Ծնողներից մեկի համաձայնությունը բավարար է ՀՀ քաղաքացի դառնալու համար

ԵՐԵՒԱՆ — 2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: Տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

«Կարևոր օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ովքեր 1995թ նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես բնակվել են ՀՀ-ից դուրս։

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:  Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե մինչև նշված ժամկետը (այսինքն՝ 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ:

Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:  Այսինքն՝ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո: Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից:

Իսկ «ՀՀ քաղաքացիության մասին»  ՀՀ օրենքի 11 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախկինում այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծննդյան պահին հանդիսանում էր ՀՀ քաղաքացի, իսկ երկրորդն այլ երկրի քաղաքացի, երեխան, անկախ  մեկ այլ պետության քաղաքացիության առկայությունից, իրավունք ուներ ստանալ ՀՀ քաղաքացիություն ծնողների գրավոր համաձայնությամբ։

Երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (այլ երկրի քաղաքացի, կամ ՀՀ քաղաքացի), լինելով այլ երկրում, տարիներով իր համաձայնությունը չի տալիս, կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներով մնում է անհայտ։ Այդ դեպքում երեխայի մի շարք իրավունքներ խախտվում են։

Փոփոխություններից մեկի համաձայն՝ ծնողներից մեկի համաձայնության բացակայության  դեպքում երեխան ստանում է ՀՀ քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և կա ծնողներից մեկի համաձայնությունը։ Այս դեպքում նշանակություն չունի, թե ծնողներից որն է դիմել։

Պետք է նկատի ունենալ, որ երեխան, ում ծնողները նրա ծննդյան պահին հադիսանում են ՀՀ քաղաքացի, անկախ ծննդավայրից, ստանում է ՀՀ քաղաքացիություն։

Այդ դեպքում երեխայի անձնագիր ստանալու համար երկրորդ ծնողի համաձայնությունը չի պահանջվում»,- հայտնում  է Բիչախչյանը։

Աղբյուր՝ Regnum.ru
Input your search keywords and press Enter.