«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը, որն անցկացվում է երկու տարին մեկ, 29-րդ անգամ տեղի կունենա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում:

Փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի իրականացմանն աջակցում է «Ռուսկի միր» հիմնադրամը: 

Փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականին դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ. կներկայացվեն դրամատիկ կատակերգական, մանկական ու տիկնիկային ներկայացումներ՝ այս կերպ թատերատոնին հաղորդելով առավել մեծ մասսայականություն:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, թատերախմբեր Թբիլիսիից և Եգիպտոսից: Ընդհանուր առմամբ 14 թատերախումբ կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ կխաղացվի շուրջ 28 ներկայացում: