Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ:

Դրանք խմելու ջրի պահեստավորման տարաներ են, որոնք այնքան անհրաժեշտ են Արցախի բնակիչներին`խմելու ջրի ընդհատումների ժամանակ: Հատուկ բեռը կփոխանցվի շփման գծի մոտ գտնվող հեռավոր շրջաններում տեղակայված դպրոցներին ու մանկապարտեզներին: Առաքումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի բեռնատարներով՝ ռազմական ճանապարհային ոստիկանության անձնակազմի ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում։

Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողները երկու շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 30 երթ՝ Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակչի ապահովելով ավելի քան 200 տոննա խմելու ջրով:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նախօրյակին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, Արցախի Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ջրհոր է բացվել, որը խմելու ջուր է տրամադրում մոտակա գյուղերի ավելի քան 2 հազար բնակչի: Ջրամատակարարումը վերականգնելու աշխատանքների բոլոր փուլերում ռուս խաղաղապահներն ապահովել են ջրամատակարարման գործընթացն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը:

Leave a Reply