տնտեսական բումից»

 

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և աշխարհի 10 լավագույն տնտեսագետներից մեկը՝ Դարոն Աճեմօղլուն հայտարարել է, որ վախենում է «տնտեսական բումից, որը կարող է տեղի ունենալ մոտակա ամիսներին»: Ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ կրեդիտների և պետական ծախսերի բարձրացումը առողջ չեն և մեծացնում են դիսբալանսը, նրա խոսքով՝ երկրի տնտեսությունն անհույս է:

 Նշենք, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը իր ելույթներից մեկում զգուշացրեց Թուրքիային Ռուսաստանի և Իրանի հետ մտերմանալու հետևանքների մասին: Նա Անկարային խորհուրդ տվեց առաջնահերթություն տալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համատեղ պաշտպանությանը:

 

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը «վհուկների որս է անում»

 

Թուրքիայի ԶՈՒ-ի ոչնչացման գործընթացը շարունակվում է: Նոր ակցիան հրահրվել էր Ստամբուլի դատախազի կողմից: Սրա շրջանակներում 360 մարդ ձերբակալվել է, որոնցից 333-ը զինծառայողներ են, 7-ը՝ սպա, 13-ը՝ թոշակի անցած օդաչուներ: Երկրորդ գործողությունն այս շաբաթ տեղի ունեցավ Էքսիշեհիրում: Էքսիշեհիրի գլխավոր դատախազը Թուրքիայի Ռազմաօդային ուժերից 66 մարդու ձերբակալելու որոշում է կայացրել: Լրագրող և պատգամավոր Այդին Ունալը հայտարարել է, որ իշխանությունը օգտագործում են «ինչպես մաֆիոզներ»: Ունալը հրապարակել է Զարաբի գործի հետևանքով Թուրքիային սպասվող 18 կետեր, որոնցում շեշտվում է, որ Թուրքիայում բնակվող 250 հազար խաղաղ բնակչի վտանգ է սպառնում:

 

 

Input your search keywords and press Enter.