Թուրքիային՝ ռուսական Ս-400-ների տրամադրման հարցն այս շաբաթ կլուծվի

Անկարային Ս-400 օդային պաշտպանության համակարգերի տրամադրման շուրջ ընթացող ռուս-թուրքական բանակցություններն այս շաբաթ կավարտվեն, Անկարայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Էրդողանը զլմ-ներին ասել է, որ ռուս և թուրք պաշտոնյաները կհանդիպեն գործարքի կնքման համար:

Ռուսաստանի ղեկավարը նույնպես հաստատել է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են «ռազմական և տեխնիկական ավելի լայն համագործակցության հեռանկարները»:

Նշենք, որ Թուրքիան Ս-400 համակարգերը Ռուսաստանից կսկսի ստանալ 2019 թվականից:

Պուտինն ասել է, որ «բաց և կառուցողական խոսակցություն են ունեցել»՝ ավելացնելով, որ ուսումնասիրվել են առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հետ կապված հետագա քայլերն:

Երկու երկրների ղեկավարները լրագրողներին նաև հայտնել են, որ երկկողմ բանակցությունների ընթացքում տարածաշրջանային հարցերի շուրջ տեսակետներ են փոխանակել՝ շեշտելով, որ Մոսկվան և Անկարան «միևնույն դիրքորոշումն ունեն» Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Պուտինը և Էրդողանը հաստատել են իրենց դիրքորոշումները Իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Վաշինգտոնի դիրքորոշումը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք «չի օգնում կարգավորել Մերձավոր Արևելքի իրավիճակը»,- նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Դոնալդ Թրամփի այս քայլը խաթարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ լուծման ջանքերը, և ի չիք դարձնում, խաղաղ գործընթացի հասնելու բոլոր դրական ձեռքբերումները:

Երկարամյա հակամարտությունը կարող է լուծվել միայն «Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

 

 

Input your search keywords and press Enter.