Տիգրանակերտը հունահռոմեական քաղաքների իդեալն է. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտում վերջին պեղումների ընթացքում հայտնաբերվել է հյուսիսային պարսպապատի երրորդ կլոր աշտարակը: Գտածոների շարքում է նաև վաղ քրիստոնեական դամբարանը: Այս փուլում պեղել են քաղաքի ընդամենը 2%-ը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Նա նշեց, որ փոքր բյուջեի պատճառով աշխատանքային օրերը կրճատվել են մինչև 40 օր: Կրճատվել է նաև բանվորների թիվը:

Տիգրանակերտը Կովկասի տարածքում գտնող եզակի հնագիտական արժեք ունի. «Մերձավոր արևելքի բոլոր քաղաքները հողե քաղաքներ են: Եթե դուք այսօր այցելեք Արտաշատի կամ Դինի ավերակները, քիչ դիտարաժան բաներ կտեսննեք` ոչ թե որովհետև դրանք չեն եղել, այլ որովհետև դրանք հողից պատրաստված ՙլինելու պատճառով ժամանակի ընթացքում անհետացել են: Դրան հակառակ` Անին քարե քաղաք էր: Անիի հմայքը դեռ 17-րդ դարից բոլորին կանչում է, որովհետև այցելողին թվում է , թե մտնում ես մեռած մի քաղաք, որտեղ ամեն ինչ կա, բացի մարդկանցից: Տիգրանակերտը նման բացառություն է: Տիգրանակերտը քարի քաղաք է, սպիտակ քաղաք է, հունահռոմեական քաղաքների իդեալը: Անին սպիտակ չէ, Գառնին սպիտակ չէ, Արտաշատը սպիտակ չէ»-, ասաց Համլետ Պետրոսյանը:

Պեղումների ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագում: Փոխարենը լրջագույն խնդիրներ են ծագում գտածոների մասին հոդվածներ գրելիս: Համլետ Պետրոսյանը նշեց, որ միջազգային շատ գիտաժողովներ մերժում են իր զեկույցի տեքստերը Տիգրանակերտի «վիճահարույց» տարածքում գտնվելու և ադրբեջանցիների հետ խնդիրներից խուսափելու համար: «Թեև քաղաքը մշակութային արժեքի կրող է, սակայն դրա պեղումները երկուստեք քաղաքականացվում են»,- ասաց նա:

Նրա խոսքով` Տիգրանակերտի մեծագույն նշանակությունն այն է, որ այն գտնվում է ազատագրված տարածքներում: Հարևան գյուղերում ապրում են Ադրբեջանի տարածքում ներկայումս գտնվող գյուղերի վերաբնակիչները: Նրանք կասկածների ունեին. Արդյո՞ք դա իրենց հայրենիքն է: Այստեղ կան փաստեր, որ դա հայության բնօրրանն է: Մենք այդ փաստերը ներկայացնում ենք: Տիգրանակերտը դարձել է նրանց համար սրբազան կենտրոն»:

Ի դեպ, Տիգրանակերտը զբոսաշրջիկների այցելությունների թվով զբաղեցնում է 2-3-րդ տեղում:

 

Լուսանկարը` Տիգրանակերտի ֆեյսբուքյան էջից:

Input your search keywords and press Enter.