Ազատամարտիկ մտավորականը․Գագիկ Գինոսյան «Ողջու՜յն, տղե՛րք»

Դեկտեմբերի 10-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի  եւ «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսը։ Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966թ. Ախալցխայում: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարն է 2001 թ.-ից:

Նրա համերգացանկի գերակշռող մասը խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և յուրաքանչյուր ազգագրական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարեր են:

Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ունի ինժեներ-կիբեռնետիկի որակավորում: Աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1992 թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվել է մահապարտների «Արծիվ» գումարտակ: Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի ազատագրական մարտերին: 1995-1996թթ. սովորել և ավարտել է Մարշալ Շապոշնիկովի անվան բարձրագույն սպայական դասընթացները (Ռազմադաշտային ակադեմիա): 1998թ. ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
1996-1999 թթ. եղել է Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։ Պարել է «Վան» եւ «Ակունք» ազգագրական համույթներում:
1996 թ. Իտալիայում, 1999 թ.-ին` Ռումինիայում եւ Խորվաթիայում դարձել է չորս միջազգային ազգագրական փառատոների դափնեկիր: «Նարեկացի» արվեստի միությունը Գագիկ Գինոսյանի

ղեկավարությամբ 2016 թվականի օգոստոսին հիմնադրել է «Նժդեհ» ազգագրական պարի խումբը: Միջոցառման բացումը սկսվեց աստվածաբան Եղիա Խաչատրյանի հնչեցրած տերունական աղոթքով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանն, ով, ներկայացնելով գիրքը,  նշեց, որ այն առիթ կարող է հանդիսանալ ճանաչելու Գագիկ Գինոսյանին որպես անհատ, մտավորական, պարուսույց, նաու` մեծ հայրենասեր։ Միջոցառումը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը, ով այնպես գեղեցիկ ներկայացրեց Գագիկ Գինոսյանին, որ հանդիսատեսն ակամա տեղափոխվեց նրա գրական, մարտական ու մշակութային աշխարհ։ Գրքից հայերեն ու ռուսերեն լեզուներով բանաստեղծություններ ընթերցեցին Անահիտ Հակոբյանն ու Լիա Պետրոսյանը։ Ելույթ ունեցան նաեւ ջութակահար, երաժշտական, հասարակական գործիչ, խմբավար Դանիել Երաժիշտը, գրքի ձեւավորող Մեսրոպ Քամալյանը, արվեստագետ Լուսինե Ազարյանը, Մարիետա Սահակյանը։

Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Կարին» եւ «Նժդեհ» պարային համույթները, ինչպես նաեւ Գագիկ Գինոսյանը։ Իր խոսքում գրքի հեղինակը երախտագիտություն հայտնեց շնորհանդեսի կազմակերպիչներից եւ հրատարակողներից, նշելով, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի մեր երիտասարդներին ծանոթացնելու համար պատմության դարավոր հաղթանակներն ու մեր պատմական դեմքերին ու արժեքներին։ Գիրքը հրատարակվել է 2006 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից և վերահրատարակվել՝ 2017թ.-ին: Գիրքը ներկայացնում է հեղինակի արձակ բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները: «Թանձր մտքեր» խորագրի ներքո հեղինակը ներկայացրել է նաև իր թևավոր խոսքերն ու աֆորիզմները: Գրքի խմբագիրն է Հրաչյա Մաթևոսյանը, նկարիչը` Էդվարդ Սարիբեկյանը, շապիկի նկարի հեղինակը` Մեսրոպ Քամալյանը։ Այն նվիրվում է հեղինակի հրամանատարներին՝ Ազատագրական Բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին, «Արծիվ Մահապարտներ» գումարտակի «X» գաղտնի դասակի հրամանատար Ալեքսանդր Թամանյանին եւ այն բոլոր տղաներին, ում մահվամբ ու արյունով կերտվեց մեր երկրի անմահությունը։

 

Գարիկ Ավետիսյան, լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

http://vorotan.am/%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A8%E2%80%A4%D5%A3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%A3%D5%AB%D5%B6%D5%B8/

 

Input your search keywords and press Enter.